ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հարցազրույցը Առավոտ օրաթերթին

Հարցազրույց | | November 1, 2011 10:28


-Ձեր արձակուրդի ընթացքում մի շարք զարգացումներ եղան, որոնք տարբեր մեկնաբանություններ ստացան լրատվական դաշտում, արդեն խոսվում էր բանակի երկփեղկվածության և փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Վլադիմիր Գասպարյանի հակադրության մասին: Իրականում ինչպիսի±ն է այսօր վիճակը բանակի կառավարման օղակում:

Իմ երկշաբաթյա արձակուրդի ընթացքում դժբախտաբար զինված ուժերում տեղի ունեցան մի քանի արտակարգ պատահարներ, որոնք հասարակական դժգոհություն արթնացրեցին: Եղան նաև բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչներին ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ժամանակ նա կարևորել է բանակի խնդիրները միասնական ջանքերով լուծելուն ուղղված հասարակական առողջ նախաձեռնությունները, անդրադարձել նաև հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերին` բարձր գնահատելով այն ծրագրերը, որոնք ուղղված են փորձագիտական ուսումնասիրություններով բանակաշինությանն աջակցելուն: Եթե կան անձինք, ովքեր իրենց դրամաշնորհներով բանակի դեմ հակաօրինական գործողություններ են իրականացնելում, բնականաբար դրանք ոչ առողջ նախաձեռնություններ են ու չեն կարող հանդուրժելի լինել բանակի ղեկավարության կողմից: Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հեռուստատեսային հայտարարություններին, ապա պետք է նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանը, լինելով իրավական դաշտը համակարգող փոխնախարար, բնական է, որ իր ելույթներում խոսել է ոչ օրինական գործողությունների հնարավոր հետևանքների մասին: Այս պարագայում փոխնախարարների գործողություններում հակասություններ տեսնելը սուբյեկտիվ ընկալման արդյունք է, իսկ բանակի ղեկավարության մեջ պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են: Պաշտպանության նախարարի տեղականերից մեկին պաշտպանելու, իսկ մյուսին չպաշտպանելու վերաբերյալ որոշ մարդկանց հայտարարությունները լուրջ չեմ համարում, քանի որ տարօրինակ է, թե ո±վ ու±մ ու±մից է պաշտպանում:

Այդ նույն խոսակցությունները հաճախ շրջանառվում են նաև պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի շուրջ, սակայն մենք սերտ համագործակցելով աշխատում ենք: Այստեղ անձերի բնավորությունների տարբերությունների մեջ աշխատանքային հակասություններ փնտրելը արդարացված չէ: Բանակում չկա երկփեղկվածություն. գործում է ուղղահայաց հրամանատարական շղթա, որի բոլոր օղակները գիտակցում և կատարում են իրենց գործառույթները: Բանակի ղեկավար կազմի մեջ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մարդկային բարձր հատկանիշների գերակայության հիման վրա:

 

-Հասկանալի պատճառներով հասարակությունը բավական զգայուն է բանակին առնչվող հարցերի շուրջ, բնականաբար, առավել պահանջկոտ է դարձել և պաշտպանական գերատեսչությունից ակնկալում է թափանցիկություն:

Շատ բնական է հասարակության զգայուն արձագանքը բանակի խնդիրների նկատմամբ: Ես չէի ցանկանա բանակը առանձնացնել հասարակությունից: Բանակը և հասարակությունը օրգանական կապի մեջ են: Բանակում արտակարգ պատահարների դեպքում բնական է հասարակության դժգոհությունը և մտահոգությունը: Պատկերացնու±մ եք, եթե արտակարգ պատահարների դեպքում լիներ հասարակական անտարբերություն… Դա կլիներ իրական մտահոգության առիթ: Կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, որ պաշտպանական բարեփոխումների արդյունքում բանակը վերջին տարիներին շատ բաց է դարձել հասարակության առաջ: Մենք փորձում ենք առավել ընկալելի ու թափանցիկ դառնալ մեր ժողովրդի համար` պահպանելով զինված ուժերում գործող գաղտնիության ռեժիմը: Բանակի հանդեպ հանրության վստահության բարձրացմանն են ուղղված մի շարք քայլեր` բանակի խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցության ծրագրեր, որոնց շրջանակներում տարվա ընթացքում նրանց կողմից վերահսկվում է, մասնավորապես, զորակոչի կազմակերպման, զորակոչիկների բուժզննման ընթացքը, մշտական ուշադրության են արժանանում զինծառայողների սննդի և կեցության, բանակում մարդու իրավունքների ապահովմանը վերաբերող հարցերը: ՀՀ զինված ուժերի նկատմամբ գործում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմներ, որոնք աստիճանաբար կատարելագործվում են` հանդիսանալով պաշտպանական բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը: Միաժամանակ, համոզված եմ, որ յուրաքանչյուր ողջախոհ քաղաքացի հասկանում է, որ զինված ուժերի թափանցիկությունը հստակ սահմաններ ունի: Կարծում եմ` երկրի պաշտպանությամբ մտահոգ որևէ մեկը չի ցանկանա, որ պաշտպանական գերատեսչությունը հակառակորդի կողմից տեսանելի լինելու աստիճան թափանցիկ լինի: 21-րդ դարում տեղեկատվությունը դուրս է եկել ազգային սահմաններից, և համացանցում հայտնված յուրաքանչյուր տեղեկություն կարող է դառնալ նաև մեր հակառակորդի սեփականությունը: Գոյություն ունեն վերլուծության տարրական մեթոդներ, որոնք համապատասխան տեղեկությունների միջոցով բանակի տարբեր ոլորտների վերաբերյալ հավաստի եզրահանգումներ կատարելու հնարավորություններ են տալիս: Այստեղ հասարակական շահը պահանջում է, որ լինենք զգուշավոր: Մեծ հաշվով, նախընտրելի է պաշտպանության նախարարությունից մեծ ծավալի տեղեկատվություն պահանջող մի քանի մարդկանց դժգոհությունը, քան պետության անվտանգության շահի վտանգումը:

 

-Պաշտպանության նախարարությունը բանակի խնդիրները շահարկելու հարցում հաճախ մեղադրում է հասարակության որոշ խմբերի: Որտե±ղ է քննադատության ու շահարկման սահմանը:

Գիտեք, երբ բողոքում են զոհված զինծառայողների հարազատները, մենք զինաթափվում ենք, կիսում նրանց վիշտը և փորձում սատարել նրանց: Երբ բանակին քննադատում է բանակաշինությանը ինչ-որ չափ ավանդ բերած մարդ, ուշադիր լսում ենք նրան և փորձում շտկել բացթողումները: Երբ մեզ քննադատում է բանակից շատ հեռու, բայց սրտացավ քաղաքացի, փորձում ենք հասկանալ նրան` գնահատելով նրա քաղաքացիական բարձր կեցվածքը: Սակայն մեզ համար դժվար է հասկանալ նրանց, ովքեր բանակին քննադատելը դարձրել են առօրյա զբաղմունք և ինքնահաստատվելու կամ ֆինանսավորվելու միջոց: Ու ցավալին այն է, որ այս վերջին խմբին պատկանող քննադատները թեև շատ սակավաթիվ են, սակայն աղմկում են չափազանց բարձր և փորձում հասարակական ոչ առողջ տրամադրություններ ձևավորել: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք առաջնորդվում են ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով: Եթե մարդկայնորեն կարելի է փորձել աչք փակել նրանց աշխատանք-զբաղմունքի առաջ, ապա, որպես բանակի մարտունակության համար պատասխանատու պաշտոնյա, ես իրավունք չունեմ անտարբեր մնալ այն զարգացումների նկատմամբ, որոնք կարող են վտանգել բանակ-հասարակություն փոխվստահության մթնոլորտը: Դա ազգային անվտանգության հարց է, և բոլոր նրանք, ովքեր կեղծ տեղեկություններ տարածելով կփորձեն քայքայիչ միջամտություն ունենալ  բանակ-հասարակություն օրգանական կապում, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի:

Չգիտես ինչու, բանակը ամեն օր տեղի-անտեղի փնովողները երբևէ չեն հիշում բանակի հաջողությունները: Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել ու այսօր հանդիսանում է մեր պետության անվտանգության գլխավոր երաշխավորը: Չնայած հակառակորդի քանակական ցուցանիշներին` բանակը իր մարտական խնդիրները գերազանց է կատարում ու ամեն օր մեր ժողովրդին խաղաղություն պարգևում: Մեր բանակի անցած փառավոր ճանապարհը ներկված է հազարավոր հայորդիների արյունով, բանակում այսօր ծառայում են նաև այդ նահատակված տղաների մարտական ընկերները: Մեր բանակը նաև իրենք են: Ու վիրավորական է, երբ մերթընդմերթ հնչում են կարծիքներ, թե պետք է պատերազմով անցած զինվորականներին հեռացնել բանակից: Պատերազմի մասնակից այն զինվորականները, ովքեր տարբեր պատճառներով չեն հաստատվել կանոնավոր բանակում, ժամանակի ընթացքում դուրս են եկել զինված ուժերից: Սակայն որոշները այսօր շարունակում են ծառայությունը և նրանցից շատերը ավելի օրինակելի սպաներ են, քան զինվորական կրթություն ստացած շատ սպաներ:

Դժբախտաբար մեր հասարակության մեջ կան մի խումբ մարդիկ, ովքեր անընդհատ փորձում են բանակը նույնականացնել հանցագործության մեջ մեղադրվող առանձին զինծառայողների կամ արատավոր երևույթների հետ: Ու չգիտես ինչու, այդ մարդիկ մոռանում են, որ այդ արատավոր երևույթների մի մասը գալիս է բանակ զորակոչված երիտասարդի դաստիարակության, կրթության ու ընդհանրապես մշակութային բացից, որի պատասխանատվության իրենց չափաբաժինը փորձում են վերագրել բանակին: Բանակի խնդիրները շահարկող անձի՛նք, բանակի ղեկավարության պարտքն է զինվորին սովորեցնել մարտական արվեստ, իսկ, օրինակ, ձեր պարտքն է, որ բանակ զորակոչվելուց առաջ նա, ի թիվս բազում այլ պարտադիր կենցաղային նորմերի, իմանա, թե որտեղ կարելի է զուգարանային կարիքները հոգալ և որտեղ ոչ: Եվ եթե կենցաղային նման հողի վրա բռնկված վեճը դժբախտ պատահարի է վերածվում, եկե՛ք յուրաքանչյուրս ստանձնենք պատասխանատվության մեր չափաբաժինը:

Հաճախ բանակի ղեկավարությանը սրտացավության դասեր են տալիս մարդիկ, ովքեր հայկական բանակի հետ որևէ առնչություն չեն ունեցել: Բանակի խնդիրները շահարկող անձի՛նք, դուք մեզանից ավելի սրտացավ չեք զինվորի համար: Զինվորի կյանքի համար դողում են ինչպես նրա հարազատները, այնպես էլ բանակի ղեկավարությունը: Յուրաքանչյուր արտակարգ պատահարից հետո տուժում է ոչ միայն զինծառայողի ընտանիքը, այլև ամբողջ բանակը: Չգիտեմ, ինչու± է ոմանց թվում, թե բանակում ղեկավարները մտածում են` ինչպես անել, որ կատարված հանցագործությունը և հանցագործներին թաքցնեն: Հավատացա՛ծ եղեք, հանցագործություն կատարած անձը մեր պայմանական թշնամին է, քանի որ, ի տարբերություն մեր հակառակորդի, նա մեզ թիկունքից է հարվածում: Բանակի ղեկավարությունը ամենաշահագրգռվածն է, որպեսզի իրական հանցագործները խստորեն պատժվեն: Եվ եթե որևէ տուժողի հարազատներ դժգոհություն ունեն նախաքննության ընթացքի կապակցությամբ, պաշտպանության նախարարությունը պատրաստ է վճարել և վճարում է նրանց կողմից ընտրված փաստաբանների համար, որպեսզի միացյալ ջանքերով հասնենք հանցագործության լիարժեք բացահայտմանը: Ցավոք, լինում են դեպքեր, երբ ինչ-որ մարդիկ փորձում են մշտապես շիկացած պահել մթնոլորտը և տուժողի հարազատներին հաղորդում են հաճախ իրարամերժ տեղեկություններ: Այդ գործողությունները ևս իրավական դաշտում իրենց գնահատականը պետք է ստանան: Անթույլատրելի է բանակում արձանագրված միջադեպերի շահարկումը և հանրության հույզերը անձնական, խմբային կամ քաղաքական նպատակների համար օգտագործելը:

Եթե նախկինում խուսափում էի ասել, ապա հիմա թերևս հարկ է մեր ժողովրդին տեղեկացնել, որ նրանք, ովքեր տարբեր դրամաշնորհների ազդեցության տակ այսօր կուրծք են ծեծում բանակի համար, հայրենասիրության դրսևորման բացառիկ հնարավորություն ունեին արցախյան պատերազմի ժամանակ, սակայն, չգիտես ինչու, մենք այդ մարդկանց չենք տեսել մարտի դաշտում:

 

Այնուամենայնիվ, արտակարգ պատահարներ լինում են, դրանց կանխարգելման ինչպիսի± միջոցառումներ են ձեռնարկվում այսօր բանակում:

Պատասխան – Զինված ուժերում գրանցվող արտակարգ պատահարների զգալի մասը միջանձնային հարաբերությունների դաշտում է և արձանագրվում է կանոնադրական հարաբերությունների խախտմամբ: Հասարակությունը իրազեկվում է միայն արտակարգ պատահարների մասին, իսկ կանխարգելված շատ դեպքերի մասին չի տեղեկանում, քանի որ դա զինված ուժերի հրամանատարների և իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքն ու պարտականությունն է: Իրականում տեղի ունեցող միջադեպերի մեծ մասը բնույթով արագ զարգացող իրավիճակային հանցագործություններ են, որոնք հաճախ ծագում են փոքր մանրուքից: Անկախ տեղի ունեցող արտակարգ պատահարը ծնող պատճառներից` բանակի ղեկավարությունը չի նվազեցնում իր պատասխանատվության չափը, ձեռնարկում է բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումները` զինծառայողների մահվան, վիրավորման կամ խեղման դեպքերը կանխելու նպատակով և հետևողական է, որպեսզի բացառվի անպատժելիության մթնոլորտը: Կարծում եմ` հանցագործությունների կանխարգելման թերևս լավագույն ձևը հանցագործություն կատարած անձանց օրենքի ողջ խստությամբ պատժելն է: Ի դեպ, հաճախ հնչող այն հարցադրումները, թե ինչու յուրաքանչյուր միջադեպից հետո զորամասի հրամանատարական կազմը չի պատժվում, հիմնավոր չեն: Այն սպաները, ովքեր անցնում են քրեական գործով, քրեական պատասխանատվության են ենթարկվում, իսկ ովքեր կատարված հանցագործությանը մասնակից չեն և մեղավոր են միայն ծառայողական պարտականությունների կատարման թերացմամբ, ենթարկվում են կարգապահական տույժերի: Պաշտպանության նախարարի պաշտոնում իմ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում ավելի քան 30 բարձրաստիճան զինվորականներ /վարչության պետեր, գնդի, բրիգադի հրամանատարներ/ կարգապահական տարբեր պատճառներով արձակվել են պահեստազոր կամ նշանակվել են ավելի ցածր պաշտոնների: Սա մեր ամենօրյա աշխատանքն է, և եթե ամեն անգամ ի լուր աշխարհի այդ մասին չենք հայտարարում, դա չի նշանակում թե բարձրաստիճան զինվորականները պատիժներից զերծ են մնում: Իսկ եթե կոնկրետ այս կամ այն սպան չի անցնում քրեական գործով, անթույլատրելի է անմեղ մարդուն դատապարտելը, ինչքան էլ առանձին մարդիկ պահանջեն ազատազրկման դատապարտել: Ի դեպ, սա ևս պետք է լինի իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում:

Բանակում գոյություն ունեցող խնդիրները մենք լավ գիտենք ու ամեն օր աշխատում ենք դրանց լուծման ուղղությամբ: Որպեսզի ոչ կանոնադրական հարաբերությունները բացառվեն, անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, որոնց անբաժանելի մասն են կազմում սպաների կրթության մակարդակի բարձրացումը, զինվորի իրավագիտակցության բարձրացումը և հասարակությունից բանակ ոչ առողջ բարքերի ներթափանցման արգելումը: Սպաների կրթության և զինվորի իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ մենք բարեփոխումներ ու մեթոդական ամենօրյա աշխատանքներ ենք իրականացնում, արդյունավետ գործում են նաև օրինախախտումների մասին ահազանգման մեխանիզմները: Իսկ հասարակությունից բանակ անառողջ գաղափարներ թափանցելը կանխելը պահանջում է, որպեսզի հասարակական մյուս ինստիտուտները նույնպես` ընտանիք, դպրոց, համալսարան և այլն, երիտասարդի արժեքային համակարգի ձևավորման հարցում իրենց գործառույթները պատշաճ կատարեն:

Կանխարգելիչ միջոցառումների արդյունքում մենք ընթացիկ տարում ունենք արտակարգ պատահարների վիճակագրության նվազում, այդ մասին տարեվերջին կիրազեկենք հանրությանը: Սակայն մյուս կողմից առկա է բանակային միջադեպերի հնչեղության ավելացում, որը պայմանավորված է տեղեկատվական միջոցների զարգացմամբ ու ընդլայնմամբ:

 

Շարունակությունը` Առավոտ օրաթերթի վաղվա համարում:

 

 

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply