Քրդուհին ոսկու, երազանքի ու ասեղնագործ գլխաշորերի մեջ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 30, 2011 14:00

Ռ.-ն (խնդրեց չհրապարակել իր անունը) 17 տարեկան էր, երբ առաջին անգամ հարևանուհու օգնությամբ իր համար «Yazma baş ՓrtՖsՖ»` ասեղնագործ գլխաշոր կարեց: Դրանից հետո գլխաշորի ծայրերը տարբեր գույնի ու ձևի թելերով, ուլունքներով ասեղնագործելը դարձավ նրա առօրյայի մի մասը:

Քրդուհիները ասեղնագործ գլխաշոր սովորաբար սկսում են կարել 14-15 տարեկանից սկսած: Թուրքիայի Էլազիգ նահանգի Հաբաբ գյուղում, որտեղ ծնվել և մեծացել է Ռ.-ն, կինը առանց գլխաշորի տնից դուրս գալ չի կարող: Ավելին` նորահարս քրդուհիներն իրենց սկեսրայրի ու անծանոթ տղամարդկանց ներկայությամբ գլխաշորով փակում են նաև իրենց բերանը: Սկեսրայրին ծածկված բերանով ներկայանալն ու չխոսելը ցույց են տալիս նորահարսի հարգանքը նրա նկատմամբ:

Գյուղաբնակ քրդուհիների օժիտի ամենակարևոր իրերից է գլխաշորը: Այդ իսկ պատճառով էլ գլխաշորի ծայրերն ասեղնագործելը քրդուհիների շրջանում կատարելության է հասել: Ցանկացած քրդուհու օժիտի մեջ դժվարությամբ կարող ես գտնել իրար նմանվող երկու ասեղնագործ գլխաշոր. բոլորը տարբեր են իրենց գույնով, գործվածքով, ձևով: Երբ գյուղում մեկը մի նոր գործվածքի մոդել է տեսնում ամսագրում, խանութների ցուցանակների վրա, պարտադիր հայտնում է իր ընկերուհիներին: Ռ.-ն այժմ 27 տարեկան է: Հասցրել է 200 գլխաշոր կարել իր օժիտի համար:

Նա առաջին անգամ իր փեսացուին` Բ.-ին հանդիպել է գյուղի հարսանիքներից մեկի ժամանակ: Հաջորդ օրը Բ.-ի մայրն այցելել է Ռ.-ի տուն` իր տղայի նպատակների մասին խոսելու: Դրանից հետո Ռ.-ի տուն է եկել Բ.-ն` իր ընտանիքի հետ միասին: Ռ.-ն իր սենյակից դուրս չի եկել. շատ է ամաչել ու անգամ եղբորը խնդրել է, որ իր փոխարեն հյուրերին նա սուրճ հյուրասիրի: Քրդերի սովորությունների համաձայն` տղան աղջկա տուն երկրորդ այցելության ժամանակ 5-10 րոպեով կարող է առանձին սենյակում զրուցել նրա հետ: Ռ.-ն այնքան է ամաչել, որ տան հյուրերն են նրան հրելով մտցրել առանձին սենյակ: «Ես գետնին էի չոքել, նա բազմոցին էր նստած: Հարցրեց` հավանում եմ իրեն, թե՞ ոչ: Ասացի` այո, ինչը բարին է, թող այն էլ կատարվի»,-պատմում է երիտասարդ քրդուհին:

Դրանից հետո նրա ծնողները Բ.-ի գյուղում հետազոտության նման մի բան են իրականացնում` պարզելու համար տղայի զբաղվածությունը, նրա ընտանիքի հեղինակությունը: Հետո հրավիրում են մեծերի ժողով, որ քննարկեն իրենց աղջկան ամուսնացնելու հարցը: Ժողովի ընթացքում աղջկա մայրը մտնում է տղամարդկանց ժողովի սենյակն ու հայտնում, թե իր աղջիկն ինչքան ոսկի է ցանկանում:

Գյուղում կինը կարևոր աշխատուժ  է համարվում: Քրդուհիները զբաղվում են ոչ միայն տնային գործերով, այլև հասցնում են նաև կատարել բավականին ծանր ֆիզիկական աշխատանք` գոմի տանիքը վերանորոգել, ծանր իրեր տեղափոխել և այլն: Ծանր ֆիզիկական աշխատանքին քուրդ կանայք վարժվում են դեռ մանկուց. առաջին փորձությունը 4 տարեկան հասակում գյուղի աղբյուրից դույլերով ջուր բերելն է: Թերևս սա է պատճառը, որ ամուսնացող քրդուհիների ծնողները պարտադիր ոսկի են ուզում փեսայի ծնողներից, քանի որ իրենց տունը աշխատուժի կորուստ է կրում:

«Ես ամուսնուս ընտանիքից ուզեցի 3 ոսկե ապարանջան, 2 ոսկե մեդալիոն: Մայրիկիս համար, որ ինձ այդքան խնամել ու հոգ է տարել, խնդրեցի «sՖt parası» (թուրքերենից թարգմանաբար` «կաթի գումար», որ փեսացուի կողմից տրվում է նորահարսի մորը` աղջկան մանկուց խնամելու ու հոգ տանելու համար)` 5 ոսկե մեդալիոն, ինչպես նաև գլխագին (başlık parası)` 1000 եվրո, սակայն նրանք տվեցին գումարի միայն կեսը` 500 եվրո»,- պատմում է Ռ.-ն:

Երբ աղջկա ընտանիքը տալիս է համաձայնությունը, գյուղի իմամը կրոնական հարսանիքի արարողությունն է իրականացնում: Կրոնական հարսանիքը` նիկյահը, տեղի է ունենում հարսնացուի ծնողների տանը: Քուրդ պահպանողական ընտանիքներում շատ հաճախ անգամ կրոնական հարսանիքի ժամանակ նորահարսն իր փեսացուին տեսնելու իրավունք չի ունենում: Ռ.-ի դեպքը, սակայն, տարբեր է: «Մեր ընտանիքներն այդքան պահպանողական չեն, չնայած մենք մեր օրենքներն ու ավանդույթները շատ ենք հարգում: Կան ընտանիքներ, որ չեն թողնում` փեսացուն զանգահարի աղջկան կամ այցելության գնա: Իսկ իմ փեսացուն զանգահարում է ինձ կամ այցելության գալիս մեր տուն»,- ասում  է Ռ.-ն:

Կրոնական հարսանիքից հետո նորապսակները շարունակում են առանձին ապրել: Կրոնական հարսանիքին հաջորդող օրը փեսայի մայրն ու քույրերը հարսին տանում են ալիշվերիշի` գնումների: Աղջկա համար հագուստ են գնում: Նախքան հարսանիքը քրդուհիները պետք է պատրաստեն նաև օժիտի ցուցադրության սենյակը: Օժիտի սենյակը 3 օրով բաց է բոլոր հարազատների, բարեկամների համար: Ռ-ն օժիտի սենյակում կոկիկ-կոկիկ շարել է իր կարած 200 գույնզգույն գլխաշորերը: Դրանց մի մասը պատրաստվում է նվիրել իր ընկերուհիներին ու բարեկամներին, իսկ մյուս մասը կպահի իր համար: Ասեղնագործ գլխաշորերի գույնի, ձևի մեջ «նորաձևություն» ասվածը չկա. բոլոր գույներն ու ձևերն էլ օգտագործվում են, պետք է պարզապես դրանք կրել ըստ հագուստի գույնի: Իսկ ավելի փայլփլուն գլխաշորերը քրդուհիները կրում են տոների ու խնջույքների ժամանակ: Սպիտակ գլխաշորեր սովորաբար կրում են թաղումների ժամանակ:

Քրդուհիները գեղեցկության սրահներ սովորաբար գնում են հարսանեկան խնջույքների հաճախելու համար. պետք է տոնական տեսք ու գլխաշոր ունենալ: Այս դեպքում էլ գեղեցկության սրահներում ոչ թե նրանց մազերն են հարդարում, այլ` գլխաշորերն ու գլխաշորերի հավելյալ ժապավեններն ու փայլերը:

Յազմաների վերևում` պատի վրա, Ռ.-ն կախել է ալիշ-վերիշի ժամանակ իր փեսացուի նվիրած հագուստները: Օժիտի սենյակի մի անկյունում էլ շարել է նամազլըքը` աղոթքի համար նախատեսված փոքրիկ գորգերը, ինչպես նաև` բաղնիքի, խոհանոցի, անկողնու պարագաները: Օժիտի ցուցադրությանը եկած հյուրերն էլ խոհանոցի որևէ պարագա են նվիրում հարսնացուին ու հետևյալը մաղթում. «Allah mutlu etsin» (Ալլահը թող քեզ երջանիկ դարձնի):

Քրդական հարսանիքը փեսան ու նրա ընտանիքը նշում  են 3 օր, իսկ հարսնացուն` մեկ: Վերջին օրը հարսի ու փեսայի ազգականները հավաքվում են ու միասին նշում: Հակառակ քրդական ավանդույթի, ըստ որի` կանայք ու տղամարդիկ առանձին-առանձին պետք է ճաշեն, հարսանիքը միակ առիթն է, որ կանանց ու տղամարդկանց  հնարավորություն է տալիս միասին ուտելու և ուրախանալու: Հարսանեկան խնջույքի ժամանակ հարսի ընկերուհիները իրենց ձեռքերը հինա են դնում: Հինան ուրախության խորհրդանիշն է: «Բայրամի, հարսանիքների ժամանակ, երբ ուրախ ես, հինա ես քսում ձեռքիդ ափի վրա»,- պատմում է Ռ.-ն:

Հարսանիքի ժամանակ մի արարողություն էլ կա. նորահարսի երեսը երկար քողով ծածկում են ու շուրջպար բռնում` տխուր երգեր երգելով: Նպատակն այն է, որ նորահարսն ու նրա մայրը լաց լինեն: Շուրջպարի ընթացքում աղջիկները պարբերաբար բացում են քողը` ստուգելու համար` հարսը լաց է լինում, թե ոչ: Գյուղաբնակների համոզմամբ` հարսանիքի օրը հարսն ու նրա մայրը պետք է լաց լինեն:

Ռ.-ն հարսանիքի հաջորդ օրը գեղեցիկ զգեստներ պետք է հագնի ու ծանոթանա իր ամուսնու ազգականների հետ: Նրանով հետաքրքրված շատ հարուստ տղաներ են եկել Ռ.-ի ծնողների տուն, բայց նա բոլորին մերժել է:

Բ.-ի հետ 5 րոպե առանձին սենյակում զրուցելուց հետո քրդուհին որոշել է նրա կինը դառնալ: «Բ.-ի լրջությունը գրավեց ինձ: Երբ հրաժարվեցի նրա հետ հեռախոսով խոսել, նա ասել է, որ ինքը իր խոսքի տերը կլինի և իր ընտանիքին մեր տուն խնամախոս կուղարկի: Եվ հենց այդպես էլ արեց: Դրա համար 5 րոպե հետը առանձնացած` կայացրի որոշումս»,- պատմում է Ռ-ն:

Նրա սև աչքերը փայլում են:

Տասը տարի է անցել այն օրից, երբ  Ռ.-ն առաջին անգամ գլխաշոր կարեց: Տարբեր ձևի ու գույնի փուլերով ու թելերով գլխաշորերի ամեն մի ծայրը ձևավորելիս նա միշտ մի երազանք էր պահում մտքում. երազում էր ապագա փեսացուի մասին, աղոթում, որ փեսացուն «տաք սրտով ու գեղեցիկ արտաքինով տղամարդ» լինի:

Դիտվել է 1785 անգամ:
Print Friendly

Leave a Reply