Երեւանի քաղաքապետԿարեն Կարապետյանը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 27, 2011 18:52Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի հետ, ով Երևան էր ժամանել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով կանադացի գործընկերոջը, քաղաքապետ Կարեն Կարապետյանը նախ շնորհակալություն է հայտնել Ժերալդ Թրեմբլեյին Երևանի հետ համագործակցության պատրաստակամության համար, ապա, ընդհանուր գծերով ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման քաղաքապետարանի ծրագրերը, Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ Երևանը բաց է ու պատրաստ քննարկել ներդրումային ցանկացած առաջարկ, որը կլինի երկուստեք փոխշահավետ ու էլ ավելի կխորացնի Մոնրեալի հետ գործընկերային հարաբերությունները:
“Համոզված եմ, որքան ավելանան մեր քաղաքների միջեւ բիզնես ծրագրերը, այնքան ավելի արդյունավետ եւ ամուր կդառնա համագործակցությունը: Ընդ որում, մեզ իրապես հետաքրքրում են Մոնրեալի քաղաքային տնտեսության կառավարման և զարգացման կիրառվող մոտեցումներն ու, ըստ այդմ, առաջարկում ենք ակտիվ մասնակցություն ունենալ Երեւանում իրականացվող ներդրումային ծրագրերում, այդ թվում նաև կանադական գործարար շրջանակներին Երևան ներգրավելու տեսքով: Վստահեցնում եմ, որ գործակցությունն իրոք հետաքրքիր ու փոխշահավետ կարող է լինել, հատկապես հաշվի առնելով քաղաքային տնտեսության կառավարման բիզնես տրամաբանություն ենթադրող ոլորտներում մասնավոր կառավարիչներ ներգրավելու մեր մոտեցումները:”,- նշել է Կարեն Կարապետյանը: Քաղաքապետն առաջարկել է նաեւ կազմակերպել մասնագետների փոխայցեր, ծանոթանալ քաղաքապետարանների կառավարման համակարգերին եւ ներկայացվող ծրագրերին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ժերալդ Թրեմբլեյը հատկանշել է, որ բարձր է գնահատում քաղաքների միջեւ ոչ միայն փաստաթղթային գործընկերությունն, այլեւ բարեկամական հարաբերությունների հիմքի վրա զարգացող համագործակցությունը:
“Մենք պատրաստ ենք ամենատարբեր ոլորտներում համագործակցության, եթե դրանք լինեն փոխշահավետ: Երեւանը դիտարկում ենք մեզ համար տարածաշրջանում բիզնեսի զարգաման ամենահետաքրքիր օղակը: Շատ կցանկանայինք, որ այն ծրագրերը, որոնց մասին այսօր խոսում ենք լինեն շոշափելի, համագործակցությունը` գործնական եւ հեռանկարային “,- նշել Ժերալդ Թրեմբլեյը:
Հանդիպման ընթացքում քաղաքապետերը քննարակել են երկու քաղաքների միջեւ առկա, ինչպես նաեւ հետագա համագործացության ուղղությունները: Որպես այդպիսիք դիտարկվել են առողջապահությունը, զբոսաշրջությունն ու հյուրանոցաշինությունը, աղբավերամշակումն ու կրթա-մշակութային ձեռնարկների կազմակերպումը: Ժերալդ Թրեմբլեյը, ներկայացնելով բնապահպանության, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրենց կողմից հաջողությամբ կիրառվող ծրագրերը`ի մասնավորի ժողովրդավարության պարտավորագիրը, առաջարկել է Մոնրեալում գործող Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի օրինակը ևս ներառել Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության ծրագրերի քննարկման փաթեթում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն