«Կինոաշուն-2011»-ն ամփոփեց աշխատանքները
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Անի Գասպարյան | October 29, 2011 12:35
Երեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «Կինոաշուն-2011 ազգային կինոյի ամիս» ծրագիրն ամփոփեց աշխատանքները:
Միջոցառման ընթացքում դրամական պարգևներ ու դիպլոմներ հանձնվեցին ծրագրի շրջանակներում անցկացված գրախոսականների հաղթողներին: Ինչպես նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, անցյալ տարի գրախոսականների մրցույթին ներկայացվել էր ընդամենը 14, իսկ այս տարի` 31 աշխատանք:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս առաջին մրցանակակրի տեղը թափուր մնաց: Երկրորդ մրցանակը կիսեցին 2, իսկ երրորդը` 3 մասնակից: Մրցանակները հաղթողներին հանձնեց մրցութային հանձնաժողովի նախագահ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը:
Հիշեցնենք, որ այս տարի «Կինոաշուն 2011»-ը մեկնարկել էր Սյունիքի մարզի Գորիս քաղաքում` սեպտեմբերի 24-ին: Այնուհետև Հայաստանի բոլոր մարզերում` զորամասերում, ուսանողական հաստատություններում, սահմանամերձ գյուղերում, ինչպես նաև երևանյան կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվել են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական մի քանի հարյուր ֆիլմեր:
Գևորգ Գևորգյանի խոսքով, ծրագրի նպատակը հայկական կինոյի տարածումն ու հասանելի դարձնելն է յուրաքանչյուրին, այլ կերպ ասած` «կինոն վերադարձնել տերերին»:
Գևորգյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի բավականին հագեցած են եղել կինոդահլիճներն ու սրահները, հատկապես ակտիվ է եղել մարզային հանդիսատեսը:
Ծրագրի շրջանակներում ցուցադրվել են ոչ միայն խորհրդային շրջանի հարազատ ու սիրված, այլև անկախության շրջանում արտադրված ֆիլմեր, տեղի են ունեցել նաև պրեմիերաներ: Բացի ֆիլմերի ցուցադրությունից, իրականացվել են ավանդական դարձած հոբելյանական միջոցառումներ, ինչպես նաև գրքի շնորհանդեսներ:






Facebook
Tweet This
Email This Post
