Դատախազների և դատավորների աշխատավարձերը բարձրացան, բայց կոռուպցիան չվերացավ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 27, 2011 16:05

Խորհրդարանում այսօր քննարկվեց կառավարության ներկայացրած «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություներ և լրացում կատարելու մասին և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

«Մեր երկրում աշխատավարձի քաղաքականություն չի վարվում, և ամեն անգամ կառավարությունը հանդես է գալիս իր հերթական բացատրությամբ` ներկայացնելով, թե ինչու է ինքն անկարող,-իր ելույթում նշեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա, աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար` որպես աղբյուր, Դաշնակցությունը դեռևս 2011 թվականին պետական բյուջեի քննարկման ժամանակ մատնանշել էր մի կարևոր աղբյուր` ընդերքի օգտագործումը, ինչի շնորհիվ, ըստ ՀՅԴ-ի հաշվարկների, շուրջ 75 միլիարդ դրամ հավելյալ եկամուտ կարելի էր ստանալ. “Սակայն այդպես էլ այդ ոլորտներում բարձրացումներ չեղան, փոխարենը ինչ-ինչ ոլորտներում կատարվում են աշխատավարձերի բարձրացումներ”,-ասաց պատգամավորը` որպես օրինակ նշելով առաջիկայում ստեղծվելիք բարձրաստիճան էթիկայի հանձնաժողովի համար նախատեսված աշխատավարձերը` 680 000, 640 000 և 600 000,-բա որտեղի՞ց էս գումարները: Թե՞ էն, ինչ որ ձեզ պետք է, ճարում եք»:

Իր հարցին ինքն էլ պատասխանեց. «Երևի Ձեզ անհրաժեշտ է, որպեսզի լինեն ընկճված, ճնշված քաղաքացիական ու պետական այլ ծառայողներ, որոնց վրա ճնշում գործադրելը և կոռուպցիայում մեղադրելը շատ ավելի հեշտ լինի,-հայտարարեց նա` ավելացնելով,-պատահական չէ, որ քաղաղացիական ծառայողները, այս ամենից զզվելով, սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են արտահայտում»:

Մինասյանը չի հավատում կառավարության այն պատճառաբանությանը, թե բյուջեն հնարավորություն չունի. «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ունի,-ասաց նա,-ոչ միայն ունի, այլև ավելին ունի, պարզապեաս վճռականություն և իրական ցանկություն է պետք»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ արձանագրեց, որ այն պահից, երբ դատավորների և դատախազների աշխատավարձերը բարձրացվեցին` նկատի ունենալով հակակոռուպցիոն ռազմավարությունը, կոռուպցիան այդպես էլ չնվազեց. «Չէր էլ կարող նվազել, քանի որ մեր կառավարման ամբողջ համակարգում գործում է “ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես” սկզբունքը, որտեղ իշխանության մի մասը տալիս է քաղաքական պատվեր, իսկ իրավապահ մարմինները, դատարաններն ու դատախազությունն իրականացնում են այդ պատվերն ամբողջ ծավալով` որպես փոխհատուցում ստանալով կոռուպցիայի հնարավորւթյուններ ու բարձր աշխատավարձեր»,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով, դրա փոխարեն անհրաժեշտ է բարձրացնել քաղծառայողների աշխատավարձը, որոնք պետական կառավարման համակարգի ամբողջ ծանրությունն են իրենց վրա վերցնում:

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply