Ձախողումներ, բայց կատարված առաջադրանք

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | November 2, 2011 7:00

Հայաստանի ներկայացուցիչը 16-ամյա ընդմիջումից հետո օիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարի մասնակցելու հնարավորություն ունի: Վերջին անգամ մեր երկրից մարմնամարզիկ է օլիմպիական մրցահարթակ մտել 1996-ին, Ատլանտայում: Եվ ահա դա կարող է կրկնվել 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում:

Դժվար է ասել, թե ինչն է պատճառը, որ մերոնք տևական ժամանակահատված չեն կարողանում այդ իրավունքին արժանանալ: Թերևս խանգարում է այն հանգամանքը, որ մարմնամարզությունն աստիճանաբար տարածվում է ողջ աշխարհում, ուժեղները շատանում են:  Ի լրումն` նոր կանոններ են սահմանվում, որոնք ավելի են դժվարացնում օլիմպիական ուղեգրերի նվաճումը:

Օրերս ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած մարմնամարզության աշխարհի առաջնությունում էլ մարմնամարզիկները վիճարկում էին ոչ միայն այդ ստուգատեսի պարգևները, այլև օլիմպիական ուղեգրեր: Միանգամից «Լոնդոն 2012»-ի խաղերին մասնակցելու իրավունք էին ստանում բազմամարտում և բազմամարտի առանձին մրցաձևերում մեդալակիր դարձողները: Այսինքն` այդպիսի պատվի արժանացողների թիվը խիստ սահմանափակ էր: Բացի այդ, առանձին մրցաձևերում հանդես եկողները պետք է կարողությունները փորձեին առնվազն երեք մրցաձևում: Եթե անգամ մեկ մրցաձում որևէ մարմնամարզիկ մեդալակիր դառնար, բայց մյուսներում  մարմնամարզիկների ցույց տված միջին արդյունքից ցածր գնահատական ստանար, խնդիրը չէր կարող լուծված համարվել:

Օրինակ` հունգարացի Քրիստիան Բերկին նժույգաթափերում աշխարհի չեմպիոն դարձավ, սակայն օլիմպիական ուղեգրի չարժանացավ: Նույն բախտին արժանացավ  այդ մրցաձևում բրոնզե մեդալակիր անգլիացի Լուիս Սմիթը: Պատճառն այն էր, որ հունգարացին ցածր` 10 միավոր էր ստացել օղակների վրա վարժություններում, իսկ Սմիթն էլ միայն մեկ մրցաձևում էր հայտավորվել: Ի դեպ, եթե վերջինս վարկանիշ չլրացնի, ապա որպես կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ, այնուամնայնիվ, խաղերին մասնակցելու հրավեր կստանա:

81 երկրների 262 մարմնամարզիկ և 216 մարմնամարզուհի էին մրցահարթակ եկել: Բազմամարտում Հուռի Գեբեշյանը 115-րդն էր: Ավելի լավ վիճակում չէին Հարություն Մերդինյանը (80,665) և Արթուր Դավթյանը (80,497), որոնք 92-դ և 95-րդ հորիզոնականներում էին: Վահագն Դավթյանը հայտավորված չէր բազմամարտի մրցաշարում, սակայն հանդես էր գալիս երեք մրցաձևում, նաև իր նախասիրած մարզագործիքի` օղակների վրա վարժություններում:

Հայաստանի պատվիրակությունն առաջին օրերին ցնցող իրավիճակում է հայտնվել, ասես, Ճապոնիայում ցունամի է սկսվել, սակայն հետո աստիճանաբար մերոնք ուշքի են եկել, վերագտել են իրենց: Իսկ  վերջում շատ գոհ են մնացել, երբ բացահայտվել է, որ մեր երկրի մեկ պատվիրակ կարող է հանդես գալ հունվարի 7-10-ը Լոնդոնում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում, և ուղեգիր նվաճելու  մեծ հավանականություն կա:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանին հարցրեցինք, թե մեր երկրի ներկայացուցիչներն ինչ հույս ունեին աշխարհի առաջնությունում:

– Ակնկալում էինք, որ Մերդինյանը լավ հանդես կգա նժույգաթափերում և կմտնի եզրափակիչ: Ինքնին հարց կարող է առաջանալ, թե ինչու էինք երկու մարզիկ  հայտավորել բազմամարտի մրցաշարում, երբ նրանցից յուրաքանչյուրը կարող էր մասնակցել միայն 3-ական մրցաձևում: Բանն այն է, որ եթե մեր երկրի ներկայացուցիչները 24 արտոնյալ թիմերի թվում հայտնվեին, ապա մեր մարմնամարզիկներից մեկին հնարավորություն էր տրվելու մասնակցելու Լոնդոնում կայանալիք վարկանիշային մրցաշարին:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում մերոնց մասնակցությունը:

– Վատ: Սա ասում եմ հարաբերականորեն: Բանն այն է, որ  Արթուր Դավթյանը բազմամարտում իր հնարավորություններից 5 միավոր պակաս է հավաքել: Մասնավորապես, 6 ամիս առաջ Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությունում նա վաստակել էր 84,5 միավոր: Առաջին մրցելույթներից հետո հիասթափեցրեց նաև 27-ամյա Մերդինյանը: Անկեղծորեն պետք  է խոստովանեմ` հույսս կտրել էի, որ  լավագույն 24 երկրների ցանկում կհայտնվենք: Փաստորեն, 1-8-րդ տեղերը գրաված թիմերի բոլոր մարմնամարզիկները օլիմպիական վարկանիշը լրացրած էին համարվում: Նրանց էին միանալու նաև անհատական մրցումների մեդալակիրները: Իսկ մնացած մարմնարզիկների մի մասին հնարավորություն էր տրվելու կարողությունները փորձել երկրորդ անգամ: Եվ քանի որ մեր երկիրն այդպիսի մեկ տեղ ունի, դա գոհացնում է, քանի որ հենց այդպիսի առաջադրանք էլ դրված էր:

Այնուամենայիվ, Մերդինյանը նժույգի վրա վարժություններում դարձել է Եվրոպայի մրցանակակիր, և նրանից սպասելիքները փոքրինչ ավելին էին:

–  Իր նախասիրած մրցաձևում Հարությունը մի շարք սխալներ թույլ տվեց, վերջում էլ անհաջող ավարտեց մրցելույթը` չկատարելով կարևոր մեկ տարր: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մրցավարությունը շատ խիստ էր և ամեն աննշան վրիպման համար մարմնամարզիկներին խստագույնս պատժում էին, նրանց ցածր միավորներ շնորհում, ապա դա լուրջ սայթաքում էր: Եվ Մերդինյանը ստացավ 13,2 գնահատական: Զուգափայտերի վրա վարժությունները կատարելիս, թեև ցած չընկավ, սակայն նստեց մարզագործիքի վրա, որը նույնպես կոպիտ սխալ է և ստացավ 13,150 գնահատական: Բայց  դա վերջը չէր: Արթուր Դավթյանն անհասկանալիորեն առաջին իսկ մրցաձևում` պտտաձողի վրա վարժություններում 10,4 գնահատականի արժանացավ: Նա վարժությունները կատարելու ընթացքում վայր ընկավ: Այդպիսի դեպքում մարզիկը 1 միավոր է կորցնում, բայց նա զրկվեց 4 միավորից: Պատճառն այն է, որ կատարվածից հետո Արթուրը պետք է իջներ և հետո շարունակեր: Սակայն 19-ամյա մարզիկը կորցրել էր իրեն և փորձում էր անմիջապես շարունակել մրցելույթը և անհասկանալի բաներ կատարելով` նոր սխալներ էր թույլ տալիս:

Իսկ Վահագն Դավթյանն ինչպե՞ս դրսևորեց իրեն:

– Նա իրենն արեց: Ազատ վարժություններում և հենացատկերում 23-ամյա մարզիկը պետք է միջին գնահատականներ ստանար, որն արվեց, իսկ օղակների վրա վարժություններում 14,760 գնահատական ստացավ և, ի վերջո, 23-րդ տեղը գրավեց:

Լոնդոնում թիմային վարկանիշային մրցաշար չի՞ անցկացվելու:

– Ինչպե՞ս չէ: Տոկիոյում 9-16-րդ տեղերը գրաված հավաքականները մրցելու են և 1-4-րդ տեղերը գրավողները 4-ական մասնակից են ունենալու օլիմպիական խաղերում: Արդեն վարկանիշը լրացրել են ճապոնիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի, Կորեայի, Ռումինիայի, Ուկրաինայի հավաքականները: Իսկ պայքարելու են Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի, Կանադայի, Բրազիլիայի, Պուերտո Ռիկոյի, Իտալիայի, Բելառուսի հավաքականները:

Անսպասելի բաներ եղե՞լ են:

– Պայքար էր ընթանում ոչ միայն մրցահարթակում, այլև կուլիսների ետևում` մրցավարների միջև: Ռուսերեն հաղորդակցվող մրցավարները փորձում էին իրար նեցուկ լինել,  պորտուգալերեն, իսպաներեն, անգլերեն իմացողները` միմյանց, և այլն: Երբ մեր մարմնամարիզիկներն էին մրցելույթներ ունենում, մրցավարների խմբում ես և ուկրաինացի մեկ մասնագետ էր: Դա լավագույն տարբերակը չէր: Ինչ վերաբերում է անակնկալներին, ապա Բրազիլիայի, Պուերտո Ռիկոյի թույլ կազմեր ունեցող հավաքականների հայտնվելը նախընտրելի դիրքում կատարված ամեն ինչի մասին պատկերացում է ստեղծում:

Հայաստանն ինչո՞ւ աշխարհի առաջնությունում չէր մասնակցում թիմային մրցաշարին:

– Աշխարհի առաջնությանը մասնակցում էին նախորդ ստուգատեսում 1-24-րդ տեղերը գրավողները: Իսկ 2010-ին Ռոտերդամում կազմակերպված աշխարհի նախորդ առաջնությունում միայն Մերդինյանն էր հանդես եկել:

Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի ներկայացուցչի Լոնդոնում օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունը:

– Եթե մեր երկրի ներկայացուցիչը հանդես գա իր հնարավորությունների սահմաններում, բազմամարտում 84-85 միավոր վաստակի, նա կշրջանցի 17 երկրի մարմնամարզիկի: Հույս կա, որ այդպես էլ կլինի: 40 երկրների մարմնամարզիկներ են հանդես գալու, և անհրաժեշտ է առնվազն 25-րդ տեղը գրավել: Այդ տեղերը թափուր են մնացել, մյուսները զբաղեցրել են արդեն վարկանիշ ստացած հավաքականները և անհատական պայքարում աչքի ընկած մարմնամարզիկները: Ի դեպ, Լոնդոնում բազմամարտի առանձին մրցաձևերում մարզմնամարզիկները հանդես չեն գալու: Մեր խնդիրն է պարզել, թե Հայաստանից ում ենք ուղարկելու, Մերդինյանի՞ն, թե՞ Արթուր Դավթյանին: Առաջիկայում այդ երկուսի միջև փորձամրցում կանցկացվի: Բազմամարտի հաղթողը կնախապատրաստվի Լոնդոն մեկնելու: Այդ ամենը շատ արագ պետք է արվի, քանի որ մինչև այդ մեկնարկը մնացել է երկու ամիս:

Այս երկու մարմնամարզիկներից ո՞րը, օլիմպիական խաղերի մասնակցելով, մեդալակիր դառնալու ավելի մեծ հնարավորություններ կունենա:

– Միայն ես չեմ որոշելու, թե նրանցից ով է ավելի արժանավորը: Սակայն կան խնդիրներ: Մերդինյանին խանգարում է վնասվածքը, բայց եթե նա հանդես գա օլիմպիական խաղերում, ապա նժույգաթափերում լավ հնարավորություններ կունենա: Բանն այն  է, որ այդ մարզագործիքի վրա հանդես եկող նրա գրեթե բոլոր ուժեղ մրցակիցները պայքարից դուրս են մնացել և օլիմպիական խաղերի ուղեգրեր չունեն:

Մեր մարմնամարզուհի, ԱՄՆում բնակվող և պարապող Հուռի Գեբեշյանն ինչպե՞ս իրեն դրսևորեց Տոկիոյում:

– Վարժությունները կատարելիս նա ոչ մի սայթաքում թույլ չտվեց, արեց այն, ինչի ունակ է և մոտ էր Լոնդոնում կայանալիք վարկանիշային մրցաշարւմ հանդես գալու իրավունքի ձեռքբերումը, սակայն չստացվեց:

Լավագույն մարզավիճակով վերջին փորձությանը մասնակցելու համար ի՞նչ պետք է արվի:

– Տարեվերջ է, ֆինանսական խնդիրներ կան: Մեր ուժերով, առանց ուսումնամարզական հավաքի պետք է պարապել և մասնակցել:

 

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply