Զինծառայողների հանցավորության պատճառները, պայմանները և կանխումը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | November 3, 2011 7:00

Զինծառայողների հանցավորության պատճառներն ու պայմանները մեծապես որոշվում են հանցավորության ընդհանուր դետերմինանտներով: Դրա հետ միասին այդ ընդհանուր դետերմինանտները զինվորական միջավայրի առանձնահատկությունների, զինվորական ծառայության և կենցաղի պայմաններում դրսևորվում են խիստ յուրահատուկ ձևով: Սույն հանգամանքը բացատրվում է նրանով, որ զինված ուժերը, չլինելով մեկուսացված սոցիալական օրգանիզմ, բայց և այնպես հանդիսանում են համեմատաբար ինքնուրույն պետական ինստիտուտ` միայն իրեն ներհատուկ մարդկանց միջև և հասարակության հետ փոխազդեցության առանձնահատկություններով: Հանցավորության ընդհանուր պատճառները երկրում, ներազդելով զինծառայողների հանցավորության վրա, անխուսափելիորեն փոխվում են բանակային իրականության պայմաններում:

Զինծառայողների հանցավորության պատճառներն ու պայմանները կարող են խմբավորվել հետևյալ կերպ.

  1. Տնտեսական: Հանցավորության այլ պատճառների շարքում տնտեսականն ավանդաբար առաջին պլան է մղվում, որը լիովին հիմնավոր է: Զինված ուժերում տնտեսական պատճառները դրսևորվում են փոքր-ինչ յուրահատուկ ձևով: Ամիսներով դրամական բավարարում չստացող զինծառայողները հաճախ կատարում են շահադիտական հանցագործություններ իրենց և ընտանիքին կերակրելու համար, բաժանվող ֆինանսական միջոցները հաճախ հափշտակվում են վերադաս պետերի կողմից և այլն: Զինծառայողներին տրվող որոշակի արտոնությունները հաճախ հանգեցնում են տնտեսական ուղղվածությամբ հանցագործությունների: Զինված ուժերի գույքի  նկատմամբ ակտիվ հետաքրքրություն են դրսևորում քրեական խմբավորումները, որոնք կապված են կազմակերպված հանցավորության հետ:
  2. Սոցիալական: Զինծառայողների հանցավորության սոցիալական պատճառների շարքը պետք է դասել նրանց մեջ տարածված հարբեցողությունը, որոշ դեպքերում` նաև թմրամոլությունը: Ընդ որում, հարբեցողությունը բնութագրական է հիմնականում սպաներին և համարվում է բացասական զինվորական սովորություն: Թմրամոլությունն արտաբանակային պայմանների ազդեցության տակ ներհատուկ է ժամկետային ծառայության զինծառայողների մի մասին, քանի որ բանակ հաճախ զորակոչվում են պատանիներ, որոնց արդեն ծանոթ են թմրանյութերը:
  3. Քաղաքական: Զինված ուժերի վրա ազդեցություն ունենալու նպատակով տարբեր կուսակցությունների և շարժումների միջև ծավալվող պայքարը հաճախ անցնում է թույլատրելիի սահմանը: Այդ հիմքի վրա որոշ դեպքերում զինծառայողների մոտ ի հայտ են գալիս ապակողմնորոշում, կոնֆլիկտներ քաղաքական հողի վրա:
  4. Կազմակերպակառավարչական, այդ թվում սպաների և կրտսեր հրամանատարների կողմից ծառայության ոչ որակյալ կրումը, ուսուցման, դաստիարակության, երիտասարդ զինվորների կենցաղի վատ կազմակերպումը, կադրերի ընտրության և տեղաբաշխման անկատարությունը և այլն: Ղեկավար պաշտոններում սպաների նշանակումը ոչ միշտ է համապատասխանում նրանց բարոյա-կամային հատկանիշներին, ինչը հարուցում է նրանց գործընկերների դժգոհությունը: Արդյունքում այդպիսի պետի կողմից արձակվող հրամանների և կարգադրությունների կատարումը չի ամրապնդվում ենթակաների անհրաժեշտ բանական նախաձեռնությամբ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ զինվորական կոլեկտիվներում միջանձնային հարաբերություններում: Զինվորական հանցավորության պատճառ է նաև սպաների կողմից զինվորների  նկատմամբ կոշտ ու կոպիտ վերաբերմունքն ու հայհոյանքը:
  5. Զգացմունքային: Այս պատճառները հիմնականում արտահայտվում են նրանով, որ երիտասարդը, մինչև բանակ զորակոչվելը ունենալով կյանքի ընկերուհի, ծառայության ընթացքում լսելով կամ անձամբ ականատես լինելով իրեն «դավաճանելու» փաստին, հոգեբանական ճնշված վիճակի մեջ է ընկնում, և դրան գումարվում է բանակային կյանքը, որի հետևանքով կատարվում է զանցանք կամ հանցագործություն: Համարյա նույնպիսի պատճառ է կարոտը ընտանիքի անդամների, ընկերների և բարեկամների հանդեպ:

Զինծառայողների հանցավորության թվարկված պատճառներին և պայմաններին կարելի է ավելացնել այնպիսի քրեածին գործոններ, ինչպիսիք են զինվորների վատ սնվելը, նրանց ցածր կարգապահությունը, զորամասերի անբավարար համալրվածությունը, սպայական կադրերի պատրաստվածության ցածր մակարդակը, սպաների կենցաղային պայմանների անապահովությունը, անտնտեսվարությունը և անվերահսկողությունը, իրավախախտումների և նույնիսկ հանցագործությունների պարտակումը:

Զինծառայողների հանցավորության պատճառների և պայմանների վերացումը կարևոր պայման է բանակի մարտունակության բարձրացման, ինչպես նաև երկրի անվտանգության ապահովման առաջադրանքը հաջող կատարելու համար:

Զինծառայողների նկատմամբ հանցագործությունների կանխումը որոշ առանձնահատկություններ ունի, քանզի զինծառայող հանցագործի անձն էապես տարբերվում է սովորական հանցագործի անձից, յուրահատուկ է նաև զինծառայողների հանցավոր վարքագծի մեխանիզմը` կապված հատուկ ֆունկցիոնալ առաջադրանքների հետ, ինչպես նաև զենքի տիրապետմամբ, անսովոր է զինծառայողների մեծամասնության պատճառաբանական ոլորտը, որոնք ուղղված են բավարարելու առաջին հերթին տարրական պահանջմունքները:

Զինծառայողների հանցագործությունների կանխման համասոցիալական միջոցառումների շարքում  կարելի է առանձնացնել հետևյալները.

  1. 1. Զորակոչային տարիքի բարձրացումը մինչև 21 տարեկանը կամ գոնե 20 տարեկանը: Առկա բավական ցածր զորակոչային տարիքը մի շարք խնդիրներ է հարուցում: Այսպես, պետության անունից երիտասարդին տրվում է զենք և հրամայվում է մարտական առաջադրանքների կատարում, այսինքն` մարտական զենքի կիրառում: Ընդ որում, ոչ ոք լրջորեն չի մտածում այն սոցիալական և հոգեբանական խնդիրների մասին, որոնց հետագայում կարող է բախվել երիտասարդ, դեռևս լրիվ չձևավորված անձը:
  2. 2. Զինծառայության սոցիալ-կենցաղային պայմանների էական լավացումը և զինծառայողներին օրինավոր միջոցներով  սեփական նյութական պահանջմունքները բավարարելու հնարավորության ընձեռումը:
  3. 3. Սպա դաստիարակի ինստիտուտի զարգացումը, որի գործունեությունը պետք է կապված լինի զինկոմիսարիատի աշխատանքի հետ և հիմնվի նորակոչիկների անձնական գործերի նյութերի վրա:
  4. 4. Զինծառայողների դրական հույզերի զարգացման հետ կապված միջոցառումների քանակի ավելացում (կուլտ-մասսայական և սպորտային միջոցառումներ, ծնողների հրավիրում, տարաբնույթ ինտելեկտուալ խաղերի կազմակերպում և այլն):
  5. 5. Սերժանտական կորպուսի որակական բարելավում: Սերժանտներ պետք է լինեն այն զինծառայողները, ովքեր ծառայության են անցել միայն պայմանագրով,  պետք է ստանան դրամական բավարարում և հատուկ պատրաստվածություն: Որպես այս կատեգորիայի զինծառայողների պատրաստվածության առաջադրանքի լուծման դրական օրինակ` հղում անենք ԱՄՆ-ի փորձին:  Այդ երկրում մոտ 27 ռազմական ուսումնարաններ կան, որոնք պատրաստում են սերժանտներ, ամեն տարի անցկացվում է «տարվա սերժանտ» մրցույթը, որի հաղթողը ստանում է դրամական պարգև մոտ 2 հազար ԱՄՆ դոլարի չափով: Առավել ևս, ամերիկյան բանակի երիտասարդ սպաներն անցնում են հատուկ պատրաստվածություն փորձառու սերժանտների ղեկավարությամբ:
  6. 6. Բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց և սպաների վերաբերմունքի սկզբունքային փոփոխություն կոռուպցիայի դրսևորումների, զինվորական գույքի հափշտակության նկատմամբ, այն սպաների անհապաղ ազատում պաշտոնից, ովքեր նկատվել են այս բնույթի չարաշահումների առնչությամբ: Դժբախտաբար, պետք է հաստատել, որ բանակում շահադիտական հանցավորության աճին լրջորեն նպաստում են քաղաքական իրադարձությունները: Այս համատեքստում լուրջ դեր պետք է ունենան բանակի իրավաբանական բաժինը, ռազմական ոստիկանությունը և զինվորական դատախազությունը:
  7. 7. Զինծառայողների պատասխանատվությունը (կարգապահական կամ քրեական) պետք է հստակ սահմանազատվի` կախված արարքի հասարակական վտանգավորությունից: Այսպես, միջանձնային հարաբերությունների ոլորտում իրավախախտման համար կարգապահական կանոնադրությամբ պետք է նախատեսվեն տույժի բավականին խիստ տեսակներ. օրինակ` զորամասից արձակման արգելք մինչև երկու շաբաթ ժամկետով, սովորական կալանք, խիստ կալանք, ազատում զինված ուժերից բացասական հիմքով և այլն: Դրանից զատ հարկ է հնարավորություն նախատեսել բանակից ազատ արձակելու այն սպաներին, ովքեր «աչքի են ընկել» բարոյական նորմերի խախտմամբ, ինչը կապահովի առավել հաջող պայքար կոռուպցիայի  դեմ դրա սաղմնային փուլում:
  8. 8. Կարգապահական գումարտակների կենսագործունեության բարելավում և քրեական պատիժ կրող զինծառայողների ազատազրկման պայմանների որակական փոփոխություն, ինչպես նաև պատիժը կրած զինծառայողների վերասոցիալականացում:
  9. 9. Զինծառայության պատվաբերության և գրավչության վերականգնում: Նույնիսկ զինծառայության մասին գովազդը ԶԼՄ-ներով միշտ չէ, որ տալիս է ցանկալի արդյունք: Իսկ դրա համար հարկ է կատարել որոշ փոփոխություններ հետևյալ ուղղություններով.
  • զինծառայողները պետք է բուհ ընդունվելիս էական արտոնություններ ստանան ,
  • պետք է գովազդել ոչ թե  բուն զինծառայությունը, այլ մասնագիտությունները, որոնք այն  հնարավորություն է տալիս ստանալու, և որոնք գնահատվում են գործատուի կողմից,
  • կարևոր է լայնամասշտաբ իրազեկել նորակոչիկներին նրանց ծառայության հնարավոր տարբերակների մասին (օրինակ` ըստ փորձագետների կարծիքների`  ԱՄՆ-ի բանակում ծառայության ազդակներից մեկն այն է, որ այն հնարավորություն է տալիս ծառայության բերումով լինելու ամերիկյան ռազմական բազաներում և էկզոտիկ տեղերում(,
  • անհրաժեշտ է խստորեն պահպանել զինծառայողներին «թեժ կետեր» ուղարկելու կարգը միայն նրանց գրավոր համաձայնությամբ, իսկ այն դեպքում, երբ զինծառայողը հանդիսանում է միակ արական սեռի երեխան ընտանիքում, նաև ծնողների գրավոր համաձայնությամբ:

10. Կարևոր նշանակություն ունի զինվորական բարեփոխումների իրավական ապահովումը: Քանի որ զինվորական ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, այն պետք է բազմակողմանիորեն ապահովված լինի նորմատիվ կարգավորմամբ: Իսկ դա նշանակում է ոչ միայն նոր օրենքների ընդունում, այլև արդեն ընդունվածների կիրառում և կատարելագործում:

11. Փորձը ցույց է տալիս, որ այն միջավայրում, որտեղ բարձր է մարդկանց իրավագիտակցության, իրավական դաստիարակության և իրավական մշակույթի մակարդակը, այդ թվում նաև բանակում, այնտեղ ավելի ցածր է հանցավորության մակարդակը, քանզի «ապագա հանցագործը» գիտակցում է ոչ միայն իր կատարելիք արարքի հանրային վտանգավորության աստիճանը, այլև դրա հետևանքները, հատկապես ընտանիքի համար, որը շատ հաճախ դրա հետևանքով ընկնում է նյութական և հոգեբանական ծանր կացության մեջ:

Զինծառայողների կողմից կատարվող հանցագործությունների կանխման վերոշարադրյալ համասոցիալական միջոցառումներն ապահովում են զինվորական ծառայության հեղինակության բարձրացում, նրա առավել արդյունավետ նյութա-տեխնիկական, իրավական, կադրային ապահովում և այլն: Այդպիսի միջոցառումների շարքն առաջին հերթին դասվում են հրամանատարների և պետերի կողմից ենթակաների հետ ամենօրյա դաստիարակչական-կանխարգելման աշխատանքների անցկացումը, զինվորական կարգապահության ամրապնդումը և այլն: Զինծառայողների մեջ օրինապահ վարքագծի ձևավորման համար մեծ նշանակություն ունի հրամանատարների և պետերի անձնական օրինակը, նրանց բարոյա-հոգեբանական կերպարը, պրոֆեսիոնալ պատրաստվածությունը, հոգեբանության և մանկավարժության ոլորտում ունեցած գիտելիքները և այլն: Այս խնդրի լուծման համար ոչ պակաս դեր կարող են ունենալ քաղաքացիները, որոշ հասարակական միավորումներ (խորհուրդներ, զինվորի մայրերի կոմիտեներ, ռազմահայրենասիրական ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններ(, եկեղեցին և ԶԼՄ-ները:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 2081 անգամ:
Print Friendly

Leave a Reply