ՌԱՀՀԿ-ը դիտարկեց քաղաքական ուժերի եւ հասարակության հնարավորությունների սահմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 27, 2011 14:38

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցած սեմինարի ընթացքում փորձեց ներքաղաքական զարգացումների լույսի ներքո գնահատել, ճշտորոշել Հայաստանում քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության հնարավորությունները: Քննարկմանը հրավիրված էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, փորձագետներ ու լրագրողներ:

 

Սեմինարը բացեց ու նրա մասնակիցներին ողջունեց ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը: «Այսօրվա քննարկման օրակարգը թելադրված է վերջին շրջանում ՀՀ ներքաղաքական կյանքում նկատվող որոշակի տեղաշարժերով, կոալիցիոն կուսակցությունների եւ ընդդիմադիր ուժերի գործունեության աշխուժացմամբ, ինչը նախընտրական պատրաստություններ է հիշեցնում»,- ասաց նա:

 

Ինչի՞ կարող են հանգեցնել կուսակցությունների գործունեության իմաստն ու բնույթը, եթե հայաստանյան քաղաքական դաշտում բացակայում է ազատ ընտրությունների մեխանիզմը, իսկ արդարադատության համակարգը չի գործում: Այս թեմայի անդրադարձում ՌԱՀՀԿ հետազոտական աշխատանքի գծով տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը խնդիրը համարում է դժվարլուծելի, քանի որ ՀՀ-ում գործող օլիգարխիկ վարչակարգին, նրա դիտարկմամբ, զգալապես աջակցում են մի շարք քաղաքական ուժեր: Հետեւաբար, ըստ բանախոսի, ներքաղաքական դասավորության որեւէ փոփոխությամբ հնարավոր չէ ժողովրդավարություն հաստատել երկրում: «Խնդիրն այն է, որ կուսակցությունների ակտիվությունը, Սահմանադրությամբ ամրագրված գործառույթների կատարման համար պայմանների բացակայության պատճառով, հանգում է քաղաքական ու տնտեսական արտոնությունների հարցում գործող վարչակարգի հետ սակարկման հնարավորություններ ապահովելու ջանքերին»,- համոզված է Սարգսյանը: Այս հանգամանքն էլ, նրա կարծիքով, ամրապնդում է ազդեցության ոլորտների բաշխման շուրջ պայմանագրային գործելաոճը, ինչի վրա խարսխված է օլիգարխիկ վարչակարգը:

 

Այնուհետեւ ժողովրդավարական փոփոխությունների պայքարի իր տեսլականը, ինչպես նաեւ քաղաքական ու քաղաքացիական առանձին միավորների, անհատների շրջանակներում առկա մոտեցումները ներկայացրեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Ըստ նրա, կարեւոր է` եղած մոտեցումներում գտնել այն ընդհանուր եզրը, որն ի զորու է համախմբելու բոլորին եւ ձեւավորելու մեկ ընդհանուր օրակարգ: «Իշխանության գալու նպատակը պետք է տարանջատել իշխանություն ձեւավորելու մեխանիզմի հաստատումից, քանի որ առաջինը նեղ քաղաքական նպատակ է եւ չի կարող դառնալ համախմբող գործոն: Հասարակության մեծամասնությանն անհրաժեշտ է նոր տիպի պետության ստեղծում, համակարգափոխություն, այսինքն` ավելի համապարփակ ու լայն գաղափար»,- նշեց Վարդանյանը` կարծիք հայտնելով, որ մեզանում տակավին հաստատված չեն ժողովրդավարական մեխանիզմները, այդ թվում` իշխանության ձեւավորման գործիքակազմը:

 

Քննարկման ավարտին հնչած հարցերին բանախոսները սպառիչ պատասխաններ տվեցին:

 

 

 

 

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply