Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 31, 2011 14:14

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Կապինոսին` պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ գործունեության և փոխգործակցության համար:  Հանրապետության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացրած ծրագրերը, որոնք, նրա խոսքով, էական աջակցություն են ՀՀ կառավարության ծրագրերին և նպաստում են երկրում բարեփոխումների ընթացքին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահին` Հայաստանում իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և պետական կառավարման համակարգի, բնապահպանության, կրթության, ոստիկանության, պաշտպանության ու մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրականացման և բարեփոխումների առաջմղման գործում քաղաքական կամքի դրսևորման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սերգեյ Կապինոսին պար­գևատրել է Մխիթար Գոշի մեդալով՝ Հայաստանում ԵԱՀԿ սկզբունքների և արժեքների տարածման և ամրապնդման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:

 

 

 

 

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply