«Արմնյուզը» հավակնում է դառնալ «առաջինը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 1, 2011 12:36

Հյուրեր, տոնական տորթ, նոր ծրագրեր ու անելիքներ: Հոկտեմբերի 31-ի երեկոյան տեղի ունեցավ «Արմնյուզ» հեռուստաընկերության գործունեության 10-ամյակի ու նոր եթերաշրջանի շքեղ շնորհանդեսը: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց հեռուստաալիքի ռազմավարությունն ու ռեբրենդինգը, հիմնական հաղորդացանցը, լրագրողական էթիկայի ու մասնագիտական ուղենիշների այն սկզբունքները, որոնցով նախատեսվում է իրականացնել լրատվամիջոցի գործունեությունը: Պատասխանատուները նպատակ ունեն «Արմնյուզը» դարձնել համահայկական լրատվական առաջին ալիք:

Հեռուստաընկերության նոր ծրագրերի, ինչպես նաև հայաստանյան լրատվական դաշտի վերաբերյալ իրենց տեսակետներն «Անկախին» հայտնեցին շնորհանդեսի հյուրերը. «Երբ կա լավ թիմ ու ձգտում, իսկ քաղաքական դաշտում` մրցակցություն, ապա դա լավ պոտենցիալ է մեկ քայլ առաջ տանելու լրագրության այն չափանիշները, որոնք կան Հայաստանում»,-ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ու քաղաքական ծրագրերի գլխավոր տնօրեն Պետրոս Ղազարյանը:

Նրա կարծիքով, լրագրության համար անհրաժեշտ է ազատություն, պրոֆեսիոնալիզմ և էթիկայի նորմեր, սակայն ցավալի է արձանագրել, որ Հայաստանում քաղաքականության ազդեցությունը շատ մեծ է լրատվության վրա` բացասական առումով. «Հույս ունեմ, որ «Արմնյուզի» թիմին չեն խանգարի աշխատել հենց այդ չափանիշներով»,-ասաց նա:

Դաշնակցական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը ևս նկատեց, որ Հայաստանում լրատվությունը քաղաքականացված ու կողմնակալ է` հույս հայտնելով, որ շորհիվ նոր հեռուստաալիքի, դաշտում վերափոխումներ կլինեն:

«Ճիշտ է, Հայաստանում գործում է «Ով վճարում է, նա էլ պատվիրում է» սկզբունքը, բայց դա չի նշանակում, որ անկողմնակալ լրատվություն լինել չի կարող,-հավելեց դաշնակցական Հրայր Կարապետյանը` համոզմունք հայտնելով, թե դա կլինի միայն այն դեպքում, երբ լրատվամիջոցը լինի հնարավորինս անկախ,-համենայնդեպս, Հայաստանում վաղուց է հասունացել նման հեռուստաալիք ունենալու հրամայականը»:

Հեռուստաընկերության լուրերի խմբագիր Գնել Նալբանդյանն էլ վստահ է, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել այն բոլոր ծրագրերը, որ նախատեսել է «Արմնյուզի» թիմը. «Ես չգիտեմ` մենք կկարողանա՞նք անել, թե ոչ, բայց դա հնարավոր է,-ասաց նա,-ինչ որ մեկը պիտի փորձի՞ անել: Մենք փորձում ենք և ուզում ենք ինքներս մեզ ու մեր կողքին ապրող մարդկանց ապացուցել, որ հնարավոր է ապահովել անկողմնակալ, չհեգնող, չծաղրող, ճշտված, գրագետ հայերեն խոսքով և հասարակության համար օգտակար ու ժամանակին տեղ հասցված լրատվություն, այսինքն` պատասխանել ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ հարցերին»:

«Անկախը» հաջողություն է մաղթում «Արմնյուզին»` հույս ունենալով, որ հեռուստաալիքը կիրականացնի իր առջև դրված բոլոր նպատակները, միաժամանակ հայտնում, որ պատրաստ է համագործակցել:

 

 

 

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply