Երևանի Կոնյակի գործարանն արտադրության 50 տոկոսի անկում է գրանցել

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2009 18:23
Արա Գրիգորյան

Արա Գրիգորյան

Այս տարվա հուլիսի 1-ից մեկնարկած 2009-2010 ֆինանսական տարվա առաջին 2 ամիսներին Երևանի կոնյակի գործարանն արտադրության 50 % անկում է արձանագրել` նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ. (Կոնյակի գործարանը ֆինանսական տարին սկսում է տվյալ տարվա հուլիսից, ավարտում հաջորդ տարվա հուլիսին)

Չնայած անկմանը, այս տարվա հունիսի 30-ին ավարտված 2008-2009 ֆինանսական տարին ընկերությունը փակել է որոշակի աճով. հաջողվել է պահպանել նախորդ տարի գրանցված 4 մլն. լիտր ցուցանիշը, 14% տոկոսով ավելացել է ընկերության շահույթը` կազմելով 17 մլրդ դրամ, ինչպես նաև պահպանել է արտահանման նախորդ տարվա ծավալները`44,6 տոկոս:

Երևանի Կոնյակի գործարանը, չնայած ճգնաժամին, Արմավիրի և Այգավանի համայնքներում 1 կգ խաղողը նախորդ տարվա 110 դրամի փոխարեն կմթերի 130 դրամով, իսկ Տավուշում` 120:

Ընկերության գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ 5.000 գյուղացիական տնտեսությունների գումարները կվճարեն 3-7 օրվա ընթացքում` փոխանցելով գյուղացու համար բանկում բացած հաշվեհամարին:

«Անկախ»-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված Արարատի մարզի Այգավան համայնքում մթերվող խաղողի քանակի 10 տոկոս կրճատումը, Գրիգորյանը նշեց, որ այս կերպ փորձել են լուծել սոցիալական խնդիր. «էնպես չստացվի, որ մեկն ամբողջությամբ իր բերքը մթերման է հանձնում, իսկ հարևանը ոչինչ չի մթերում»:

Գրիգորյանը հերքեց այն լուրերը, թե Վանաշենում մթերվող խաղողի գինը կհասնի 80 դրամի, եթե գործարանն ավելի շատ խաղող ընդունի. «եթե անգամ խաղող մթերենք 1 դրամով, մենք 32 հազար տոննայից ավել չենք կարող մթերել, իսկ գինը հստակ է`120-130»:

Նրա խոսքով` 32 հազար տոննա խաղողի մթերման համար, ինչը 1000 տոննայով ավել է նախորդ տարվա մթերվող քանակի ծավալներից, կծախսեն 4 միլիարդ դրամ:

Արա Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ այս տարվա հոկտեմբերին Տավուշի մասնաճյուղում շահագործման կհանձնվի նոր մթերման արտադրամաս, ինչի համար ընկերությունը կատարել է 50 մլն. դրամի ներդրում:

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply