ՊՐՊՏՈՂ «ՎԻԿԻԼԻՔՍԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ Թուրքիան «քողարկում» է արխիվները` ապացույցները ոչնչացնելու համար

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | November 1, 2011 15:00

«Վիկիլիքսի» գաղտնազերծած վերջին փաստաթղթերը կրկին փաստում են, որ Թուրքիան մաքրազերծում է իր արխիվը` Հայոց ցողասպանության փաստը ոչնչացնելու համար:

Սակայն ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը փաստում է, որ անգամ մաքրազերծված արխիվներում գտնվում են փաստաթղթեր, որ հաստատում են Հայոց ցեղասպանության փաստը: «Հիմա, եթե կոնկրետ պատմական իրողությանն անդրադառնանք, երեք փաստաթուղթ է եղել Թուրքիայում, իմ վարկածն է դա, որոնք արտահայտում են ցեղասպանության կանխամտածվածությունը և ներկայացնում են ծրագիր, թե ինչպես պետք է իրականացնել ցեղասպանությունը»,-ա սում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ «Վիկիլիքսի» պաշտոնական տեսակետի` 2004 թ. հուլիսի 12-ի ԱՄՆ պետդեպարտամենտ ուղարկված նամակում թուրքական Սաբանջ համալսարանի պրոֆեսոր Հալիլ Բերքթայը հաղորդում է, որ «զտումներ են կատարվել» Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին վերաբերող արխիվներում` վերացնելով Հայոց ցեղասպանության մասին ապացույցները: «1918 թվականից արխիվները «զտվել» են մի քանի անգամ: Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Անտանտի դաշնակից ուժերը գրավեցին Ստամբուլը»,- հայտարարել է թուրքական համալսարանի պրոֆեսորը:

Նա ասել է, որ արխիվների ոչնչացումը Թուրքիայի իշխանությունները ծրագրել են նաև նախորդ դարի 90-ական թթ.: «Երկրորդ` առավել մեծ «զտումներն» իրականացվել են 90-ականների սկզբին` Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի օրոք»:

Պատմաբան Բերքթայը գրում է. «Արխիվային փաստաթղթերի զտումները հավանաբար կատարել է Լոնդոնում և ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին դեսպան և Թուրքիայի արտգործնախարարության նախկին գլխավոր քարտուղար Մուարեմ Նուրի Բիրգին»:

Բերքթայը, ավելի անկեղծանալով, շեշտում է. «Երբ նախկին դեսպանը սկսեց հետազոտել արխիվները, ամեն անգամ հանդիպում էր ընկերներից մեկի հետ նույն վայրում ու անընդհատ կրկնում. «Մենք իրոք սպանել ենք նրանց»:

Ռուբեն Սաֆրաստյանը շեշտում է, որ չպետք է գերագնահատել թուրքական արխիվների կարևորությունը: «Օսմանյան արխիվները երկար ժամանակ շատ վատ վիճակում էին. թուրքերը արխիվ պահելու ավանդույթ չունեին: Նույնիսկ 30-ականներին արխիվների որոշ մասը որպես թուղթ վաճառեցին բուլղարներին: Հետո արդեն, երբ ցեղասպանության հարցն ավելի սրվեց, 80-ական թվականների վերջերից նրանք սկսեցին աշխատել արխիվները մաքրելու վրա: Նույնիսկ արխիվները մաքրելու համար հատուկ խմբեր ստեղծվեցին: Եվ հետաքրքիր է, որ հենց այդ գործընթացների ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե օսմանյան արխիվները բաց են»,-նշում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ թուրքագետի` այն կարծիքը, թե օսմանյան արխիվները կարող են հեղաշրջել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, չափազանցված է: «Իրականում Հայոց ցեղասպանության փաստն արդեն ապացուցված է միջազգային բազում արխիվային փաստաթղթերով, շատ երկրների խորհրդարաններ ընդունել են Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր: Իսկ օսմանյան արխիվները բացահայտելը հեշտ բան չէ: Նույիսկ թուրքերը հիմա օսմանյան արխիվների հետ աշխատող պրոֆեսիոնալ կադրեր չունեն: Օսմանյան կայսրության ժամանակահատվածում թուրքերենն ուրիշ էր, այն շատ հեռու է ժամանակակից թուրքերենից»,-ասում է Ռ. Սաֆրաստյանը:

Ասենք, որ դեռևս սեպտեմբեր ամսին թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասաց. «Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ հայկական արխիվները բաց են Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերն ուսումնասիրողների համար»:

Վերջինս վստահեցնում է, որ «Վիկիլիքսի» հրապարակումները կհանդարտեցնեն թուրքական իշխանություններին, որոնք պնդում են, թե ցեղասպանության փաստն ապացուցելու համար պետք է հետազոտել թուրքական արխիվները: «Առավելագույնը, ինչ կարող են անել թուրքական իշխանությունները, որոշ երանգներ ավելացնել 1915 թ. իրադարձությունների մասին տեղեկություններին, սակայն, չեն կարող դեմ դուրս գալ բազմաթիվ ապացույցներին ու վկայություններին»,-ասել է նա:

Դոն Կիխոտ անվանումը ստացած թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարող առաջամարտիկներից էր դեռևս նախորդ դարի 90-ականներից: Նա սկսեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակել ու բացեբաց խոսել հայկական հարցի մասին: Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Զարաքոլուն ասել է. «Մինչ օրս շատ բան չի փոխվել, քանի որ Թուրքիան շարունակում է իր «անպարկեշտ քաղաքականությունը»:

«Նոր եկող սերնդին դեռ շարունակում են թունավորել ապատեղեկատվությամբ: Հայերը մեծահոգաբար ձեռք մեկնեցին, սակայն Թուրքիայի իշխանությունը չարդարացրեց մեր հույսերը, քանի որ Թուրքիան շարունակում է գլուխ խոնարհել Ադրբեջանի քմահաճույքների առաջ: Ղարաբաղը Թուրքիայի խնդիրը չէ, եթե պնդում է, որ իր խնդիրն է, ուրեմն ապացուցում է, որ շարունակում է պանթուրքիստական գաղափարախոսությունն ու քաղաքականությունը»,- ասում է Զարաքոլուն:

«Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, մարդու իրավունքների պաշտպան  Զարաքոլուն Թուրքիայում այն եզակի դեմքերից է, որի համար Հայոց ցեղասպանության, քրդական խնդիրները ոչ թե հայտնի դառնալու վտանգավոր, բայց հեշտ միջոցներից է, այլ պարզապես արդարության ու արժանապատվության հարց:

Երբ 1990-ին նրա հանգուցյալ կինը` Այշենուր Զարաքոլուն, կանգնեց դատարանի առաջ ֆրանսիացի գրող Իվ Տերնոյի «Հայեր, ցեղասպանության պատմություն կամ հայկական տաբու» գիրքը թարգմանելու և հրատարակելու համար, հենց դատարանում հայտարարեց. «Ցեղասպանության մասին խոսելը հանցանք չէ, ցեղասպանությունը չընդունելն ու ժխտելն է մեծագույն հանցանք»:

Հիշեցնենք, որ այս խոսքի համար Այշենուրը երկու տարվա ազատազրկման դատապարտվեց, հետագայում այլ գրքերի համար ևս բազմիցս ամուսինները դատապարտվեցին, սակայն չդադարեցին հավատալ, որ պետք է պայքարել ժխտողականության դեմ:

Ասենք, որ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին ամուսինների հիմնադրած հրատարակչությունը միակն էր, որ սկսեց թուրքերեն թարգմանել և հրատարակել այնպիսի գրականություն, ինչպիսիք են Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունն ու հավաքական հիշողությունը»,

պրոֆեսոր Վահագն Տատրյանի «Հայոց ցեղասպանությունը եռյակ դաշինքի պետական արխիվային վավերագրերում», Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հիշողությունները, Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը», Ջորջ Ջերջյանի «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գրքերը, որոնք փաստագրական խորություն ունեն:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Հ.Գ. «ԱՆԿԱԽ»-ի հաջորդ համարում կարող եք կարդալ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ մեր բացառիկ հարցազրույցը: Այն բացառիկ է, քանի որ վերաբերում է թուրքական արխիվներին, ցեղասպանության կանխամտածվածության և ծագումնաբանության հարցերին:

 

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply