Սառը ցնցուղ` ծանրամարտի աշխարհի առաջնությունից առաջ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | October 30, 2011 7:05

Հայաստանի  հավաքականի ծանրորդները և ծանրորդուհիներն այս օրերին  Պոդոլսկում, Բաղրամյանում և Աբովյանում նախապատրաստվում են  եկող ամիս Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Այս ստուգատեսից հետո պարզ կդառնա, թե քանի մասնակից կունենանք 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:

Գաղտնիք չէ, որ այդ ստուգատեսում ամենամեծ սպասելիքներն ունենք երկաթախաղի վարպետներից, որոնք 4 տարի առաջ Պեկինում կազմակերպված օլիմպիական խաղերում տիրացել են բրոնզե երեք մեդալի:

Սակայն այս օրերին անցանկալի իրադարձություն է եղել, որը կարող է հոգեբանորեն խանգարել տարվա գլխավոր փորձությանը նախապատրաստվող մեր ծանրորդներին և ծանրորդուհիներին: Երկար ժամանակ է, որ Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչները չէին որակազրկվել: Եվ ահա Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2011 թ. մրցումների հակադոպինգային ստուգման արդյունքները: Ցավոք, որակազրկված 10 մարզիկների թվում երկուսը  Հայաստանից են: Եվրոպայի փոխչեմպիոն Էլեն Գրիգորյանն (53 կգ) ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորիկ Պողոսյանը (94 կգ) պատիժ կկրեն: Նրանք մրցահարթակ չեն մտնի մինչև 2015 թվականը:

Կատարվածը նման է սառը ցնցուղի: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը հնարավոր է համարում, որ այս ամենը թյուրիմացության հետևանք լինի: Բանն այն է, որ մեր մարզիկները պարբերաբար ստուգվում են: Բացի այդ, որակազրկվողներն էլ վստահեցրել են, որ իրենք այդ առումով կարգը չեն խախտել:

Ամեն դեպքում, Հայաստանի ծանրամարտի  ֆեդերացիան դիմել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային, որպեսզի կրկնակի հետազոտություն անցկացվի: Բանն  այն է, որ  երկու փորձանմուշ է առանձնացվում: Առայժմ ստուգվել է դրանցից միայն մեկը: Երկրորդ ուսումնասիրությունը կատարելու նպատակով ամեն մարզիկի համար վճարվել է  2500 եվրո: Հակադոպինգային միջազգային  «Վադա» կազմակերպությունն այս հարցի վերջնական պատասխանը պետք է տա մինչև դեկտեմբերի 10-ը: Ընդ որում, շատ հազվադեպ  են մարզիկներն արդարացվում, և նրանց որակազրկումը` հանվում:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply