Գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | November 1, 2011 15:36

2011 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մոտավորապես երկու Տու-154 ինքնաթիռի անձնակազմի չափ մարդ է զոհվել:

2011 թվականի անցած 10 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում պետական հաշվառման է վերցվել մահվան և մարմնական վնասվածքներ ստանալու ելքով 1866 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել են 249 և մարմնական վնասվածքներ են ստացել 2734 մարդ:Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ` ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը Հայաստանի Հանրապետությունում աճել է 254- ով, զոհերի թիվը` 24-ով և վիրավորների թիվը` 531-ով:

ՙԱյստեղ խոսքը պետական հաշվառման ենթակա պատահարների մասին է, այսինքն այն պատահարներն են, որոնց հետևանքով ունեցել ենք զոհ և վիրավոր:Խոսքն այն պատահարների թվի մասին չէ, որ առօրյայում տեսնում ենք, այն բազմաթիվ վնասները` նյութական վնասով պատահարները՚,- պարզաբանեց Ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է նյութական վնասով պատահարներին, ապա, ըստ վիճակագրական տվյալների, միայն 2011 թվականի անցած 10 ամիսների ընթացքում Երևան քաղաքում տեղի են ունեցել նյութական վնասով 5285 պատահար:Պատկերացնելու համար այս թիվը պետք է նշել, որ 2010 թվականին ամբողջ հանրապետությունում գրանցվել է նյութական վնասով ընդամենը 4000 պատահար:Իսկ միայն վերջին 10 ամիսների ընթացքում և միայն մայրաքաղաքում` 5285 պատահար:

ՙՏարբեր առիթներով ասել ենք, որ պատճառներից մեկը ԱՊՊԱ համակարգի ներդրումն է Հայաստանում:Ոչ թե ԱՊՊԱ-ի ներդրումով շատացան պատահարները, այլ ուղղակի արդեն տեղի ունեցող բոլոր պատահարների դեպքում վարորդները մնում են դեպքի վայրում, կանչում են ճանապարհային ոստիկան, կանչում են ԱՊՊԱ-ի գործակալ, և քանի որ վթարի ձևակերպման գործընթացը ահագին երկարել է, մոտավորապես 2-3 ժամ տևում է 1 վթարի ձևակերպման գործընթացը, արհեստականորեն ստացվում է, որ բազմաթիվ վթարներ միաժամանակ կարող եք տեսնել մայրաքաղաքի փողոցներում:Դա է պատճառը:Մենք չենք ասում, որ ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ վթարների քանակը աճել է:Ոչ թե դրա պատճառով աճել է, այլ ուղղակի պատկերն է փոխվել՚,- ասաց  Ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը:

Այստեղ խոսքը վերաբերում է հանգամանքին, որ նախկինում, երբ մեքենաների թեթև քերծվածքների, նույնիսկ մարմնական շատ թեթև վնասվածքներ ստանալու դեպքում մարդիկ դեպքի վայրը թողնում հեռանում էին և նույնիսկ ճանապարհային ոստիկանության տեսադաշտից էին անտես մնում, ապա ներկայումս, ամենաչնչին նյութական վնասի դեպքում անգամ, ոչ մի վարորդ չի հեռանում պատահարի վայրից` կանգնում և օգտվում է իր իրավունքներից:Այսինքն` ԱՊՊԱ համակարգի ներդրումը, ըստ Նորիկ Սարգսյանի, վթարների թվի աճին բերեց միայն բացարձակ թվերով:Պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարիներին:Ուղղակի այժմ ոչ մի պատահար դուրս չի մնում հաշվառումից:

Մարմնական վնասվածքներով պատահարների դեպքում Ոստիկանությունը մոտավորապես 10 տոկոս աճ է գրանցել` 2011 թվականի 10 աիսների արդյունքներով:Այս աճը ինչպես բնական, այնպես էլ արհեստական պատճառներ ունի:

ՙ”Բնական աճը պայմանավորում ենք Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների աճով, Իսկ արհեստականը` նորից ԱՊՊԱ համակարգի հետ կապված:Միայն 2011 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 20403 տրանսպորտային միջոց, որը գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա նույն ժամանակաաշրջանում ներմուծված տրանսպորտային միջոցների քանակից:Բնականաբար, տրանսպորտային հոսքերի ավելացումը կբերի նաև ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի աճին, ինչքան էլ որ մենք փորձում ենք պահպանել նույն վարչարարությունը, անել այն ամենն, ինչ արել ենք նախորդ տարիներին:Միշտ մենք կարողացել ենք տարին ամփոփել դրական ցուցանիշներով, վթարայնության հետ կապված, այս տարի պատկերը փոխվել է, երկու տարի շարունակ մենք  ունեինք պատահարների քանակի նվազում, իսկ այս տարի մոտավորապես 10 տոկոս աճ ունենք՚”,- նշեց գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Հետիոտնի կողմից կատարված խախտումների առումով վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2011 թվականի 9 ամիսների ընթացքում 8368 հետիոտնի նկատմամբ տուգանք է կիրառվել:Եվ վարչարարությունհը, և’ տարվող քարոզչական  աշխատանքը ինչ-որ չափով, դեռևս ցանկալի արդյունքների չեն հասցրել:2010 թվականին գրանցվել է 752 վրաերթ, որոնց հետևանքով զոհվել է 137 մարդ:

ՙ”Հետիոտնի վրաերթ տիպի պատահարը պետք է մեզ բոլորիս մտահոգի, քանի որ յուրաքանչյուր երկրորդ պատահար, այսինքն պատահարների գրեթե կեսը հետիոտնի վրաերթի տեսակի պատահար է, որը կարելի էր նաև չունենալ:Իսկ դրանք ուղիղ համեմատական են, կարելի է ասել, հետիոտնի կողմից թույլ տրված խախտումներին:Եթե հետիոտների կողմից մասսայական խախտումներ թույլ չտրվեն, այսքան հետիոտնի վրաերթ չենք ունենա, և եթե հասնենք ցանկալի արդյունքների, ես ինքս շատ կուզենայի, երբ վիճակագրությունն ամփոփեինք, տարվա մեջ 100-200 վրաերթ ունենայինք և ոչ թե 700-800:Պատկերացրեք, թե դա ինչ թիվ է` ասեմ, որ դա մեկ Տու-134 կամ Տու-154 ինքնաթիռի ամբողջ անձնակազմ է:Մեզ այսօրվա համար մտահոգիչ միակ հարցը մնացել է հետիոտնի կողմից թույլ տրվող խախտումերը՚”, – ասաց Նորիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ ճանապարհային ոստիկանությունը, իրականացվող վարչարարությամբ, կարողացել է ինչ որ չափով նվազեցնել վարորդների կողմից իրականացվող խախտումների քանակը:Իսկ այդ վարչարարության արդյունքում այս տարվա ընթացքում արդեն 570 հազար ճանապարհային երթևեկության կանոնների խախտում է արձանագրվել, համեմատական կարգով նշենք, որ 2006, 2007 թվականներին ամբողջ տարվա ընթացքում արձանագրվել է 120-150 հազար ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:Այսինքն միայն վերջին 10 ամիսների ընթաքցքում քառապատիկ շատ խախտումներ են արձանագրվել:Դա, ինչպես համոզված է Նորիկ Սարգսյանը, տվել է և դեռ էլի է տալու իր արդյունքները:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

 

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply