«Կամերայի մեծ պոետը», որ անմահացրեց Սարոյանին հայրենի եզերքներում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | November 2, 2011 13:14

Այսօր շատերին են հայտնի Սարոյանի` հեծանվով, խաղող գողանալիս, բրդուճը ձեռքին` լեռներին նայելիս կամ էլ Գեղարդի քարերին թևերը խաչաձև տարածած  լուսանկարները, սակայն քչերը գիտեն, թե ով է դրանց հեղինակը: Ավելին, 2008-ին Սարոյանի 100-ամյակի տոնակատարությունների ժամանակ այդ լուսանկարները, հայտնվելով մեծ պաստառներին, զարդարեցին ողջ մայրաքաղաքը` առանց հեղինակին տեղյակ պահելու կամ գոնե նրա անունը նշելու:

Այս տարի «Փարիզյան սուրճ» սրճարանում այդ լուսանկարների հեղինակը` Պողոս Պողոսյանը, առաջին անգամ Հայաստանում ցուցադրեց Սարոյանի լուսանկարների իր հայտնի հավաքածուն: «Երկրի կանչը» խորագիրը կրող ցուցահանդեսի ժամանակ ներկայացված էին 27 լուսանկար Սարոյանից  և մի քանի բնապատկերներ: Բնանկարների ցուցադրությունը պատահական չէր, պայմանավորված էր խորագրով. բնանկարները խորհրդանշում էին երկիրը, որը կանչում էր Սարոյանին: Հենց ցուցահանեսի ժամանակ էլ վաստակավոր լուսանկարիչը ՀՀ մշակույթի նախարարի հրամանով պարգևատրվեց նախարարության ոսկե մեդալով` ժամանակակից լուսանկարչական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի վաստակի, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի առթիվ:

Մեծ գրողի դիմանկարային ֆոտոռեպորտաժները վարպետ Պողոսի ամենաթանկ մասունքներից են. դրանք արվել են 1976 և 1978 թթ. ` Սարոյանի հայրենիք կատարած այցելությունների ժամանակ, երբ ողջ Հայաստանով մեկ շրջագայելիս նրա կողքին էր որպես «Հայրենիքի ձայն»  թերթի ֆոտոլրագրող:

Լուսանկարիչը խնամքով ցուցադրում է լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունն ու հիշողությունները` կապված հանճարեղ գրողի հետ: «Գնում էինք Էջմիածին` Վեհափառի հետ հանդիպման, ճանապարհին խաղողի այգիներ կային: Մեկ էլ Սարոյանը մեքենան կանգնեցրեց և ասաց. «Ոչ ոք ինձ հետ չգա, ես խաղող պիտի գողնամ»: Հենց այդ ժամանակ էլ ես նրան լուսանկարեցի,- հիշում է Պողոսյանը` ցույց տալով Սարոյանի հայտնի նկարը` խաղողը թաքուն ձեռքում պահած:

«Սա էլ Թալինի շրջանում է,- ցուցադրում է Սարոյանի հեծանվով լուսանկարը,- գնում էինք Գյումրիի կողմերը: Ես տեղյակ չէի, որ հետներս հեծանիվ էլ կա: Երբ մի պահ իջանք, ուղեկիցներիցս մեկն ասաց. «Պողոս, Սարոյանը հեծանվով գնաց»: Հետո պատրաստ սպասեցի և հետ գալու պահին նրան լուսանկարեցի»:

Թալինի ճանապարհին լուսանկարիչը Սարոյանին նկարում է նաև մի քարի վրա նստած, թեյի բաժակը առջևում, ձեռքին` լավաշով բրդուճ, հայացքն էլ լեռներին հառած:

Մի նկար էլ կա, որը լուսանկարիչն անվանել է «Հայ առյուծները»: Լուսանկարում Սարոյանն ու մարշալ Բաղրամյանն են` պատին հենված, իսկ նրանց մեջտեղում` հնադարյան քարի վրա փորագրված մի առյուծ»:

Մեկ այլ լուսանկարում Սարոյանը նստած է Էջմիածին քաղաքի հրապարակում գտնվող Կոմիտասի արձանի տակ. «Սարոյանը ցանկություն հայտնեց, որ իրեն այդ արձանի մոտ նկարեմ,- պատմում է Պողոսյանը,- նրան ասացի. «Վարպետ, մի փոքր առաջ կանգնեք, որպեսզի խոշոր երևաք, արձանը շատ մեծ է»: Իսկ Սարոյանն ասաց. «Ո՛չ, Կոմիտասի մոտ ամեն մարդ պզտիկ է»: Եվ որպեսզի իր ասածն ավելի շեշտի, ի հարգանս մեծն Կոմիտասի, գնաց և նստեց ուղիղ արձանի տակ»:

Հաջորդ լուսանկարում Սարոյանին տեսնում ենք հսկայական քարերին հենված և ձեռքերը խաչաձև տարածած: «Սա Գառնիի ճանապարհին է,- շարունակում է վարպետ Պողոսը,- գնաց կանգնեց քարերի մոտ և, ձեռքերը տարածելով, ասաց. «Պողո՛ս, ես խաչքար եմ»:

Սարոյանի լուսանկարների հավաքածուն ցուցադրվել է Ֆրեզնոյում, Լոս Անջելեսում, Գլենդելում, Ստամբուլում և այլ քաղաքներում:

2008 թ. Սարոյանի 100-ամյակի առթիվ Ֆրեզնոյում լույս է տեսել «Վիլյամ Սարոյանը նախնիների երկրում» լուսանկարչական ալբոմը, որում ներառված է խորհրդանշական 100 լուսանկար Պողոսյանի այդ շարքից:

Սարոյանն այնքան բարձր է գնահատել լուսանկարչի գործերը, որ մի գրքում նրա մասին մակագրել է. «Իմ ընկերոջը` կամերայի ամենամեծ պոետներից մեկին աշխարհում»:

Այս գնահատականների մեջ ամենաթանկը լուսանկարչի համար ոչ թե այն է, որ աշխարհահռչակ գրողն իրեն անվանել է «կամերայի մեծ պոետ», այլ այն, որ Սարոյանն իրեն համարել է իր ընկերը:

Իսկ գործընկերները Պողոսյանին համարում են հայաստանյան լուսանկարչության այսօրվա ամենամեծ վարպետներից մեկը, եթե ոչ լավագույնը: Նրա աշխատանքները տարբերվում են նախ և առաջ իրենց գեղարվեստականությամբ, դրանց մեջ այնքան զգացմունք, պատկերի և գույնի այնպիսի յուրօրինակ համադրում կա, որ գեղանկարի և լուսանկարի սահմանները կարծես հատվում են` ստեղծելով լուսանկարչության լրիվ նոր ոճ և նոր ուղենիշներ:

Լուսանկարիչը հայտնի է նաև իր բնապատկերներով, հատկապես` Արարատներով ու Սևաններով: Սովորական աչքը երբևէ չէր կարող տեսնել Արարատն այնպիսին, ինչպիսին տեսել և լուսանկարել է Պողոսյանը. Արարատը` Հռիփսիմեով, Արարատը` Չարենցի կամարից, հայտնի բարդիներով, Երևանյան լճից, վանդակաճաղերի ետևում և այլն: Այդ լուսանկարները տարբեր են, սակայն մի բան նույնն է` Արարատն իշխող է ու հովանի հայկական բնաշխարհին ու հուշարձաններին:

Արարատի ամենայուրօրինակ լուսանկարներից մեկի պատմությունը հետևյալն է. «1996 թվականն էր, մեկնում էինք Ստամբուլ, երբ ինքնաթիռն օդ բարձրացավ, վերցրի լուսանկարչական ապարատն ու սկսեցի նկարել: Մի ամբողջ ժապավեն նկարեցի` 36 կադր և ստացա լավագույնը: Լուսանկարն անվանեցի «Արարատն ափիդ մեջ»:

Լուսանկարիչն այնքան է սիրել Արարատը, որ ժամեր է անցկացրել ընկերոջ` գեղանկարիչ Տիգրան Մատուլյանի արվեստանոցում (այնտեղից լավ էր երևում բիբլիական սարը), որպեսզի որսա ամենագեղեցիկ պահը: «Այս լուսանկարի համար ես 15 օր շարունակ առավոտ ծեգից մինչև իրիկուն անցկացրել եմ նույն վայրում»,- ասում է նա ու ցույց տալիս արևամուտին նկարած Արարատը. լեռը թաղվել է մթնշաղի մեջ և միայն Մեծ Մասիսի գագաթին հսկայական ոսկե բեկորի պես արևի ճառագայթներն են շողում: Բացի Արարատից, նրա տարերքը նաև Սևանն է. քանի-քանի անգամ է լուսացրել Սևանում` որսալու արևածագը:

Հիշարժան աշխատանքներից են նաև հայտնի այլ մարդկանց լուսանկարները` Վարդգես Պետրոսյանի, Վահագն Դավթյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Մհեր Մկրտչյանի, Մինասի, որոնց հետ մտերիմ է եղել: Լուսանկարել է ժամանակի լավագույն գեղանկարիչներին և նրանցից երբևէ գումար չի վերցրել: Դրա դիմաց այսօր նրա տան պատերը զարդարված են արժեքավոր կտավներով` Էլիբեկյան, Իսաբեկյան, Համալբաշյան, Աբովյան, Վալմար…

Լուսանկարիչն ափսոսում է, բայց միաժամանակ չի ափսոսում, որ Մինասի կտավներից չունի: Ասում է, թե Մինասը շատ անգամ է իրեն նկար առաջարկել, բայց միշտ մերժել է. «Ախր ինչպե՞ս վերցնեի, երբ տեսնում էի, թե ինչ տաժանակիր աշխատանք է տանում…»:

Վարպետ Պողոսը ցուցադրում է նաև մի լուսանկար 1988-ի երկրաշարժից: Լուսանկարում հարազատի դագաղի մոտ ողբացող մի կնոջ դիմանկար է` ավերակների ֆոնի վրա: Պատմում է, որ այդ լուսանկարը ցուցադրվել է համաշխարհային «Պրեսս ֆոտոյում», սակայն Գրան պրին ստացել է այդ նույն կադրը նկարած մեկ այլ լուսանկարիչ: «Բացարձակ նույն լուսանկարն էր,- ասում է Պողոսյանը,- պարզապես երևի նրա համար, որ ես հայաստացի էի, իսկ նա` ամերիկացի, նա ստացավ գլխավոր մրցանակը»:

Պողոս Պողոսյանը լուսանկարում է 15 տարեկանից: Ավարտելով Պիոներ պալատի լուսանկարչության խմբակը` պատանի լուսանկարիչն աշխատանքի է անցնում քրդական «Ռյա թազա» թերթում, ապա տեղափոխվում «Կոմսոմոլեց», իսկ 1965-ին, երբ բացվում է «Հայրենիքի ձայնը», նրան անմիջապես վերցնում են աշխատանքի, որտեղ էլ աշխատում է մինչև թերթի փակվելը` 1990 թվականը: Խորհրդային տարիներին համամիութենական մրցույթներում նրա լուսանկարները բազմիցս մրցանակներ են ստացել, ցուցադրվել հայտնի ցուցահանդեսներում, տպագրվել տարբեր ամսագրերում:

Չնայած անցել է թոշակի (ապրում է 32 000 դրամ թոշակով), 70-ամյա վարպետ Պողոսը ոչ մի օր չի պատկերացնում իր կյանքն առանց լուսանկարելու: Ա՛յ, հիմա էլ մի ծառ պետք է նկարի, սպասում է հարմար պահին, իսկ հարմար պահը որսալու համար գուցե օրեր պահանջվեն:

Այսօրվա լուսանկարչության մասին «կամերայի մեծ պոետը» գերադասում է լռել. ընդամենը մի բան է ասում. «Արհեստավորներ կան, բայց արվեստ չկա…»: Իսկ երիտասարդ լուսանկարիչներին հորդորում է. «Լայն բացեք ոչ միայն ձեր աչքերը, այլև հոգու աչքերը»:

 

 

Դիտվել է 1572 անգամ:
Print Friendly

Leave a Reply