Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ բնապահպանների հետ քննարկել նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկությունները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 28, 2011 16:32

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Վերջինիս մասնակիցները քննարկել և հաստատել են 2012 թվականին Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովում Հայաստանի Հանրապետության ներկայացվելիք առաջարկությունները, որոնք քննարկել և ներկայացրել է ՀՀ բնապահպանության, Արտաքին գործերի նախարարությունների ու բնապահպանական հասրակական կազմակերպությունների կողմից ձևավորված աշխատանքային խումբը:

Այնուհետև, նիստին մասնակից բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են ներկայացրել Թռչկանի ջրվեժի վրա փոքր հէկի կառուցման և Սևանա լճին հարակից տարածքում՝ Սոտքում, ոսկու կորզման ֆաբրիկայի գործունեության շուրջ: Այս կապակցությամբ, ՀՀ բնապահպանության և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարները ներկայացրել են համապատասխան փաստարկներ: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է վերջիններիս՝ բնապահպանների հետ քննարկել բարձրացված հարցերն ու ներկայացվող առաջարկությունները:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ գործում է ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողով, որտեղ աշխատում են մեծ փորձառություն ունեցող մասնագետներ: «Սևանա լճի խնդիրը գտնվում է Հանրապետության ղեկավարի ուշադրության ներքո: Առանց այս հանձնաժողովի եզրակացության՝ կառավարությունը որևէ գործողություն չի իրականացնում: Կոչ եմ անում համագործակցել հանձնաժողովի հետ՝ ձեր բոլոր մտահոգությունները փարատելու համար»,– դիմելով բնապահպաններին՝ ասել է վարչապետը:

 

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply