Նոր Շահումյանի (Քարվաճառի) ծննդյան վկայական Դադիվանքը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 29, 2011 14:05

Արցախ կամ Փոքր Սյունիք: Այսպես է կոչվել Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը, որը պատմության էջերում հիշատակվում է դեռևս ուրարտական ժամանակներից: Փոքրիկ մի դրախտավայր` իր ճարտարապետական հնագույն ու եզակի կոթողներով, որոնք դիմագրավել են ինչպես ժամանակի ու տարերքի, այնպես էլ թուրքի բազմաթիվ հարվածներին ու մեզ հասել: Այդ ամենի լուռ վկաներն են ջարդերից ու ավերներից փրկված ու մեզ հասած բազում հուշարձանները, խաչքարերը, տապանաքարերը, մատուռներն ու եկեղեցիները:

Արցախ աշխարհի հնագույն պատմության մասին անուրանալի վկայություն է մարդկությանը թողել նաև հույն աշխարհագետ Ստրաբոնը (մ.թ. I դար)` այն դասելով  Հայաստանի հզոր նահանգների շարքը: Նա չզլացավ մարդկությանը տեղեկացնել նաև այն մասին, որ պատերազմների ժամանակ Արցախը մեծաքանակ այրուձի էր հանում, որ Մեծ Հայքի սահմանների մեջ գտնվող Արցախի բնակչությունը միալեզու էր և խոսում էր միայն հայերեն:

Հայերեն են խոսել նաև բազմաթիվ եկեղեցիները, խաչքարերը: Ամեն մի ափ հողի վրա  գրված է, որ դա հայկական հող է: Եվ այդ պատմության լուռ վկաներն են Ամարասը, Գանձասարը, Շուշին, Տիգրանակերտը…

Սակայն մտորումիս առարկան այսօր ավերից ու կործանումից փրկված  Նոր Շահումյանի (Քարվաճառ) Դադիվանք (Խութավանք) կոթողն է: Այն գտնվում է Ղարաբաղի և Մռավի լեռնաշղթայի միջև  և հպարտորեն թիկնած է Տրտու գետի ձախ ափի անտառապատ փոքրիկ բլրին: Շրջապատող բնությանն անչափ ներդաշնակ մի փառահեղ կառույց:

Արցախը հնագույն սրբավայրերից մեկն է եղել և, ըստ մեզ հասած տեղեկությունների, դեռևս I դարում քրիստոնեություն տարածելու նպատակով այստեղ է գալիս Թադեոս առաքյալի աշակերտներից մեկը` Դադին, որտեղ և նահատակվում է: Հետագայում նրա գերեզմանի վրա վանք են կառուցում և նրա պատվին Դադիվանք կոչում: Իսկ բնակավայրը Խութավանք էր կոչվում: Հետագայում վանքի վրա կատարված հաճախակի հարձակումները պատճառ են դառնում, որ շրջակա գյուղերի բնակիչներն աստիճանաբար հեռանան Խութավանքից: Ինչի պատճառով էլ վանքը լքյալ վիճակում է հայտնվում:

V դարում  Դադիվանքը  դառնում է ինչպես եպիսկոպոսանիստ, այնպես էլ միջնադարյան Հայաստանի նշանավոր մշակութային կենտրոններից մեկը: Սակայն դա չի խանգարում, որ այն տարբեր ժամանակներում, տարբեր ավարառուների հարձակման, թալանի ու ավերի թիրախ  դառնա: Բայց Աստծո ողորմածությամբ այդ հրաշք կառույցը դիմակայեց: Դիմակայեց պարսիկներին, արաբներին, սելջուկներին, թուրքերին` երբեք չկորցնելով իր գրավչությունն ու առանձնակի հմայքը:

 

Համալիրի ներկայիս պահպանված  շինությունները  XII-XIII դարերի կառույցներ են: Օրինակ` Կաթողիկեն 1212 թ. շինություն  է և  կառուցել է Հաթերքի մեծ իշխան Վախթանգի կինը` Արզուխաթունը:  Զանգակատանը վանքի առաջնորդ Աթանասը երկու հոյակապ խաչքար է դրել: Չգիտեմ, գուցե սա երեք եկեղեցի ունեցող միակ կառույցն է  (դրանք են` Սուրբ Աստվածածին, Կաթողիկե և Հասան Մեծի փոքր եկեղեցին)    ու այդ պատճառով է, որ այն եկեղեցական համալիր է կոչվում: Եվ ոչ միայն: Այն ունի նաև օժանդակ շինություններ` սեղանատուն, ժամատուն, հյուրատուն, միաբանության խցեր, գրատուն: Վանքն առանձնանում է իր խաչքարերով, որոնք, իրավամբ, կարելի է հայոց խաչքարային արվեստի լավագույն նմուշներ համարել: Տաճարին բնորոշ են հայկական մոնումենտալ քանդակագործությունն ու որմնանկարչությունը:

Համալիրի հարավային մասում Հասան Ջալալի ապարանքն է:  Վանքի խցերից մեկը գրքի քարանձավն է, որը գտնվում է Տրտու գետի ափին, և այցելուին առայժմ անհասանելի է: Հուսանք, որ վերաշինման ընթացքի մեջ գտնվող համալիրը հետագայում այդ հնարավորությունը կընձեռի իր այցելուին:

Այստեղ է գտնվում նաև Առանշահիկ-Վախթանգյան իշխանական տոհմի գերեզմանատունը:

Դադիվանքը թերևս Նոր Շահումյանի հայկականության ամենափառահեղ այցեքարտն է, ծննդյան վկայականը:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1545 անգամ:
Print Friendly

Leave a Reply