Հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ շնորհող օրինագիծը բուռն դժգոհություն է առաջացրել քույր եկեղեցիների ու պատմաբանների շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 28, 2011 1:50

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հայ առաքելական եկեղեցուն պատկանող գույքի համար հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական փոփոխությունը բուռն քննարկումների առիթ է տվել: Մասնավորապես, այդ փոփոխությունների դեմ են արտահայտվում Հայ ավետարանական մկրտական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիները: Նրանք  պահանջում են, որ օրինագծի ընդումից հետո հիշյալ օրենքը տարածվի նաեւ այդ եկեղեցիների սեփականությունների վրա:

«Այլապես սա կդիտվի որպես կրոնական խտրականություն, այնինչ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում: Ինչո՞վ է բացատրվում այն, որ Հայ առաքելական եկեղեցուն ազատում են հարկերից, մեզ` ոչ: Ես հանդիպելու եմ նաեւ պատգամավորների հետ, ես պահանջելու եմ հավասարակություն, որպես այս երկրի քաղաքացի»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Ռուբիկ Փահլեւանյանը:

Կաթողիկե եկեղեցու Գյումրիի ժողովրդապետ Գրիգոր քահանա Մկրտչյանի խոսքով՝ այս օրինագիծն «աբսուրդային» է: «Ինչո՞վ կբացատրեն մեր կառավարական այրերը այն, որ Կեչառիսի վանքի հողատարածքի վրա կառուցված ռեստորանային համալիրը պետք է ազատվի հարկերից, իսկ օրինակ Պողոսյան կրթահամալիրի որբանոցը, որը Կաթողիկե եկեղեցունն է, եւ որը պետության փոխարեն խնամում է գյումրեցի որբ ու սոցիալապես կարիքավոր ընտանիքների երեխաներին պիտի գործի հարկային դաշտում»,-դժգոհել է  է Տեր- Գրիգոր քահանան:

Հիշյալ օրինագծի քննարկումը պատմաբաններին եւս անակնկալի է բերել: Պատմաբան Էմմա Ալեքսանյանն օրինակ զուգահեռներ  է անցկացրել պատմության 4-5 դարերի հետ: «Այն ժամանակ, երբ եկեղեցին խոշոր ֆեոդալ էր, օրինակ վանք է եղել, որ ունեցել է 22 գյուղ, բայց եկեղեցին այնքան հզորացավ, որ անգամ սպառնում էր արքունական պալատին: Հիմա էլ եկեղեցու դերը այս իշխանությունները վտանգավոր կերպով աճեցնում են» ,-ասել է պատմաբանը:

Պատմաբան-քաղաքագետ Արշավիր Գասպարյանի խոսքով՝ ոչ ոք չի ուրանում Հայ եկեղեցու դերը: Նյութական իշխանության բացակայության ժամանակ Եկեղեցին ազգապահպան դեր է կատարել, «բայց սա չի նշանակում, թե պետք է վտանգավոր նախադեպ ստեղծենք, որ հիմա էլ բիզնեսն ու եկեղեցին սերտաճեն: Ինչո՞վ է կառավարությունը բացատրում նման օրինագծի մշակումը: Ազգապահպան դեր կատարում է նաեւ դպրոցը, ինչո՞ւ պիտի կրկնուսույցն այս դեպքում հարկեր վճարի»,-դժգոհել է Արշավիր Գասպարյանը:

Պատմաբանը դժվարացել է ասել` հարցը քաղաքական ենթատեքստ ունի՞, թե՞ ոչ: Իսկ Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Ռուբիկ Փահլեւանյանը վստահ է, որ օրինագծը իշխանություն եւ հայ առաքելական եկեղեցի «հանցավոր համաձայնության արդյունք է», ինչ-որ պայմանավորվածություն կա:

«Ինչ-որ բան կա, որ մեզ մահկանացուներիս պարզ չէ»,-իր հերթին նշել է Կաթողիկե եկեղեցու ժողովրդապետը:

 

NEWS.am

 

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply