Արագ սննդի և առողջ ապրելակերպի մասին ֆիթնեսի, խաղի և առողջության միաձուլումը մեր երկրում հետաքրքրության նոր ալիք է արթնացրել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 29, 2011 7:07

Արագության այս դարում անփոխարինելի տեղ ունի արագ սնունդը։ Եվ սա ավելի քան բնական է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այն հայտնի ու տարածված է եղել դեռևս Հին Հռոմում: Պատմությունը վկայում է, որ Հին Հռոմում մինչ անհիշելի ժամանակները գործում էին, այսպես ասած, արագ սննդի կետեր, իսկ ամենատարածված ճաշատեսակը խմորիչով պատրաստված հացն էր` մերօրյա իտալական պիցցայի նախատիպը:

Հիշեցնենք, որ արագ սննդի արտադրությունը սկսվել է ԱՄՆ-ում 1920-ական թթ. ։ Դեռևս այդ  ժամանակ առաջին արագ սննդի ընկերության` «White castle»-ի հնարամիտ ղեկավարին հայտնի էր դրա վնասակարությունը, և միայն  նրա խորամանկ քայլը մոռացնել տվեց արագ սննդի վտանգի հետ կապված կասկածները: Խոսքը սպիտակ խալաթավոր վարձու մարդկանց  ներկայության մասին է արագ սննդի կետերում, ինչը տպավորություն էր ստեղծում, թե հենց բժիշկներն են օգտվում արագ սննդից:

Հասարակությունը, ժամանակ չունենալով, նախընտրում է օգտվել արագ սննդից, որը նաև մատչելի է, բայց այս «արժանիքների» կողքին արագ սնունդն առանձնանում է նաև վնասակար ազդեցությամբ. ճարպակալում, շաքարային դիաբետ, սրտանոթային և այլ հիվանդություններ, ընդհուպ մինչև քաղցկեղ: Արագ սննդից հիմնականում օգտվում են դեռահասներն ու համալսարանականները: Վերջիններիս համար այս տարբերակը առավել քան շահավետ է, գրպանը չի տուժում, և ամենակարևորը` սնունդը հրամցվում է շատ արագ:

Այս  խորապատկերում հետաքրքրական է Երևանի ու մարզերի տարբեր համայնքներում բացված ֆիթնեսի ու տարատեսակ մարզախաղերի առատության փորձը:

Դեռևս ամիսներ առաջ մայրաքաղաքի մի շարք բակերում տեղադրված մարզասարքերը մեծ հետաքրքրություն և պահանջարկ են վայելում թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների և թե՛ նույնիսկ արտասահմանցիների շրջանում:

Ավան համայնքի 60-ամյա բնակչուհի տիկին Արմենուհին ամեն օր իր 8-ամյա թոռնիկին բերում է վերջերս թարմացված խաղահրապարակ և թոռան հետ մարզասարքերով մարզվում: «Ճիշտ է, մեր բակում միշտ էլ եղել են խաղահրապարակներ, սակայն այս մարզասարքերը հետաքրքիր, հաճելի և օգտակար նորամուծություն են: Երեխաներն էլ, մեծերն էլ մշտապես օգտվում են, շատ հաճախ մարզասարքերի մոտ հերթեր են գոյանում: Այսպես երեխաներն իրենց համար նոր զբաղմունք են գտել և առավել արդյունավետ ու օգտակար են անցկացնում ժամանակը բակում»,- ասում է տիկին Արմենուհին:

«Ֆիզիկական կուլտուրա» առարկան դասավանդող տիկին Նահապետյանը կարծում է, որ  մեր օրերում բավական լուրջ քաղաքականություն է տարվում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում, և պատահական չէր մայրաքաղաքի բակերում մարզասարքերի տեղադրումը: «Սպորտն ինձ համար մի ամբողջ կյանք է: Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք անվճար օգտվելու այս սարքերից: Երևանում հրաշալի ակումբներ կան, բայց դրանք ամեն մեկի գրպանի համար չեն: Ես պետք է միայն ողջունեմ այսօրինակ նախաձեռնությունները:  Դրանք հրաշալի հնարավորություն են տալիս երեխաներին, նաև մեծահասակներին` մարզելու մկանները,- նշում է տիկին Նահապետյանը, որ ամեն օր հաճախում է բակ ու մարզվում:- Առավոտյան ամուսնուս ու երեխաներիս հետ ենք գալիս: Պատահում են նաև դեպքեր, որ երեխաներն իրար հերթ չեն տալիս: Սարքերը շատ գունազարդ ու գեղեցիկ են, դա է պատճառը, որ գրավում են երեխաներին, իսկ մեծահասակներն էլ անտարբեր չեն անցնում»:

Նահապետյանը երբեմն նաև ստիպված է լինում մարզվողներին խորհուրդներ տալ, քանի որ շատ հաճախ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները ընդամենը օգտվելու տարրական կանոններն էլ չգիտեն: «Սկզբունքորեն ես միշտ էլ հետևում եմ, թե երեխաներն ինչպես են մարզվում: Պահը բաց չեմ թողնում և շատ հաճախ նաև ուղղում եմ: Դե, կան երեխաներ, որոնք լուրջ չեն վերաբերվում, շատերն էլ հաջորդ անգամ, երբ տեսնում են ինձ, ասում են, որ այսպես ավելի լավ է, արդյունք ստանում են: Մեծահասակներն էլ են երբեմն դիմում ինձ, չնայած նրանք շատ «տարված» չեն այս մարզասարքերով»,- ասում է տիկին Նահապետյանը:

Մասնագիտությամբ թարգմանչուհի, 35-ամյա Դիանա Սարգսյանը արդեն երկու տարի է, ինչ ամուսնու, 10-ամյա որդու և 6-ամյա դստեր հետ հաճախում է Երևանի մարզասրահներից մեկը, որտեղ շաբաթական 3 անգամ մի քանի ժամով մարզվում են և լիցքաթափվում: «Մենք մարզական ընտանիք ենք և ժամանակ առ ժամանակ հաճախում էինք լողի, իսկ արդեն անցյալ տարվանից քաղաքի առաջատար մարզասրահներից մեկից տարեկան փաթեթներ ենք վերցնում, որոնց արժեքը մեկ անձի համար կազմում է մոտ 1000 դոլար, և ավելի հաճախակի ենք այցելում մարզասրահ` օգտվելով այնտեղ տրամադրվող տարբեր ծառայություններից»,- ասում է Դիանա Սարգսյանը` ավելացնելով, որ մարզասրահ այցելություններն ապահովում են իր և իր ընտանիքի առույգությունն ու առողջությունը:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Վահրամ Բաբայանն էլ ասում է, որ սպորտով և առողջ ապրելակերպով հետաքրքրվողների թվի ավելացումը կապում է վերջին տարիներին պրոֆեսիոնալ սպորտում Հայաստանի ունեցած հաղթանակների հետ: Նրա կարծիքով` դեր ունի նաև Արևմուտքից ներթափանցած հերթական «նորամուծությունը»: «Մեր երկրի հավաքականների վերջին մարզական հաջողությունները, իհարկե, սկսել են ոգևորել մարդկանց: Մարդիկ ավելի ու ավելի են հասկանում, որ ավելի լավ է մարզվելով պահել առողջությունը, քան հետո դիմել դեղահաբերի օգնությանը: Մյուս կողմից էլ կարծում եմ, որ սա նորաձևության պես մի բան է, և շատերը պարզապես չեն ուզում հետ մնալ մյուսներից և միայն դրա համար են հաճախում մարզասրահ»,- ասում է Վահրամ Բաբայանը:

Չինացի Յոն Կիմին և նրա կինը` Կան Օնյուգան, արդեն 2 տարի է, ինչ ապրում են Հայաստանում և ամեն օր հաճախում են Արաբկիր վարչական շրջանի մոտակայքում գտնվող հրապարակ: «Ես ու կինս ամեն առավոտ` լուսաբացին, հաճախում ենք այստեղ: Սկզբում մի լավ վազում ենք, երբեմն հեծանվով զբոսնում, բայց անպայման օգտվում ենք այս սարքերից: Հաճախ մեզ երևանցիները հարցուփորձ են անում, բայց, ցավոք, չենք հասկանում, թե ինչ են հարցնում: Դե, միայն ես եմ անգլերեն խոսում, իսկ կնոջս հետ շփվում ենք մեր մայրենի լեզվով»,- ասում է Յոնը:

Նա ասում է, որ այս մշակույթը շատ ավելի հեռուներից է գալիս, և եթե մարդը ցանկանում է առողջ ապրելակերպ ունենալ,  անպայման պետք է ամեն առավոտ վազքով զբաղվի: «Երբեմն պատահում են երիտասարդներ, որոնք գալիս են մարզվելու, բայց այդ ընթացքում հասցնում են մի քանի գլանակ ծխել: Առողջ ապրելակերպի նախապայմանը նաև չծխելն է»,-վստահեցնում է նա ու հավատացնում, որ երբեք ո՛չ ինքը, ո՛չ էլ իր կինը չեն ծխել:

Հետևենք օրինակելի ընտանիքի բաղադրատոմսին, այն է` փորձել չծխել, ամեն առավոտ մարզվել, և չօգտվել արագ սննդի ծառայություններից:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

 

Դիտվել է 2772 անգամ:
Print Friendly

Leave a Reply