Անվտանգության ոչ մնայուն երաշխավորները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 31, 2011 19:08

Ազրբեջանի 129 քվեներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մնայուն անդամ ընտրվիլը քանի մը կարևոր դիտարկումներու դուռ կը բանա:
Նախ անմիջապես պետք է նշել, որ Ազրբեջանը երկար ատենե ի վեր հետևողական աշխատանք կը տանի արցախյան հակամարտության թղթածրարի քննարկումը ՄԱԿ տեղափոխելու: ՄԱԿ-ի ցարդ քվեարկած 4 բանաձևերը, որոշ հավասարակշռություն պահած ըլլալով հանդերձ, հիմնական նախաձեռնությունը եղած են ՄԱԿ-ի մոտ Ազրբեջանի ներկայացուցիչներուն:
Հիմնախնդիրը ՄԱԿ տեղափոխելու ազրբեջանական նկրտումներուն շարժառիթները պարզ են: Այնտեղ անդամ են մեծ թվով իսլամական երկրներ, որոնց մասնակցությամբ գումարվող վեհաժողովներուն պաշտոնական Բաքուն կը ներկայացնե Ղարաբաղի հարցը` կրոնական բնույթի շեշտադրումներով և ամենեն հակահայ բանաձևերու նախագծերով: Իսլամական երկրներու դիրքորոշումը պարզապես կը ծառայեցվի ՄԱԿ-ի համագումարներուն նույն այդ երկրներու կողմնորոշման ազրբեջանական աշխատանքներուն: Այստեղ անշուշտ հստակ է նախ Անկարայի և ապա այդ ճամփով ընդհանրապես թրքախոս-թրքալեզու երկրներու կանխորոշումի գործոնը: Այս արդեն երկրորդ կարևոր միջավայրն է ՄԱԿ-ի հետագա որոշումները ամրակայելու:
Ըսինք արդեն, որ ՄԱԿ-ը 4 բանաձև քվեարկած է  Ղարաբաղի հարցով: Պետք է ավելցնել, որ այդ բանաձևերը պարտադիր հանգամանք չունին, առ այդ` ՄԱԿ-ի միջամտությունը ղարաբաղյան խնդրին չեն ապահովեր: Ավելի՛ն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հստակ դարձուցած է, որ միջազգային ընտանիքը համաձայնած է արդեն հարցի խաղաղ կարգավորման համար իբրև միջնորդական առաքելության ձևաչափ ճշտել ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, հետևաբար ՄԱԿ-են գործնական լուծումներ և միջամտություններ ակնկալելը ճիշտ չի նկատվիր իրավականորեն:
Այս չի նշանակեր, սակայն, որ հիմնախնդիրը ՄԱԿ տեղափոխելու աշխատանքները բոլորովին ապարդյուն են: Անկախ միջազգային ընտանիքի և միջազգային հանրության կողմնորոշման նպաստելեն, անոնք արդեն պաշտոնական կեցվածքներու ճշտումներ են: Առնվազն քվեարկության մասնակից երկրները կը զգուշանան հաչս միջազգային ընտանիքին կատարած իրենց պաշտոնական դիրքորոշումեն տարբեր կեցվածքներ ճշտելու այլապես և այլ առիթներու:
Հստակ է, որ հայկական դիվանագիտությունը չէ հաջողած առավելներ արձանագրել այս հարցին մեջ: Իսկ ասիկա միայն ներկայի հարց չէ: 4 բանաձևերը որոշ ժամանակ կ՛ենթադրեն և այդ մեկը հարկ է նկատի ունենալ հայկական դիվանագիտության ընդհանուր աշխատանքներուն մասին գնահատական տալու պահուն: Խնդիրը նախ և առաջ կրոնական և ցեղային պատկանելություններու շահարկումով կացություն ստեղծելն է, որ կը հաջողի կիրարկել Բաքուն:
Հայկական դիվանագիտության նախաձեռնողականության բացակայությունը զգալի է համենայն դեպս: Երեք ընտրութենե ետք էր միայն, որ Ազրբեջան հավաքեց քվեներու ներկա պատկերը: Մինչ այդ Երևանը պարտ էր ներկայացնել իր թեկնածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  ոչ մնայուն   անդամակցության: Այս մեկը կը նպաստեր, որ տարբեր երկրներ չէզոք մնալու նախանձախնդրութենեն և սկզբունքեն մեկնած հակամարտող որևէ երկրի հօգուտ չդիրքորոշվեին: Այսպիսով բարոյական այդ պարտքեն բոլորովին ազատ` անոնք քվեարկեցին ի նպաստ Ազրբեջանի անդամակցության: Նույնիսկ թեկնածու Սլովենիան այդ քայլին դիմեց երրորդ քվեարկության ընթացքին:
Ճիշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մնայուն անդամ երկրներու կշիռը հիմնական նշանակություն չունի: Այսուհանդերձ Բաքուն կրցած է հարվածել իր կողմե ընտրված թիրախը: Մեր գիտակցված կրավորականությունը` Ազրբեջանի դիմաց նկատառելի պակաս քվե հավաքելով չհեղինակազրկվելու, իր արդյունքը չէ տված: Նվազ քվեներու պատկերը կրնար նաև ձախողեցնել առավել քվեներ ստացած Ազրբեջանի ընտրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիմա կատարված իրողություն է: Մեր դիվանագիտությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ մնայուն և ոչ ժամանակավոր անդամներուն մոտ աշխուժորեն պետք է աշխատի` հիշեցնելու համար, որ անվտանգության նման կառույցներու մեջ ներգրավվող երկիրը պետք է միջազգային ընտանիքի այլ անդամներու և համապատասխան օրինաչափություններու հարգումով նույնքան նախանձախնդիր ըլլա խաղաղության պահպանման, նույնքան խիստ ռազմատենչ հռետորաբանություն կիրարկողներուն և նույնքան դատապարտող համաձայնեցված հրադադարները խախտողներուն նկատմամբ:

 

Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

 

 

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply