Ադրբեջանցի զինվորը կրակել է իր ծառայակցի վրա· լուրեր կան փոխհրաձգության և մի քանի վիրավորների մասին

Օրվա լուր | | September 10, 2009 16:38

zinvorԱդրբեջանի Տավուզի շրջանում` Բաքվից 420 կմ արևմուտք, զորամասի զինծառայողը հրազենով վիրավորել է իր ծառայակցին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, ինչպես հաղորդում է «Trend» գործակալությունը, հայտնել են, որ զինծառայող Վյուսալ Իմանովը պատահաբար, ինքնաձիգի հետ ոչ զգույշ վարվելու պատճառով է  կրակել  իր ծառայակցի  վրա:

Հարուցվել է քրեական գործ.  հրազենային վերք ստացած զինվորը հոսպիտալում է, նրա վիճակը բժիշկները միջին-կայուն են գնահատում:

Սակայն  մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ գրել էին, որ զինվորների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել և անգամ 3 զինվոր է վիրավորվել:

Ադրբեջանական «Ապա» գործակալությունն էլ այսօր լուր էր տարածել, թե գիշերը Աղդամի շրջանում կրակոցներ են հնչել հայ-ադրբեջանական շփման գծում: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ, մինչդեռ ադրբեջանական կողմից եղել է միայն 1 վիրավոր: Պաշտոնական Ստեփանակերտը հերքել է ադրբեջանական կողմի լուրերը` այն որակելով ապատեղեկատվություն:

«Նման լուրերն ադրբեջանական քարոզչության երևակայության արդյունք են։ Ոչ մի փոխհրաձգություն չի եղել»,- ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

Բացառված չէ, որ ադրբեջանական բանակում տեղի ունեցած միջադեպը կոծկելու և հասարակության ուշադրությունը դրանից շեղելու համար են ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն  տարածել հայ-ադրբեջանական շփման գծում հայկական կողմի` հրադադարը խախտելու մասին:

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply