Օմբուդսմենը վերաբացում է իր արագ արձագանքման ծառայությունը. 116 թեժ գիծը գործելու է նոյեմբերի 1-ից

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 31, 2011 15:02

Մարդու իրավունքների պաշտպանը, համագործակցելով 9 հասարակական կազմակերպությունների հետ, վերաբացում է իր արագ արձագանքման ծառայությունը:

ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արագ արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու եւ շուրջօրյա հերթապահությունն իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ, նոյեմբերի 1-ից գործարկվելու է շուրջօրյա օպերատիվ 116 եռանիշ հեռախոսահամար (թեժ գիծ): Աշխատակազմի կողմից սպասարկվող թեժ գիծը գործելու է նաեւ ոչ աշխատանքային՝ տոնական ու հիշատակի եւ հանգստյան օրերին: Ընդ որում, թեժ գծի բոլոր մուտքային զանգերը անվճար են հանրապետության բոլոր մարզերից:

Արագ արձագանքումն իրականացվում է այն բոլոր դեպքերում, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից (ոստիկանություն, դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն), այնտեղ ենթարկվել դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, կամ առկա է այդպիսի վերաբերմունքի արժանանալու սպառնալիք, վարույթն իրականացնող մարմնի (հետաքննություն եւ նախաքննություն) կողմից չեն բավարարվում անձի օրինական միջնորդությունները` մասնավորապես պաշտպան ունենալու, թարգմանիչ ունենալու, դատաբժշկական ուղեգիր տրամադրելու, առաջին բուժ. օգնություն տրամադրելու վերաբերյալ, քրեակատարողական հիմնարկներում կալանավորը, կամ դատապարտյալը ենթարկվել են դաժան, անմարդկային վերաբերմունքի /ծեծ, խոշտանգում եւ այլն/, զորամասում տեղի է ունեցել, կամ շարունակվում է տեղի ունենալ խոշտանգում, զինվորական ծառայության են զորակոչում անձի, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, ԴԱՀԿ ծառայությունը կատարողական գործողություններն իրականացնում է անօրինական եղանակով եւ այլն:

Նշված դեպքերում արագ արձագանքում իրականացվում է հետեւյալ եղանակներով. անհրաժեշտ իրավական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտության դեպքում համապատասխան վայրի /հաստատություն/ այցելություն, իսկ առանձին դեպքերում տեղեկատվության փոխանցում պատկան մարմնին կամ տեղեկատվության ճշգրտում:

Արագ արձագանքման ծառայությունը իրականացվելու է Մարդու իրավունքների պաշտպանի եւ հասարակական կազմակերպությունների մարդկային, տեխնիկական եւ նյութական ռեսուրսներով:

 

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply