ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանում է քաղաքական կոալիցիայի շուրջ շրջանառվող խոսակցությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 31, 2011 12:08

ԲՀԿ նախագահ Գագիկ ԾառուկյանըNEWS.am-ին մեկնաբանում է քաղաքական կոալիցիայի շուրջ տարածված ասեկոսեները:

Պարոն Ծառուկյան, նախընտրական տրամադրությունները կամաց-կամաց սկսում են ավելի զգալի դառնալ մեր երկրում. Կարո՞ղ եք նշել գալիք խորհրդարանական ընտրությունների համար «Բարգավաճ Հայաստանի» նպատակադրումը, հավակնությունները:

Մեր նպատակադրումը կամ, ինչպես Դուք եք ասում, մեր հավակնությունները շատ տրամաբանական են ու կանխատեսելի. առնվազն պահպանել «Բարգավաճ Հայաստանի» այսօրվա ներկայացվածության աստիճանը խորհրդարանում եւ փորձել հասնել ավելիին: Մենք մեր երկրի հզորացմանն ու մեր ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր ունենք, որ պետք է կյանքի կոչենք` այդ թվում նաեւ օգտագործելով խորհրդարանական ամբիոնը:

Այդ դեպքում, ինչպե՞ս եք տեսնում Հանրապետական կուսակցության հնարավորությունները գալիք ընտրություններում:

Կրկին, շատ տրամաբանական է, որ Հանրապետական կուսակցությունն էլ աշխատելու է պահպանել այսօրվա ներկայացվածության մակարդակն ու հասնել ավելիին: Եվ ընդհանրապես, մենք մեր միասնական նպատակները հայտարարել ենք դեռ ամիսներ առաջ` փետրվարին ստորագրված հուշագրով` նախանշելով, որ մեր ակտիվ քայլերով մեծացնելու ենք իշխող կոալիցիայի դերակատարությունը մեր երկրում ու խորհրդարանական ընտրությունների արդյունքում հասնելու ենք Հայաստանի Ազգային ժողովում մեր կուսակցությունների ներկայացվածության աճին:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի շուրջ ստեղծված այս ամբողջ աժիոտաժը, որը մենք տեսնում ենք:

Այ այդ հարցն ինձ կամ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի իմ գործընկերներին չէ, որ պետք է ուղղեք: Առանձին լրատվամիջոցներ, թերեւս նաեւ ձուկ որսալու ակնկալիք ունեցող ջուր պղտորողներ «որոշեցին», որ ինչ-որ խնդիր կա, հորինեցին ինչ-որ նոր հուշագրերի պատմություններ, իրենք ասեցին, իրենք հավատացին, չեմ բացառում նաեւ, որ հավատացրին նաեւ որոշ թվով մարդկանց:  Իշխող քաղաքական ուժերը ներկայացնող գործիչներն այս ընթացքում մեկ անգամ չեն հրապարակավ բավականաչափ թափանցիկ ակնարկել, որ մակերեսային հորինովի աժիոտաժները չեն կարող կապ ունենալ իրական քաղաքական գործընթացների հետ` պնդելով, որ մեկնաբանում են միայն քաղաքական ուժերի պաշտոնական հայտարարությունները եւ ուշադրությունից դուրս են թողնելու ամեն տեսակ «խայծերը»: Ես կարծում եմ, որ մեր քաղաքական գործիչները, մամուլը եւ ընդհանրապես հասարակությունը վաղուց արդեն կարողանում է տարանջատել իրական գործընթացները հնարովի ակցիաներից եւ նման «նախաձեռնություններն» իրենց նպատակին հասնել այլեւս չեն կարող մեր երկրում:

 

Դիտվել է 1706 անգամ:
Print Friendly

Leave a Reply