«Արաբական գարնան» աշնանային պտուղները կամ ի՞նչ սպասել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | October 28, 2011 7:00
Այն, որ արաբական աշխարհի խճանկարն այս մեկ տարվա ընթացքում արմատական փոփոխություններ կրեց ու դեռ կրելու է, առավել քան ակնհայտ է: Սակայն տեղի ունեցող իրադարձությունները լրջորեն վերլուծելու համար առնվազն դեռ պետք է սպասել, քանի որ.
1. Իրավիճակը պետք է գնահատել հետևանքներով ու արդյունքներով, որոնք նոր-նոր են ի հայտ գալիս:
2. Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկներում սկսված հեղափոխական շարժումները, ընթացքն ու դրդապատճառներն այնքան տարբեր են, որ առնվազն սխալ է դրանք մեկ ընդհանուր «արաբական գարուն» անվան տակ դիտարկելը, եթե հաշվի չառնենք զուտ ժամանակային գործոնը:
Իհարկե, չենք հերքում այն, որ առկա են ընդհանրական մի շարք գծեր, որոնք հանգեցրին հեղափոխական ալիքի տարածման: Հետևաբար, նախ անդրադառնանք դրանց (ստորև դրանց մատնանշումը հեշտացնելու նպատակով համարակալենք):
1. Արաբական աշխարհում առկա հավաքական ինքնության առկայության տարրը, ինչի շնորհիվ մի տեղ սկսված բողոքի ալիքը շղթայական ռեակցիայով տարածվեց նաև մյուս արաբական պետություններում:
2. Մուսուլմանական աշխարհում և մասնավորապես արաբական աշխարհում հայտնի ցեղային առաջնորդության մտածողությունը, ինչը շատ երկրներում որոշիչ դեր ունեցավ, որ մարդիկ փողոց դուրս գան:
3. Տասնյակ տարիներ փոփոխության չենթարկվող, հնացած ու մենաշնորհված քաղաքական համակարգերի փոփոխության անհրաժեշտությունը, քաղաքական մրցակցության բացակայությունն ու առանձին քաղաքական, էթնիկ, կրոնական, ցեղային խմբավորումների ու խմբերի չներկայացվածությունը քաղաքական էլիտայում, բռնապետերի առկայությունը, ընտրությունների անցկացման խիստ խորհրդանշական բնույթը կամ դրանց բացակայությունը:
4. Արաբական պետություններում բնակչության սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը, սոցիալական անհավասարությունը, համակարգերի կոռումպացվածությունը, տնտեսական պաշարների վերաբաշխման անհնարինությունն ու մենաշնորհային կառուցվածքը:
5. Դատական համակարգի բացակայությունը կամ չկայացվածությունը, շարքային քաղաքացիների` իրենց իրավունքները օրինական ճանապարհով պաշտպանելու անկարողությունը:
Սակայն այս շատ ընդհանրական միտումները բավականին քիչ տեղեկություն են տալիս առանձին երկրում տիրող իրավիճակի լուսաբանման համար:
Ժողովրդական հուզումներ. առանցքային տարբերություններ` ըստ իրավիճակի
Իհարկե, կարելի է փաստել, որ տեղի ունեցած հեղափոխական շարժումների վրա էական ազդեցություն ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը, մասնավորապես` հեղափոխությունները Թունիսում ու Եգիպտոսում սկսվեցին «ֆեյսբուքային» կոչերից: Սակայն, երկրների առանձնահատկություններով հանդերձ, տարբերություններն ակնհայտ էին, նայած, թե ինչ զարգացումներ եղան հետո, ու ովքեր դուրս եկան փողոց: Մի երկրում հեղափոխական ալիքի շարժիչ ուժը զարգացող միջին խավն էր, որն այլևս չէր կարող տանել բռնապետական վարչակարգը, երկրորդում պայքարը տարբեր ցեղային խմբավորումների միջև էր, երրորդում պայքարը էթնիկ ու կրոնական բնույթ ուներ տարբեր խմբերի միջև (1):
Պետություններում տեղի ունեցող զարգացումների վրա էական ազդեցություն ունեցավ նաև բանակի և ուժային կառույցների դիրքորոշումը (2). մասնավորապես` Թունիսում դրանք, ի վերջո, ստիպեցին նախագահ Բեն Ալիին փախչել երկրից, Եգիպտոսում հրաժարվեցին կրակել ժողովրդի վրա, և Մուբարաքը ստիպված տեղի տվեց ու հրաժարական ներկայացրեց: Իսկ Սիրիայում ու Լիբիայում հակակառավարական ցույցերը վերածվեցին արյունահեղ բախումների, որոնք հազարավոր մարդկանց կյանք խլեցին: Սակայն անհրաժեշտ է ընդգծել, որ երկու երկրում էլ փողոց էին դուրս եկել ինչպես Մուամար Քադաֆիի ու Բաշար Ալ Ասադի հրաժարականը պահանջողները, այնպես էլ իրենց երկրի առաջանորդներին պաշտպանող հազարավոր մարդիկ, որոնց միջև մեծաթիվ բախումներ եղան, ու այնպես չէ, որ պայքարը ծավալվում էր միայն ասպտամբների և ուժային մարմինների միջև (3): Մի փոքր այլ իրավիճակ է Եմենում, որտեղ զինվորականության մի զգալի հատված անցել է ապստամբների շարքերը, և նախագահ Աբդուլլահ Սալեհը համաձայնել է հրաժարական տալ իրեն չհետապնդելու երաշխիքների դիմաց, կողմերի միջև զինադադար է կնքվել (4):
Այսպիսով, ժողովրդական հուզումները արաբական առանձին երկրներում տարբեր ընթացք ու դրսևորումներ ունեցան: Կան երկրներ, որտեղ առհասարակ իրավիճակը հեղափոխական վիճակի կամ լուրջ ներքաղաքական ցնցումների չհասավ. մասնավորապես` Ալժիրում զանգվածային ցույցերն ավարտվեցին նրանով, որ երկրի նախագահը հայտարարեց երկու տասնյակ տարիներ ձգվող արտակարգ ռեժիմը հանելու մասին (Սիրիայում էլ Բաշար Ալ Ասադն է դադարեցրել 48 տարի ձգվող արտակարգ դրությունը, սակայն այնտեղ զինված պայքարը շարունակվում է), Օմանում սուլթանը համաձայնեց իր լիազորությունների մի մասը փոխանցել խորհրդարանին և այլն (5):
Երկակի ստանդարտներ կամ ուժային լուծումներ` «ըստ ճաշակի»
Արաբական աշխարհի հատկապես այն երկրներում, որտեղ բանը հասավ հեղափոխության, իրավիճակային զարգացումների վրա մեծ ազդեցություն թողեց նաև երրորդ երկրների դիրքորոշումը: Մասնավորապես` արևմտամետ Թունիսում և Եգիպտոսում, որն ընկալվում էր որպես ԱՄՆ-ի հիմնական արաբական դաշնակիցներից մեկը: Արևմուտքի մոտեցումը միանշանակ ապստամբների կողմը չէր, քանի որ երկու դեպքում էլ վտանգ կար, որ ռեժիմների փոփոխությունը կհանգեցնի ֆունդամենտալիստ իսլամիստների դիրքերի ամրապնդման, և հենց նրանք կգան իշխանության (1): Լիբիան, որպես «չարի առանցքի» հիմնական ներկայացուցիչներից մեկը, արևմուտքի հիմնական գլխացավանքն էր, այն էլ` լինելով նավթային հարուստ պաշարներով երկիր: Հետևաբար, պատահական չէ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շատ արագ կողմնորոշվեցին ու անմիջապես ռազմական օպերացիա սկսեցին Լիբիայում:
Բացի նրանից, որ շատ ակտիվ շրջանառվող տեղեկությունների համաձայն` Արևմուտքն ուղղակի օգտագործեց հարևան երկրներում սկսված հեղափոխական շարժումները Լիբիան ապակայունացնելու համար, ՆԱՏՕ-ի ուժերը չարաշահեցին նաև ՄԱԿ-ի տրամադրած մանդատը` զուտ օդային հարվածներից բացի, ակտիվ մասնակցություն ունենալով նաև ցամաքային գործողություններին: Իսկ Քադաֆիի մահը արևմտյան պետությունների լիդերները անթաքույց մեկնաբանեցին որպես հաղթանակ: Օբաման անգամ ոգևորված հայտարարեց, որ առանց որևէ ամերիկյան զինվոր Լիբիայի տարածք ուղարկելու` ԱՄՆ-ն հասավ իր նպատակին (2): Իսկ Ռուսաստանն ու Չինաստանը չընդդիմացան Արևմուտքին Լիբիայի հարցում` փոխարենը թույլ չտալով բանաձև ընդունել, որը կենթադրեր ուղղակի պատժամիջոցների կիրառում Սիրիայի իշխանությունների նկատմամբ: Ռուսաստանն ու Չինաստանը պահանջեցին ընդունել բանաձև, որում բռնությունները դադարեցնելու կոչ կլինի` ուղղված իշխանություներին ու ապստամբներին: Արդյունքում համաձայնության չեկան, քանի որ արևմուտքում արդեն իսկ մտմտում են այդ պետության ներքին գործերին էլ միջամտել (4): Իսկ ահա Եմենի դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում շատ հեշտ ընդունվեց «հավասարակշռված բանաձև», որը կարող է բավարարել թե՛ իշխանություններին, թե՛ ասպտամբներին (5):
Այլ կերպ ասած`արաբական հարցում գերտերությունների մոտեցումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ չկա ներքին գործերին չմիջամտելու կամ նույնատիպ իրավիճակումներում նույն հավասարակշռված մոտեցումը կիրառելու սկզբունք, գործում է միայն real-politik-ի կամ այսպես ասած սեփական շահի սկզբունքը: Ավելին` Amnesty International կազմակերպության հրապարակած տվյալներով` ԱՄՆ–ն, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու էլի մի շարք երկրներ, աջակցելով Լիբիայի, Սիրիայի, Բահրեյնի, Եմենի հակակառավարական ցույցերի մասնակիցներին, միաժամանակ զենք են վաճառել այդ երկրների իշխանություններին, ինչը օգտագործվել է ապստամբների դեմ պայքարում:
Ո՞ւր են տանում հեղափոխական լուծումները
Ենթադրվում էր, որ քաղաքական բռնապետական համակարգերի տապալումը կհանգեցնի ժողովրդավարական փոփոխությունների, սակայն Եգիպտոսում իշխանությունը դեռևս գտնվում է ուժայինների ձեռքին և այդպես էլ չի փոխանցվել քաղաքացիական անձանց: Հեղափոխությունից հետո բռնության ալիք է բարձրացել երկրի քրիստոնյա փոքրամասնության նկատմամբ, մի քանի անգամ լուրջ բախումներ են եղել մահմեդականների ու քրիստոնյաների միջև, լուծում չեն ստանում բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները (1):
Թունիսում օրերս առաջին անգամ տեղի ունեցած ընտրություններում 40% ձայներով հաղթանակ է տարել իսլամիստական «Վերածննդի» կուսակցությունը, որը Բեն Ալիի կառավարման տարիներին արգելված էր: Թե ինչ կհաջորդի սրան, ցույց կտա ապագան (2):
Լիբիայի նոր իշխանությունների` Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրում այսուհետ գործելու են շարիաթի օրենքները: Լիբիական բանտերում անտանելի պայմաններում պահվում են Քադաֆիի հազարավոր կողմնակիցներ, սևամորթ «գասթարբայթերներ», որոնց ապստամբներն ընկալում էին որպես թշնամի Քադաֆիի կողմից հեղափոխության ընթացքում սևամորթ նիգերացի վարձկաններ օգտագործվելուց հետո: Եվ, առհասարակ, Լիբիա պետությունը մյուս բոլոր արաբական նախադեպերից տարբերվում է նրանով, որ այն տնտեսապես շատ զարգացած էր: ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչին Քադաֆիի ժամանակ կազմում էր մոտ 14 000 դոլար: Իսկ ընդհանուր ՀՆԱ-ն կազմում էր մոտ 90 մլրդ դոլար, և այս ցուցանիշով Լիբիան զբաղեցնում էր աշխարհում 55-րդ տեղը: Երկրում բնակարանի կամ էլեկտրաէներգիայի համար կոմունալ վճարներ չէին գանձվում: Պետությունը լրջորեն աջակցում էր երիտասարդ ընտանիքներին: Երիտասարդ ընտանիքները բնակարան գնելու համար միանվագ պետությունից ստանում էին ավելի քան 60 000 դոլար, իսկ երեխայի ծնվելուց հետո երիտասարդ ընտանիքը պետությունից ստանում էր մոտ 7000 դոլար: Փոքր բիզնեսի բացման դեպքում պետությունը տրամադրում էր միանվագ 20 000 դոլար: Կրթությունն ու առողջապահությունն անվճար էին:
Սակայն համակարգը քանդվեց, այն դեռ պետք է վերակագնել: Իսկ հիմա երկրի ենթակառուցվածքների վերականգման լուրջ գործընթաց պիտի լինի:
Սակայն կան նաև կանխատեսումներ, որ Քադաֆիի մահը ոչ թե ռազմական բախումների վերջն էր, այլ միայն սկիզբը, քանի որ Քադաֆիի հեռացումից հետո կարող է սկսվել ռազմական կոնֆլիկտ տարբեր ցեղային խմբավորումների միջև, որոնց Քադաֆիին հաջողվում էր զսպել ու կառավարել (3):
Այսպիսով, հեղափոխությունների հետևանքները կանխատեսելն այս պահին երևի անշնորհակալ գործ կլինի, բայց ակնհայտ է, որ արաբական աշխարհի դերակատարությունը փոխվելու է աշխարհաքաղաքական տեսանկյունից ու հանգեցնելու է նոր վերադասավորումների: Մյուս կողմից` դժվար է միանշանակ ասել, թե արդյոք հեղափոխությունն էր այն ճանապարհը, որով շարքային քաղաքացիներին հաջողվելու է լուծել այն խնդիները, որոնց համար սկսվեցին ժողովրդական հուզումները արաբական աշխարհում:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
