Հայաստանի տնտեսությունը դեռեւս անմրցունակ է Բարդ հարեւաններով շրջապատված եւ մենաշնորհային տնտեսության պայմաններով սահմանափակված Հայաստանը ստիպված հույսը դնում է նոր տեխնոլոգիաների վրա:

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 1, 2011 20:25

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է բարելավել տնտեսության մրցունակությունը, սակայն փորձագետների կարծիքով`պետության ջանքերը մեծ հաջողություն չեն բերում`արմատավորված գործարար շահերի պատճառով:

Անցյալ տարի Համաշխարհային բանկի հրապարակած Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 6 նիշով բարելավել է իր դիրքերը`142 երկրների ցանկում զբաղեցնելով 92-րդ հորիզոնականը: Սակայն այս ցուցանիշով Հայաստանը դեռեւս զիջում է Ադրբեջանին (55-րդ հորիզոնական), Ռուսաստանին (66-րդ) եւ Վրաստանին (88-րդ):

Մանր եւ միջին ձեռնարկատերերն իրենց հերթին պնդում են, որ պարզապես չեն կարողանում գոյատեւել տնտեսության ոլորտում գործող մենաշնորհների պայմաններում:

Այսպես, Լեւոն Կարապետյանը սկսեց Բելառուսից կոսմետիկ միջոցներ ներկրել 2009-ին, սակայն մեկ տարի անց ստիպված եղավ թողնել այս բիզնեսը:

«Երկու տարի առաջ ընկերներիս հետ միասին որոշեցինք բիզնես սկսել`օրենքի բոլոր նորմերին համապատասխան, եւ մի քանի ամսվա ընթացքում մեր բիզնեսի ծավալներն այնքան մեծացան, որ մեր ներկրած արտադրանքը սկսեցին վաճառել ոչ միայն Երեւանում, այլեւ`Վանաձորում, Գյումրիում եւ Կապանում: Ամեն ինչ լավ էր ընթանում, մինչեւ մի օլիգարխ որոշեց վաճառել նույն ապրանքն ավելի ցածր`համարյա ինքնարժեքին մոտ գներով, այսինքն`գնի առումով այդ արտադրանքը ներկրելն այլեւս շահավետ չէր», – պատմում է Կարապետյանը:

Գործարարի խոսքերով`իրենք չդիմացան մրցակցությանը եւ մեկ տարվա ընթացքում ստիպված եղան հրաժարվել այս բիզնեսից:

«Նույնիսկ լավագույն կառավարման եւ օրենքին հետեւելու դեպքում, բիզնեսը կարող է հաջող լինել միայն այն դեպքում, եթե այն չի հետաքրքրում ավելի խոշոր ձեռնարկատերերին», – ասում է Կարապետյանը:

Արդար մրցակցության բացակայության խնդրի հետ Հայաստանում բախվում են բոլոր նրանք, ովքեր փորձում են գործարար դաշտ մուտք գործել:

Այս իրադրությունը սկսել է խիստ անհանգստացնել կառավարությանը, հատկապես այն բանից հետո, երբ «Forbes» ամսագրի վարկանշային ցուցակում Հայաստանն աշխարհի երկրորդ վատագույն տնտեսություն ունեցող երկիրը ճանաչվեց:

«Եթե մեզ հաջողվի մրցակցության արդար պայմաններ ապահովել, ապա պարզ է, որ երկրում ավելի բարձր տնտեսական աճ կգրանցվի», – հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքերով` 2010-11 թվականների ընթացքում կառավարությունը միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ է մշակել, որոնց շրջանակներում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հավելյալ լիազորություններ են տրամադրվում`շուկայի իրադրությունը նշանակալիորեն բարելավելու համար:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշում է, որ տնտեսության մի շարք բնագավառներում ընդամենը մի քանի տնտեսվարող սուբյեկտներ են գերակշիռ դիրք զբաղեցնում: Այսպես, սննդամթերքի շուկայի տարբեր հատվածները գտնվում են շուրջ 50 ընկերությունների ձեռքում:

Շաբոյանը նշում է, որ Հանձնաժողովը ներկայում ուսումնասիրում է մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների անազնիվ գնային քաղաքականությունը եւ հակամրցակցային մարտավարությունը: Ներկայում Հանձնաժողովն ուսումնասիրում է 13 ապրանքատեսակների, այդ թվում`սուրճի, հավկիթների, կարագի, ինչպես նաեւ շինանյութերի եւ պարարտանյութերի շուկան, որտեղ գնաճ է նկատվում:

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի`2011 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հանձնաժողովը 86 որոշում է կայացրել, որոնք 230 միլիոն դրամի չափով տուգանք էին նախատեսում. սա արդեն իսկ  6 անգամ գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները:

Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ Հանձնաժողովի գործունեությունն իրականում մեծ ազդեցություն չի ունենում:

«Հանձնաժողովը չի ուսումնասիրում, թե ինչպիսի մակարդակով է մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունը վերահսկում շուկան: Այս մարմնի գործունեությունն իրականում ձեւական բնույթ է կրում, այն նույնիսկ չի կիրառում իր լիազորությունների շրջանակներում նախատեսված տուգանքները: Խոշոր տնտեսվարող սուբյեկտների համար փորք տուգանքներ են սահմանվում կամ էլ ընդհանրապես տուգանքներ որպես այդպիսին չեն սահմանվում», – ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում կատարված եւ անցյալ տարվանից գործող փոփոխությունների եւ լրացումների համաձայն`Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հավելյալ իրավասություններ են տրամադրվել, ինչպես նաեւ խստացվել են տնտեսվարող սուբյեկտների դեմ կիրառվող մի շարք պատժամիջոցները եւ տուգանքները: Մասնավորապես, տուգանքների չափը ներկայում կազմում է 5 միլիոնից մինչեւ ավելի քան 200 միլիոն դրամ:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով`հակամրցակցային գործունեության դեմ պայքարելու համար Հանձնաժողովին ավելի լայն իրավասություններ են անհրաժեշտ:

«Այստեղ համակարգված միջոցառումներ են անհրաժեշտ, այդ թվում`տարբերակված հարկային քաղաքականության, որը թույլ կտա ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծել մանր եւ միջին բիզնեսի զարգացման համար», – ասում է նա:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանն ընդգծում է, որ երկրի տնտեսական աճի վրա վատ է անդրադառնում շրջափակումը, եւ նրա հետ կապված մեծ տրանսպորտային ծախսերը, որոնք իրենց հերթին ազդում են ապրանքի ինքնարժեքի վրա:

«Սա ազդում է աշխարհում հայկական արտադրանքի մրցունակության մակարդակի վրա: Արդյունքում`միջազգային շուկայում ներկայացվում են այն ապրանքները, որոնք կարող են մրցունակ լինել գնի եւ որակի առումով: Դրանք, մասնավորապես գյուղատնտեսական ապրանքներն են, ինչպես նաեւ հանքաարդյունաբերական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքները», – ասում է Քոչարյանը:

Հայաստանում ներկա պահին տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում են տնտեսության ամենամրցունակ ոլորտը, որտեղ շուրջ 10 000 մասնագետներ են աշխատում եւ մի քանի հարյուր ընկերություններ են գործում, որոնց արտադրանքի ընդհանուր տարեկան  ծավալը կազմում է մոտավորապես 200 միլիոն դոլար:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն առաջնային է համարվում Հայաստանում: Նշանակալի է, որ անգամ [վերջին] ճգնաժամի տարիներին այս ոլորտում կրկնակի աճ էր գրանցվում», – ասում է 2008-ին հայաստանյան եւ արտասահմանյան գործարար օղակների կողմից ստեղծված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող Վահան Դիլանյանը:

2012-ին կառավարությունը ծրագրում է միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մի շարք խոշոր նախագծեր իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում`«D-Link International» ծրագրային մշակումների ընկերության գրասենյակի բացումը Գյումրիում, Microsoft նորարարական կենտրոնի բացումը, ST Kinetics ընկերության տարածաշրջանային կենտրոնի, Nokia-ի տարածաշրջանային լաբորատորիայի բացումը եւ այլն:

Վարչապետը նշում է, որ սա թույլ կտա Հայաստանը դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային կենտրոն եւ տնտեսական աճ կապահովի:

Շատ փորձագետներ նույնպես այն կարծիքին են, որ Հայաստանի ամենամրցունակ «արտադրանքը» մտավոր ներուժն է:

«Եթե նախկինում մենք երկու մրցունակ ոլորտ ունեինք`էժան աշխատուժ եւ բարձրորակ մտավոր արտադրանք, ապա ներկայում աշխատավարձերը բարձրանում են, եւ աշխատուժն այլեւս այնքան էժան չէ, իսկ մտավոր ներուժը շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ», – ասում է Հայաստանում գործող կիսահաղորդիչների նախագծման, ստուգման եւ արտադրության համար ծրագրային միջոցների եւ մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի` «Synopsys Armenia»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Նաիրա Մելքումյան,

Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանմանինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

28-ը հոկտեմբերի, 2011թ.

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply