Հասարակական տրանսպորտը` «շահութաբեր ձեռքառնոցի». քաղաքապետարանը կձեռնարկի համապատասխան միջոցներ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | November 1, 2011 7:00

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտը շատ հեռու է քաղաքակիրթ համարվելուց և դարձել է սպառողների իրավունքների ոտնահարման լավագույն հարթակ:

Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյուր պետական չինովնիկ հրապարակային խոսելու  դույզն-ինչ հնարավորության դեպքում խոսում է միջազգային չափանիշներից: Բայց իրականությունը ուրիշ է: Բացառություն չէ նաև մայրաքաղաքային հասարակական տրանսպորտի ոլորտը:

Երևի այդ պատճառով են համապատասխան պատկան մարմինները որոշ ժամանակահատվածի համար մրցույթ անցկացնում և որոշում, թե որ ընկերությունները կամ անհատները պետք է սպասարկեն այս կամ այն երթուղին: Այժմ, ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների, մայրաքաղաքում գործում են ավտոբուսի 29 երթուղի` 391 միավոր տեխնիկայով, որոնք սպասարկում են մեկ պետական և 15 մասնավոր ընկերություններ, միկրոավտոբուսների 112 երթուղի` 2700 միավոր տեխնիկայով, որոնք սպասարկվում են 63 կազմակերպությունների կողմից:

Այս թվերը միջինով հաշվարկելուց հետո պարզ է դառնում, որ գծատերերի մեծ մասը սպասարկում է երկու երթուղի, և ամեն երթուղում գործում է մոտ 20 մեքենա:

Մրցույթում հաղթող ֆիզիկական ու իրավաբանական անձինք ստանում են տվյալ երթուղին սպասարկելու իրավունք և դրանով հանդերձ ստանձնում որոշակի պարտավորություններ, օրինակ` ուղևորների` որպես սպառողների իրավունքները հարգելու և պաշտպանելու:

Այժմ անդրադառնանք այն տեսակետներին, որոնք պարբերաբար հնչում են կա՛մ վարորդների, կա՛մ երթուղիները սպասարկող ընկերությունների տերերի կողմից: Պարզվում է, որ մայրաքաղաքի ուղևորափոխադրողները կամ  այսպես ասած գծատերերն այնքան էլ գոհ չեն գործող 100 դրամ սակագնից և բողոքում են, թե իրենք աշխատում են վնասով: Տեսնենք:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից տեղեկացանք. «Տրանսպորտային մեկ միավոր միջոցի համար երթուղիները շահագործող սուբյեկտները քաղաքապետարան են մուծում ամսական 16500 դրամ: Բացի դրանից, քանի որ նրանք ազատված են ավելացված արժեքի հարկից ու եկամտահարկից, հարկային մարմիններին մուծում են հարկային հաստատագրված վճարներ, որոնք 13 նստատեղ ունեցող մեկ միկրոավտոբուսի համար ամսական կազմում են 33800 դրամ, 14-15 նստատեղ ունեցող մեկ մեքենայի համար` 36400 դրամ, «Ռաֆ» մակնիշի մեկ մեքենայի համար` 28600 դրամ, իսկ մեկ ավտոբուսի համար` 44000 դրամ»:

Այս վճարներին ավելացնենք նաև մեկ վարորդի համար սոցիալական և կեսաթոշակային վճարները, որոնք ամսական մոտավորապես կազմում են 12-18 հազար դրամ: Եթե մեկ տրանսպորտային միավոր համարենք մեքենան ու նրա վարորդին միասին, ապա ստացվում է, որ մեկ միավոր միջոցի համար գծատերը ամսական մուծում է` «Ռաֆ» մակնիշի մեքենայի համար` 63100 դրամ, 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսի համար` 68300 դրամ, 14-15 նստատեղ ունեցողի համար` 70900 դրամ և մեկ ավտոբուսի համար` 78500 դրամ:

Այժմ հաշվենք, թե ինչքան հասույթ է ստանում գծատերը մեկ միավոր տրանսպորտային միջոցից: Ասենք, որ  հնարավոր չէ պաշտոնապես հայտարարել, թե ինչ գումար է սահմանված գանձել հասարակական տրանսպորտային միջոցի վարորդից,  սակայն հենց վարորդների հարցուփորձից պարզ է դառնում, որ գծատերը մեկ վարորդից օրական գանձում է մոտ 10 հազար դրամ: Այսինքն` մեկ տրանսպորտային միջոցն ամսական 300 հազար դրամ է մուծում գծատիրոջը: Ընդունենք որ մեկ մեքենան ամբողջ ամիս չի աշխատում և գծատիրոջը մուծում է 250 հազար դրամ: Այդ գումարից հանենք այն մասը, որը գծատերը մուծում է համապատասխան մարմիններին` մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար`  ամեն տեսակի տրանսպորտային միջոցների համար կիրառելով ամենաբարձր` ավտոբուսների համար նախատեսված գումարը` 78500 դրամը: Արդյունքում ստացվում է, որ մեկ միավոր տրանսպորտային միջոցից գծատերն ամսական ստանում է մոտ 170 հազար դրամ հասույթ: Ամենևին չմոռանալով, որ մեկ երթուղին սպասարկում է մոտ 20 միավոր տեխնիկա, ընդունենք, որ 15 միավոր է աշխատում մեկ ամսվա ընթացքում: Այդ դեպքում գծատիրոջը մուծում են մոտ 2 միլիոն 550 հազար դրամ: Չափազանցված ընդունենք, որ ստացված գումարի մոտ 50 տոկոսը գծատերը ծախսում է տեխնիկական սպասարկման, ապահովագրական վճարների և այլնի վրա (չնայած այդ ծախսերի մեծ մասը նույնպես վարորդն է իրականացնում):

Մի խոսքով` նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր հաշվարկները չափազանցված ձևով կատարեցինք գծատիրոջ օգտին, էլի արդյունքում ստացվեց, որ գծատերը մեկ երթուղուց ամսական ստանում է մոտ 1-1.5 միլիոն դրամ մաքուր եկամուտ այն դեպքում, երբ վառելիքի ծախսը կատարում են վարորդները: Այդ դեպքում գծատերերի եկամուտների գումարն ավելին է, քան 3-5 պատգամավորի կամ նախարարի աշխատավարձը և մոտ 50 թոշակառուի ամսական թոշակը:

Այս հարցն, իհարկե, պետք է լինի համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում գոնե այն առումով, որ հասարակական տրանսպորտի մատուցած «ծառայությունների» որակը բարձր լինի և իրոք համապատասխանի միջազգային չափանիշներին: Իսկ ուղևորները ստիպված չլինեն երթևեկել կիսակռացած, կիսաճզմված վիճակում, կանգնած, «ռաբիզ տաշի-տուշիի» և վարորդների «մուննաթի» ու սպառնալիքների ուղեկցությամբ:

Քաղաքային տրանսպորտի ոլորտի վերահսկողությունը վերապահված է Երևանի քաղաքապետարանին: Հետևաբար քաղաքապետարանն էլ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի ոլորտը կարգավորելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտնում է.

Կա քաղաքապետի հստակ դիրքորոշումը, որ պետք է փոքր ուղևորատարողությամբ տրանսպորտային միջոցները փոխարինվեն միջին ու մեծ ուղևորատարողությամբ միջոցներով: Բնականաբար, այդ դեպքում որոշակի մոտեցումների վերանայման խնդիր կդրվի: Այսինքն` նախատեսված է, որ միկրոավտոբուսները փոխարինվեն միջին ու մեծ ավտոբուսներով: Այդ ուղղությամբ այս տարի կառավարությունը որոշ քայլեր իրականացրեց. որոշեց, որ եթե ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները միջին ու մեծ ուղևորատարությամբ ավտոբուսներ ներկրեն, տրամադրել արտոնագրեր մինչև 10 տարի ժամկետով, պայմանով, որ այդ ընկերությունները մատուցեն նորմալ ծառայություններ ու բարելավեն մայրաքաղաքում ուղևորափոխադրումների մակարդակը, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն խցկված կամ կռացած երթևեկել 15 տեղանոց միկրոավտոբուսներով: Սա էական քայլ էր: Այս ամենը համալիր մոտեցում է, որ կա Երևան քաղաքի տրանսպորտի ոլորտի հայեցակարգում: Դրան գումարենք նաև երթուղագծերի տրամաբանված մոտեցումը: Այսինքն` եթե մի վայրում, ենթադրենք, 40 երթուղի է գործում, իսկ մեկ այլ վայրում ընդամենը 2-3 երթուղագիծ է աշխատում, ապա դա տրամաբանված չէ: Այս ամենը շտկման կարիք ունի, և քաղաքապետն էլ այս ոլորտը կարգավորելու խնդիր է դրել: Համոզված եմ, որ մոտ ապագայում այս հարցերը կլուծվեն:

Իսկ տրանսպորտի սակագների փոփոխություն, համենայն դեպս տեսանելի ապագայում, քաղաքապետարանը չի պատրաստվում իրականացնել:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply