«Ժառանգություն»-ից հեռացված անդամները վարչության որոշումն անօրինական են համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2009 13:53

Մովսես Արիստակեսյան«Ժառանգություն»-ից հեռացված Մովսես Արիստակեսյանը կուսակցության վարչության որոշումը համարեց անօրինական և լրագրողներին էլ պատվիրեց իրեն ներկայացնել որպես կուսակցության վարչության փոխնահագահ:

«Անգամ դատարանում մեղադրյալին պաշտպանվելու հնարավորություն են տալիս ու առանց նրա ներկայության որոշում չեն կայացնում»,- ասաց նա և ավելացրեց,- մենք վարչության անդամ ընտրվել ենք համագումարի ընտրությամբ և միայն նրա որոշմամբ կարող ենք հեռացվել»:

Մովսես Արիստակեսյանը, Զոյա Թադևոսյանը, Վարդան Խաչատրյանը  հեռացվել են սեպտեմբերի 9-ին` վարչության որոշմամբ, որի նիստին ներկա չեն եղել: Երեկ հեռացվածներին թույլ չեն տվել մտնել գրասենյակ` վարչության որոշմանը ծանոթանալու համար:

Արիստակեսյանը ասաց, որ իրենց վարչության որոշման համաձայն վարչության նիստից առաջ առնվազն 3 անգամ իրենց պիտի հրավիրեին նիստի, և միայն չներկայանալու դեպքում առանց իրենց ներկայության նման որոշում կայացնելու իրավունք ունենային:

Արիստակեսյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում լքել կուսակցությունը, քանի որ «ժառանգության» մի շարք տարածքային կազմակերպություններ իրենց կողքին են: Նա կոչ արեց ՀՀ Արդարադատության նախարարությանը պահանջել վարչության արձանագրության բնօրինակը և ստուգել դրա համապատասխանությունը օրենքին:

Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորի մանդատից հրաժարվելուց հետո, ըստ ցուցակի նրա փոխարեն պատգամավոր կարող է դառնալ Արիստակեսյանը:

Արիստակեսյանը ասաց նաև, որ ինքը չի հրաժարվելու ԱԺ պատգամավորական մանդատից և «տեր է լինելու» ժողովրդի քվեին ու իրենց նախընտրական խոստմանը:

Իսկ երեկ «Ժառանգություն» կուսակցության  վարչության նորանշանակ նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ իրենք չեն կարող որևէ փոփոխություն մտցնել ԿԸՀ-ի կողմից հաստատված ցուցակում: «Այս դեպքում մանդատ վերցնելը զուտ բարոյականության հարց է»,- ասել էր նա:

Անդրադառնալով կուսակցությունից հեռացված անդամների հասցեին հնչող մեղադրանքներին` որոնցում նրանք մեղադրվում էին վարչության ընտրությունները կեղծելու մեջ, որի համար «մեղմ պատիժ» են ստացել, Արիստակեսյանն ասաց, որ «մեղմ պատիժ ստացած 6 անդամների մեջ կար նաև Արմեն Մարտիրոսյանի անունը»:

Նա հերքեց նաև նրա հեռացվածների հասցեին իր կուսակիցների մյուս մեղադրանքը, թե  ՀԱԿ-ի հետ  կապված են եղել: Ասաց, որ անհիմն են նաև այն մեղադրանքները, որ ՀԱԿ-ը իրեն Մալաթիա-Սեբաստիա համայքնի թաղապետի պաշտոնն է խոստացել, քանի որ այդ ընտրությունների շրջանում նա հանրապետությունում չի եղել: Նա ասել է նաև, որ դեմ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելուն, ի տարբերություն նրանց ովքեր իրեն այսօր հեռացնում են կուսակցությունից:

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply