Վերահաստատվեց հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 29, 2011 13:07

Հոկտեմբերի 28-ին Բեռլինում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գերմանիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նրան Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում հայ-գերմանական հարաբերությունները լավ զարգացում են ապրել:

Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար, ասաց. «Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի հետ համագործակցության առավել խորացումը ու ամրապնդումը, եւ դրա վկայությունն են համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերը, երկկողմ փոխգործակցությունը ամենատարբեր ոլորտներում»:

Հայ-գերմանական հարաբերություններին բնորոշ կառուցողական եւ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստանի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Էդվարդ Նալբանդյանն ու Գիդո Վեստերվելլեն  քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպում, տնտեսական համագործակցության խթանման նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցություն, միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:

Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձ կատարեցին ֆինանսական ճգնաժամին դիմակայելու ուղղությամբ Եվրոպական միության ջանքերին, Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, մտքեր փոխանակեցին մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին շուրջ:

Նախարարներն անդրադարձան Հայաստան–Եվրոպական Միություն հարաբերություններին, Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծմանն առնչվող հարցերին:

Խոսելով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին` Գերմանիայի ԱԳ նախարարը նշեց, որ այդ ոլորտում առաջընթացը տեսանելի է:

Առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում գործում են գերմանական կապիտալով շուրջ ութ տասնյակ ընկերություն, եւ հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանց թիվը մոտակա տարիներին կարող է կրկնապատկվել:

Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումների մասին: Այս առումով նախարար Վեստերվելլեն Գերմանիայի աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացին՝ ընդգծելով խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը:

Գերմանիայի արտգործնախարարը ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, ինչի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ  Հայաստանը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ եւ համաձայնություններ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի և միջազգային հանրության համատեղ ջանքերով:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկման ժամանակ նախարար Վեստերվելլեն նշեց, որ Գերմանիան աջակից է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատման ջանքերին:

Գիդո Վեստերվելլեն ընդունեց Էդվարդ Նալբանդյանի Երեւան այցելելու հրավերը, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ այցելությունը իրականացնել հաջորդ տարվա առաջին կեսին:

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը ուղեւորվեց Փարիզ, որտեղ հոկտեմբերի 29-ին նախատեսված է նրա ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր համաժողովին:

 

 

Դիտվել է 1517 անգամ:
Print Friendly

Leave a Reply