Ադրբեջանական թերթի գույքը բռնագրավել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2011 16:41

«Խուրալ»-ի խմբագիրները կարծում են, որ թերթի գույքի բռնագրավման պատճառը վերջինիս որդեգրած քննադատական դիրքն է:

 

Անկախ «Խուրալ» թերթի ղեկավարությունը պատրաստվում է բողոքարկել դատական որոշումը, որի արդյունքում թերթի բոլոր ակտիվները բռնագրավվել են, եւ այն փաստացիորեն փակվել է:

Դատական կատարածուները հայտնվեցին թերթի գրասենյակներում հոկտեմբերի 19-ին եւ բռնագրավեցին այնտեղ եղած ողջ գույքը`իրագործելով դատարանի որոշումը «Խուրալ» թերթի վերաբերյալ, որի դեմ բարձրաստիճան պաշտոնյաները զրպարտության մեղադրանք էին ներկայացրել:

«Գրասենյակները շրջապատել էին արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ոստիկանության աշխատակիցները եւ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք`կարծես նրանք պատրաստվում էին հանցագործ բռնել», – պատմում է «Խուրալ»-ի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալլին:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւը եւ Ադրբեջանի ԶԼՄ-ների աջակցման գրասենյակի ղեկավար Վուգար Սաֆարլին անցյալ տարի համապատասխանաբար 10 000 եւ 5 000 մանաթի չափով (12 700 եւ 6 400 դոլար) դատական կարգով փոխհատուցում են ստացել:

Մեհդիեւի զրպարտության գործը վերաբերում էր 2010 թ. մայիսին «Խուրալ» թերթում տպագրված հոդվածին, որտեղ պաշտոնյան մեղադրվում էր 2000 թվականի ընտրություններին ճանաչված բանաստեղծի մասնակցությունը կանխելու եւ հաճախ վերջինիս հետագա բողոքի ակցիաների հետ կապելու փորձերի մեջ:

Սաֆարլին իր հերթին բողոք էր ներկայացրել անցյալ տարվա հունիսին հրապարակված հոդվածի վերաբերյալ, որտեղ պաշտոնյան մեղադրվում էր Իլհամ Ալիեւին լրատվամիջոցների ազատությունը վերացնելու գործընթացում աջակցություն տրամադրելու մեջ:

Երբ դատարանը որոշում կայացրեց հայցվորի օգտին, դատական կատարածուներն այս տարվա մայիսին գնահատեցին թերթի գույքը:

Թերթի գլխավոր խմբագիրը փորձեց կասեցնել գործողությունների հետագա ընթացքը`ներկայանալով դատարան եւ հայտարարելով, որ «Խուրալ»-ը բավարար միջոցներ չունի փոխհատուցման գումարները վճարելու համար:

Բայց այս շաբաթ դատական կատարածուների վերադարձն իշխանությունները պատճառաբանեցին նրանով, որ «Խուրալ»-ը շաբաթը մեկ անգամ հրապարակվելու փոխարեն այսուհետ ամեն օր է լույս տեսնում, ուրեմն`թերթի ֆինանսավորման ծավալն էլ է մեծացել:

Կատարածուներն առգրավել էին գրասենյակներում եղած ողջ գույքը, ներառյալ www.liberal.az կայքին պատկանող սեփականությունը, որը գտնվում էր նույն շենքում: Կայքի խմբագիր Աֆգան Մուխթարլին հայտարարել էր, որ բռնագրավումն անօրինական բնույթ էր կրում եւ պատրաստվում էր դատական կարգով բողոքարկել այն:

Զեյնալլիի խոսքերով, թերթի գույքի բռնագրավումը քաղաքական պատճառներ ունի, սակայն դատական կատարածուները հերքում են այս ամենը:

«Պետք չէ այստեղ քաղաքական ենթատեքստ փնտրել: Մենք պարզապես մեր աշխատանքն ենք անում», – ասաց նրանցից մեկը`չցանկանալով ներկայանալ:

Ադրբեջանի արդարադատության նախարարությունն իր հերթին հերքում է բոլոր այն ենթադրությունները, թե փորձում է ստիպել «Խուրալ» թերթին փակվել: Նախարարության խոսնակը www.1news.az կայքին տրված հարցազրույցում նշել էր, որ թերթի գույքի բռնագրավումը դատական գործընթացի անմիջական մասն էր կազմում:

«Ներկայում մեծ բարեփոխումներ են մշակվում մամուլին ազատություն տրամադրելու եւ լրատվամիջոցների գործողությունների ազատությունն ապահովելու համար: Սակայն դժբախտաբար, որոշ թերթեր պարզապես չարաշահում են այս հնարավորությունները`զրպարտչական բնույթ կրող եւ անհիմն մեղադրանքներ պարունակող նյութեր հրապարակելով: «Խուրալ»-ը պատկանում է նման թերթերի թվին: Միայն վերջին երեք տարիների ընթացքում «Խուրալ» թերթը 6 դատական գործ է տանուլ տվել կառավարության, հասարակական կյանքի եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչների բարի անունն արատավորելու համար», – հայտարարել է նախարարության խոսնակը`նշելով, որ «Խուրալ»-ը խուսափում է դատական որոշումներն իրականացնելուց, այդ պատճառով անհրաժեշտ է լինում դատական կատարածուների միջամտությունը:

Սակայն թերթի գլխավոր խմբագիրը պնդում է, որ կատարածուների գործողություններն անօրինական բնույթ են կրում:

«Նախ եւ առաջ գույքի բռնագրավման վերաբերյալ դատական որոշումն ի կատար է ածվել դրա հրապարակումից 15 րոպե անց: Օրենքով`մեզ պետք է 10 օր տրամադրվեր պատասխանելու համար, ավելին`այդ ժամանակահատվածում որոշումը բողոքարկելու իրավունք պետք է ունենայինք: Մենք նաեւ դատարան դիմեցինք, որպեսզի կարողանանք կասեցնել դատական որոշման իրագործումը, եւ այս հարցի հետ կապված դատական լսումը նշանակված էր հոկտեմբերի 24-ին: Սակայն թերթի գույքը բռնագրավվեց առանց դատարանի որոշմանը սպասելու: Սա ապացուցում է, որ քաղաքական օղակները պարզապես ցանկանում էին փակել մեր թերթը», – ասում է խմբագիրը:

«Մեր բոլոր ընթերցողները գիտեն, որ «Խուրալ»-ը հայտնի է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում`նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա աշխատակազմի ղեկավարի նկատմամբ իր խիստ քննադատական դիրքորոշմամբ», – նշում է Զեյնալլին:

Բաքվի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի պրոֆեսոր Զեյնալ Մամեդլին նույնպես այն կարծիքին է, որ թերթի գույքն ապօրինի կերպով է բռնագրավվել. «Այս միջադեպը պատիվ չի բերում Ադրբեջանի իշխանություններին»:

«Խուրալ»-ի առեւտրային տնօրեն Նիզամի Հասանլիի խոսքերով` հոկտեմբերի 20-ին «Express-Service» տպագրական ընկերությունը հրաժարվել է տպագրել թերթը:

«Մեզ զանգահարեցին տպագրատնից ու ասացին, որ սարքավորումների հետ կապված խնդիրներ կան, եւ մեր թերթը հնարավոր չի լինի տպագրել: Մենք տասը տարի շարունակ այս տպագրական ընկերության հետ ենք աշխատել, բայց նրանք պարզապես խզեցին մեզ հետ ունեցած պայմանագիրն առանց որեւէ բացատրության: Մեզ տեղեկություններ են հասել, որ գույքը բռնագրավելուց հետո, դատական կատարածուներն այցելել են տպագրատուն եւ զրուցել տնօրենի հետ, այս խոսակցությանը հետեւել էր նախագահի աշխատակազմի գրասենյակից հեռախոսազանգը: Նման ճնշման պայմաններում տպագրատունը ստիպված էր եղել հրաժարվել մեր թերթը հրապարակելուց», – նշում է Հասանլին:

IWPR-ի թղթակիցը զանգահարեց «Express-Service»-ի տնօրեն Էլնուր Ալիեւին, սակայն վերջինս վայր դրեց հեռախոսափողը`տրված հարցը լսելով:

Այնուհետեւ IWPR-ը փորձեց կապվել նախագահի մամլո խոսնակ Ազեր Գասիմովի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանել թերթի հետ կապված միջադեպը:

«Ես պատասխանում եմ միայն այն հարցերին, որոնք անմիջականորեն առնչվում են նախագահի անձի հետ: Եվ ամեն դեպքում, ես դրա ժամանակը չունեմ», – պատասխանեց Գասիմովը:

Լեյլա Մուստաֆաեւա, «Yeni Musavat» թերթի թղթակից,

Կովկասյան լրատու # 614

 

 

 

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply