Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 1, 2011 20:15

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` վարչապետը վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Միլան Ցաբրնոխը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել պատվիրակության անդամներին:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հետաքրքրվել են տարածաշրջանային հարցերի, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև մեր երկրի ժողովրդավարացման գործընթացների, կառավարման խնդիրների և ներկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` վարչապետ Սարգսյանն ընդգծել է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն այդ ուղղությամբ: Խոսելով ԵՄ-Հայաստան համագործակցության մասին` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ԵՄ-Հայաստան Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքից և հավելել, որ սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած այցի շրջանակում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին է ներկայացվել 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած նոր բարեփոխումների օրակարգ: Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի գործունեությունը և նշել, որ այն լավ հնարավորություն է ստեղծում երկկողմ միջխորհրդարանական կապերի սերտացման և փորձի փոխանակման համար:
Հյուրերի խնդրանքով վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին: Մասնավորապես, արծարծվել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր:
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա նոյեմբերի 2-3-ը Երևանում: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

 

Դիտվել է 1487 անգամ:
Print Friendly

Leave a Reply