«101 միլիարդանոց» մտահոգություններ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | October 28, 2011 15:50

Հարկային և մաքսային օրենքներում կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը թե՛ դրական, թե՛ բացասական արձագանք է գտնում: Հատկապես 2012 թվականին պետբյուջեի մուտքերն ու սոցվճարները 101 միլիարդ դրամով ավելացնելուն ուղղված փաթեթը ներկայումս անհասկանալի, նաև մտահոգիչ դրույթներ ունի: Այդ փոփոխությունների փաթեթի քննարկման համար Հանրային խորհուրդը հոկտեմբերի 26-ին հրավիրել էր նախնական` աշխատանքային քննարկում, որի ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ ներկայացված փաստաթղթերը բավականին հում են:

«Ես իմ անհանգստությունը հայտնեմ` որոշ կետերի հետ կապված: Ես կարծում եմ, որ եթե փոփոխություններ են կատարվում հարկային և մաքսային օրենքների մեջ, ապա այդ փոփոխությունից հետո պետք է անցնի առնվազն մեկ տարի, որպեսզի դրանք մտնեն շրջանառության մեջ: Որովհետև եթե մարդը զբաղվում է տնտեսվարությամբ, ապա նա չի կարող երկու ամսվա ընթացքում իր ամբողջ բիզնեսը փոխել` հարմարվելով դրան: Կարծում եմ, որ շատ կարևոր նշանակություն ունի այդպիսի որոշումը: Ես Ազգային ժողովում մի որոշում կընդունեի, որ սրանից հետո ցանկացած օրենք, կապված մաքսային և հարկային օրենսգրքերի հետ, մտնի ուժի մեջ հաստատվելուց մեկ տարի հետո»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Այդ փոփոխությունների փաթեթի մեջ, ինչպես նշեցին քննարկման մասնակիցները, կան նաև շատ դրական կետեր: Օրինակ` պրոգրեսիվ հարկերի կիրառման դրույթները: Այսինքն` երբ հարուստներն ավելի շատ հարկեր են վճարում, քան միջին ու փոքր բիզնեսը: Այլ կետեր ևս կան, որոնք նույնպես դրական են համարվում. կան ոլորտներ, որտեղ իսկապես գերշահույթ կա, այդ ոլորտներում տնտեսվարողներից գանձվող վճարումները ավելացվում են, բայց, ինչպես նշեց Հանրային խորհրդի նախագահը, բնական է սպասել, որ այդ վճարումների ավելացումները նրանք տարածելու են հաճախորդների վրա` գների բարձրացման միջոցով:

Իսկ այս մոտեցումը Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը պարզաբանեց. «Դրական է այն վիճակը, երբ պրոգրեսիվ հարկեր են լինում, այսինքն` հարուստներն ավելի շատ են հարկվում, եթե կարողացել ես մտածել նաև այնպիսի մի մեխանիզմ, որ դա սովորական ժողովրդի ուսերին չծանրանա: Որովհետև հնարավոր է` լավ բան ցանկանալով` վատ բան անել: Կուզենայի արձանագրել, որ մեզանում, այդուհանդերձ, շատ հարկատեսակների գծով հարկային բեռի բարձրացումը, վերջին հաշվով, շարքային սպառողի հաշվին է կատարվում: Օրինակ, երբ ակցիզային հարկ է բարձրացվում, բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ակցիզային հարկի անուղղակի վճարողը շարքային սպառողն է լինում: Անկախ ամեն ինչից` ոչ մի տնտեսվարող չի փորձելու ապրանքի ինքնարժեքի, կամ  իր շահույթի հաշվին ակցիզային հարկը փակել»:

Որպես ևս մեկ դրական հանգամանք` Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը մատնանշեց անուղղակի հարկերի տեսակարար կշռի փոքրացմանը և  ուղղակի հարկերի` եկամտահարկի ու շահութահարկի տոկոսային հարաբերակցության մեծացմանն ուղղված միտումները` ավելացնելով. «Սակայն մենք դրական չենք կարող համարել ակցիզային հարկի և մաքսատուրքի հետ կապված մոտեցումները: Մի շարք ապրանքներ, որ մինչև հիմա չեն մտել մաքսատուրքերի հարկման դաշտ, մտնում են մաքսատուրքի դաշտ, և կարծում եմ, որ սրանք դրականորեն չեն ազդի: Կառավարության այն մոտեցումները, որ սրանք կխթանեն մեր տեղական ապրանքների արտադրության ընդլայնումը, մեզ համար մի փոքր վիճահարույց է, այն իմաստով, որ տեղական արտադրության խթանման համար պետք է որոշակի ներդրումային քաղաքականություն իրականացնել, որի մասին մեր այս տարվա բյուջեում քիչ տարրեր ենք տեսնում: Այն միտումը, որ կառավարությունը 101 միլիարդ դրամով ավելացնում է մեր բյուջեի ծախսային մասը, ողջունելի է: Եվ մենք կարծում ենք, որ սա պետք է ավելի շատ արվի ստվերային տնտեսության կրճատման հաշվին: Մինչդեռ այս հարկային փաթեթում փոփոխությունները, կարծում եմ, ոչ այնքան ուղղված կլինեն ստվերային տնտեսության կրճատմանը,  որքան նոր հարկատեսակներով կփորձեն ավելի շատ հարկեր ներմուծել, հարկային մուտքեր բերել, ինչը, ըստ էության, մեծացնում է հարկային ճնշումը: Իսկ հարկային ճնշումը մեծացնել նշանակում է, որ հարկային դաշտը փոքրանալու է»:

Իսկ կառավարության` պետբյուջեի մուտքերն ու սոցվճարները 101 միլիարդ դրամով ավելացնելու ձգտումը ոչ տարակուսանք է առաջացրել Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի մեջ: «Միգուցե շատ արդարացված է այդ 101 միլիարդի տնտեսական, ֆինանսական, ֆիսկալ, բյուջետային անհրաժեշտությունը, ես չեմ մերժում: Այստեղ խնդիրն այդ գումարները հայթայթելու կոնցեպտուալ մոտեցումներն են: Կարծում եմ, որ այստեղ քիչ ուշադրություն է դարձված ստվերային տնտեսության կրճատման հաշվին այդ գումարների հավաքման խնդրին: Որովհետև հարկային վարչարարություն ասվածը, այս պարագայում, միշտ չէ, որ մեր օգտին է, միշտ չէ, որ վերաբերում է ստվերային տնտեսության կրճատմանը: Այն առաջարկությունները, որոնց մենք ծանոթացել ենք, գոնե ինձ մոտ այնպիսի տպավորություն են ստեղծել, որ չեն նպաստի այդ 101 միլիարդ գումարի հավաքմանը, հատկապես` ի հաշիվ ստվերային տնտեսության և շրջանառության կրճատման»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Քննարկման ներկայացված փաթեթի` գազալցակայաններին վերաբերող դրույթների մասին նա հայտնեց հետևյալը. «Ըստ էության` խոսքը լիցենզավորման մասին է: Տուրք են սահմանում և թույլտվություն են տալիս այդ տիպի գործունեությամբ զբաղվելու համար: Մարզերում ունենք երկու-երեք լցակետերով աշխատող կետեր, և շատ-շատերի համար դրանք եկամտի աղբյուր են: Հիմա հարց է առաջանում. նրանք արդեն գործում են, ի՞նչ է նշանակում թույլտվություն տալ, թույլտվություն սահմանել նրանց համար: Նրանք արդեն գործում են օրենքով սահմանված կարգով: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի պետության կողմից նրանցից հնարավոր չափով գումար կորզելու քաղաքականություն: Ենթադրենք` թույլտվություն են տալիս նման տիպի գործունեությամբ զբաղվելու համար: Այդ դեպքում հասկանալի չէ, թե ինչու ամեն տարի: Ի՞նչ է նշանակում թույլտվության տուրք: Նշանակում է `ճանաչել տվյալ օբյեկտի` մասնագիտական գործունեություն իրականացնելու կարողություններն ու ընդունակությունները և թույլ տալ այդ գործունեության ծավալումը: Ինչո՞ւ եք դուք ամեն տարի ուզում ճանաչել նրա այդ կարողություններն ու հնարավորությունները: Ի՞նչն է փոխվել: Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի ֆիսկալ դիկտատ: Եվ սա շատ-շատերի կողմից չի արդարացվելու, չի ընդունվելու և չի հասկացվելու: Փորձը ցույց է տալիս, որ այս քայլով, հատկապես մարզերում, հսկայական քանակով տնտեսվարող սուբյեկտներ փակվելու են»:

Ի դեպ, Հանրային խորհուրդը դիմել էր ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններին` մասնակցելու այս քննարկմանը: Սակայն կառավարության ներկայացուցիչները խորհրդակցությանը ներկա չէին. Էկոնոմիկայի նախարարը խնդրել էր հետաձգել այդ քննարկումը, քանի որ փաթեթը մինչև վերջ պատրաստ չէ, և դեռ փոփոխություններ պետք է լինեն:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply