Կոմս Լոռիս-Մելիքով

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 31, 2011 13:00

Լոռու ազնվականներից սերած Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովը ծնվել է 1825 թ., Թիֆլիսում:

Լոռիս-Մելիքովների տոհմը հայտնի դարձավ XVI դարից, երբ նրանց նախահայր մելիք Նազարը իր ծառայությունների դիմաց պարսից շահ Աբասից նվեր ստացավ Լոռի բերդաքաղաքն իր շրջակայքով: Հետագայում Լոռիս-Մելիքովների նախահայր Նազարը ծառայության անցավ վրաց թագավոր Լուարսաբի մոտ: Տոհմն ի սկզբանե կոչվել է Քալանթարյան, և միայն Շահ Աբասի ժամանակ, Լոռուն տիրելով, մի ճյուղը վերցրել է Լոռու մելիք անվանումը, որ վրացերենում ստացավ Լոռիս-Մելիքով հնչողությունը: Իսկ տոհմի մյուս մասը պահպանեց Քալանթարյան ազգանունը` իր նստավայր ընտրելով Լոռու Արդվի գյուղը:

Հետագայում Լոռիս-Մելիքովները հաստատվեցին Թիֆլիսում, որտեղ բավական հաջող առևտուր ուներ Միքայելի հայրը` Տարիելը: Նա ուսում առած ու կրթությունը պաշտող այր էր ու վճռական էր նաև իր որդիների ուսման հարցում: Տարիել Լոռիս-Մելիքովը առևտրական ներկայացուցչություն ուներ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում և Եվրոպայից արդյունաբերական ապրանքներ էր ներկրում Թիֆլիս և Ռուսաստան: Հենց նրա նախաձեռնությամբ էլ Միքայելը 1837 թ. ընդունվեց Մոսկվայի Լազարյան ճեմարան:

Այստեղ ուսանելու տարիներին  ի հայտ եկան ապագա իշխանավորի ձիրքերը` աշխատասիրություն, ձգտում, կամք և անհանգիստ ու ըմբոստ բնավորություն, որի պատճառով էլ հեռացվեց ճեմարանից (նա սոսնձել էր իր չսիրած ուսուցիչներից մեկի աթոռը), չնայած գերազանց առաջադիմություն էր ցուցաբերում: Նա կատարելապես տիրապետում էր հայերենին, վրացերենին, ռուսերենին, թուրքերենին, գերմաներենին, ֆրանսերենին: Առհասարակ նա արվեստների և ամենայն գեղեցիկի սիրահար էր: Հատուկ սեր ուներ պոեզիայի նկատմամբ, և ուսանողության տարիներին նրա անբաժան ուղեկիցն ու ընկերն էր արդեն իսկ հայտնի բանաստեղծ Ն.Ա.Նեկրասովը:

Դա ստիպեց Լոռիս-Մելիքովին շարունակել ուսումը զինվորական ուսումնարանում, և շուտով նա ծառայության է անցնում Հուսարական գնդում ու 1847 թ. տեղափոխվում Կովկաս` դառնալով Շամիլի դեմ կռվող Կովկասյան հատուկ կորպուսի հրամանատար կոմս Մ.Ս.Վորոնցովի համհարզը: Դաղստանում էլ նա առաջին անգամ աչքի ընկավ որպես հմուտ զորավար ու ապագա հրամանատար: Կոմս Մ.Վորոնցովը հետագայում նրան բնորոշեց որպես «արժանավոր ու շատ խելացի սպա…»:

Այստեղ նա ծանոթանում և բարեկամանում է հայազգի զորավարներ Մ.Արղությանի և Բ.Բեհբութովի հետ: Հետագայում նա փեսայացավ Լոռվա մյուս նշանավոր իշխանական տոհմին` Արղությաններին: 1853 թ.` Ղրիմի պատերազմից առաջ, Լոռիս-Մելիքովը գնդապետի կոչում ստացավ: Սկսված պատերազմում Լոռիս-Մելիքովը գլխավորում է հայ աշխարհազորային հեծելազորը և պաշտպանում Ալեքսանդրապոլի մատույցները: Իսկ Քյութուկ-դարայի ճակատամարտում նա ուղղակի ջախջախում է թուրքական մեծաքանակ զորքը:

Պատերազմի ավարտից հետո Լոռիս-Մելիքովը նշանակվում է Դաղստանի կառավարիչ և Դերբենդի քաղաքապետ: Այս պաշտոնում նա կառուցեց Ռոստով-Վլադիկավկազ երկաթգիծը և կազմակերպեց չեչենների ու չերքեզների արտաքսումը Թուրքիա: 1863 թ. նշանակվեց Տվերի նահանգապետ: Այս տարիներին ի հայտ եկավ Լոռիս-Մելիքովի սերը ձիաբուծության և ձիարշավի նկատմամբ: Նա ամենուր ձիաբուծարաններ էր կառուցում և ձիարշավներ էր անցկացնում: Նա նաև աչքի ընկավ որպես հմուտ վարչարար և բարեգործ. մարդահամար անցկացրեց, վարչական բարեփոխումներ կատարեց, հիվանդանոցներ և բնակչության կարիքներն ապահովող հաստատություններ հիմնեց:

Լոռիս-Մելիքովը ամենուր հասարակության սիրելին էր: Կազակները նրան կարգեցին կազակային զորքի ատաման:

Նոր սկսված 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Լոռիս-Մելիքովը նշանակվում է Կովկասում գործող հատուկ կորպուսի հրամանատար ու այստեղ ևս աչքի ընկնում իր զինվորական և վարչական կարողություններով:

Արդահանի գրավումից հետո Զևինի մոտ նրա գլխավորած բանակի վրա հարձակվեց թուրք զորավար Մուխթար փաշան, բայց Ալաջայի մոտ հայ զորավարը ջարդեց թուրքական այդ զորահրամանատարին, գրոհով գրավեց Կարսը և ապա պաշարեց Էրզրումը։ Ալաջայում ցույց տված քաջության համար նրան շնորհվեց նաև 2-րդ աստիճանի Սուրբ Գեորգիի շքանշան։ Հայրենի Լոռիում ժողովուրդը նրան երգ ձոնեց.

-Ես Մելիքն եմ լոռեցի,

Մուխտար փաշին զոռեցի,

Մուխտարի գլխի ֆասը,

Մելիքի ծոցի թասը:

 

Մուխտարը գլուխը քորեց,

Մելիքի ղոշունը քաշեց,

Մելիքի դոշի խաչը,

Մուխտարի ղաչաղաչը:

Մելիքի ձեռաց թուրը,

Մուխտարի թուքումուրը,

Հարվա քամին փչեր է,

Մելիքն աստված կանչել է:

Ղարսա ջուրը սառել էր,

Մելիքը Ղարսն առել էր,

Մուխտարն աղվես դառել էր,

Ձիու էգյան առել էր:

Ես Մելիքն եմ լոռեցի,

Մուխտարն է իմ թշնամի,

Մելիքի ձեռաց թուրը,

Մուխտարի թուքումուրը:

Ես Մելիքն եմ հայ տղա,

Մուխտարը հետ կխաղա,

Մելիքի ձիու հալը,

Մուխտարի փիս ահվալը:

Մելիքը ուռա քաշեց,

Մուխտարի սիրտը մաշեց,

Ալաջա սարի դոշեն,

Մուխտարը քաշվեց քոշեն:

Խաբարը բերեց բոշեն,

Տվել էր պարկի լոշեն,

Արազի հուն սառել էր,

Մուխտարն աղվես դառել էր:

Փախավ սառցի վրիցը,

Թռավ վարար ջրիցը,

Ղարսա բերդը ամուր էր,

Մելիքի սիրտը դամուր էր:

Մելիքի ձեռաց շվին,

Մուխտարը փախավ զվին…

1879 թ. Լոռիս-Մելիքովը նշանակվում է Աստրախանի, Սարատովի, Սամարայի նահանգների գեներալ-նահանգապետ: Այստեղ նրան մեծ փորձություն էր սպասում` մոլեգնող ժանտախտը: Լոռիս-Մելիքովը պայքար սկսեց համաճարակի դեմ, և երկու ամիս անց ժանտախտը նահանջեց: Կոմսն օգտագործեց արքունիքի կողմից հատկացված միջոցների 10 տոկոսը և մնացածը վերադարձրեց գանձարան:

Սրանով, փաստորեն, ավարտվում է Լոռիս-Մելիքովի զինվորական փայլուն կարերիան, և նա  այնուհետև միայն պետական ու վարչական բարձրագույն պաշտոններ է վարում: Իսկ ողջ ծառայության ընթացքում մեծ հայորդին 180 ճակատամարտի է մասնակցել:

Շուտով նրան նոր նշանակում էր սպասում` Խարկովի գեներալ-նահանգապետ և տեղի զորքերի հրամանատար: Մինչ նրա նշանակումը լարված մթնոլորտ էր տիրում Խարկովում, հեղափոխական շարժումներն իրենց գագաթնակետին էին հասել այն աստիճան, որ սպանվել էր նախկին նահանգապետներից մեկը: Լոռիս-Մելիքովը չշտապեց բռնություն գործադրել, այլ ուսումնասիրեց իրավիճակը և խաղաղ պայմաններում հասավ խռովության ճնշման: Այդ մասին ընդարձակ հոդված տպվեց նաև բրիտանական «Թայմս» թերթում: Թղթակիցը դրվատում էր կոմսին` գրելով նրա աննախադեպ հաջող վարչարարության մասին:

Սակայն Ռուսաստանում ներքին իրավիճակը մնում է ծայրահեղ սրված. ստեղծված իրավիճակը շտկելու և նարոդնիկների հուզումներին վերջ դնելու համար Ալեքսանդր Երկրորդ կայսրը ստեղծում է  Գերագույն կարգադրիչ հանձնաժողով` արտակարգ իրավունքներով, և նախագահ նշանակում կոմս Լոռիս-Մելիքովին: Նման արտակարգ լիազորություններ Ռուսաստանում երբևէ ոչ ոք չէր ունեցել: Լոռիս-Մելիքովի դիրքի հետ կարող էր համեմատվել, թերևս, Եկատերինա Երկրորդի ֆավորիտ Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի ազդեցիկ դիրքը Ռուսական կայսրությունում:

Այդ մասին  կոմսը հետագայում ասել է իր մտերիմ ընկերոջը` իրավաբան, գրականագետ Ա. Կոնին. «Հազիվ էի հասցրել շուրջս նայել, խորհել, սովորել, երբ հանկարծ շրը՛խկ, գնա կառավարելու արդեն ամբողջ պետությունը: Ես սեփական հայեցողությամբ բարձրագույն հրամանատարներ արձակելու լիազորություն ունեի: Ոչ մի ժամիշխան` ո՜չ Մենշիկովը, ո՜չ Արակչեևը, երբեք նման համընդգրկուն իշխանություն չեն ունեցել»:

Շուտով նա զբաղեցրեց նաև Ռուսաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնը:

Այս ժամանակ էր, որ նարոդնիկները Լոռիս-Մելիքովի վրա մահափորձ իրականացրին, բայց արձակած գնդակը չվնասեց կոմսին:

Մահափորձը դույզն-ինչ չկասեցրեց Լոռիս-Մելիքովի եռանդը, և նա ձեռնամուխ եղավ բարեփոխումների: Նա առաջին քայլով ասպարեզից հեռացրեց ժողովրդի ատելությանն արժանացած առանձին գործիչների, որոշ վարչական բարեփոխումներ իրականացրեց, և այդ ամենը նրա համար մեծ հարգանք ու ժողովրդավարություն ապահովեցին: Նա ավելի եռանդուն շարունակեց իր բարեփոխումները, որոնք չլսված ու չտեսնված էին ոչ միայն Ռուսաստանում. նա որոշ ազատություն շնորհեց մամուլին, շատ ծանր հարկեր չեղյալ հայտարարեց, բարեփոխեց դատական համակարգը: Մի խոսքով, երկրում արմատական փոփոխություններ մտցրեց, որոնց նախաձեռնողն ու անմիջական պատասխանատուն ինքն էր:

Նա կատարեց ավելին, քան կարող էր ենթադրել ժամանակի ամենահամարձակ միտքն անգամ: Լոռիս-Մելիքովի դրդմամբ Ալեքսանդր Երկրորդ կայսրը ստորագրեց սահմանադրության ընդունման մանիֆեստը, սակայն մի քանի օրից` 1881 թ. մարտի 1-ին, Պետերբուրգի Եկատերինյան ջրանցքի մոտ դավադրության զոհ դարձավ: Ռուսաստանը «բարեփոխել» ցանկացողները նրան մի քանի տասնամյակով  հետ նետեցին:

Նոր կայսրը` Ալեքսանդր Երրորդը, համարձակություն չունեցավ շարունակելու իր նախորդի առաջադեմ քաղաքականությունը, և կոմս Լոռիս-Մելիքովը հրաժարական տվեց: Ավելին, կայսր Ալեքսանդր Երրորդն այսպես արտահայտվեց Լոռիս-Մելիքովի առաջարկած բարեփոխումների ծրագրի մասին. «Փառք Աստծո, այդ հանցավոր ու հապճեպ քայլը` սահմանադրության հետ կապված, չկատարվեց, և այդ ամբողջ ֆանտաստիկ նախագիծը մերժվեց նախարարների խորհրդում միանգամայն աննշան փոքրամասնության կողմից»:

Առանց այն էլ Լոռիս-Մելիքովն իր վարչական մեթոդներով շատ էր առաջ բերել Ռուսաստանի հետադիմական շրջանների դժգոհությունը: Նրա հակառակորդները Լոռիս-Մելիքովի «կառավարման» շրջանն անվանեցին «սրտի դիկտատուրա», իսկ իրեն` կոմսին, թավշյա դիկտատոր:

«Լոռիս-Մելիքովյան սահմանադրությունը» թաղվեց` դեռ խանձարուրից դուրս չեկած:

Դա ծանր անդրադարձավ մեծ բարեփոխիչի հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Կոմսը հեռացավ Ռուսաստանից և մի քանի տարի անց` 1888 թվականի դեկտեմբերի 22-ին, մահկանացուն կնքեց  Ֆրանսիայի Նիցցա քաղաքում:

Ընկերները նրա մարմինը բերեցին ու ամփոփեցին Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 2513 անգամ:
Print Friendly

Leave a Reply