Անատոլի Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 27, 2011 14:36
Հոկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում վախճանվել է պետական անվանի գործիչ ու դիվանագետ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր պաշտոնաթող դեսպան Անատոլի Աշոտի Մկրտչյանը:
Անատոլի Մկրտչյանը ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 6-ին Գյումրիում, զինծառայողի ընտանիքում: 1954թ. ավարտելով Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը` մանկավարժական աշխատանքի է անցել ռազմաօդային ուժերի Երեւանի հատուկ դպրոցում:
1955-59թթ. աշխատել է «Կոմունիստ» հանրապետական թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, իսկ 1959-62թթ.` բաժնի վարիչ:
1962-65թթ. ուսանել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայում, որն ավարտելուց հետո պաշտպանել է գիտական թեզ, ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ասպիրանտուրայի տարիներին ստաժավորվել է Կոլումբիայի համալսարանում (ԱՄՆ): Անատոլի Մկրտչյանի գրչին են պատկանում ԱՄՆ-ում բանվորական շարժման ու արհմիությունների պատմությանը վերաբերող մենագրություններ, որոնք լույս են տեսել նաեւ արտերկրում:
1965-69թթ. պաշտոնավարել է ԽՄԿԿ կենտկոմի պրոպագանդայի բաժնում որպես դասախոս, իսկ 1969-72թթ.` հրահանգիչ:
1972-76թթ. Անատոլի Մկրտչյանն աշխատել է ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական, միաժամանակ` Միացյալ Նահանգներում «Նովոստի» լրատվական գործակալության գրասենյակի վարիչ եւ «Սովյետ լայֆ» ամսագրի գլխավոր խմբագիր:
1976 թվականին վերադառնալով Հայաստան` նշանակվում է Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ` այդ պաշտոնը վարելով մինչեւ 1982 թվականը:
1982-86թթ. Ա. Մկրտչյանը գործուղվել է Նյու-Յորք, ուր գլխավորել է Միավորված ազգերի կազմակերպության հասարակական տեղեկատվության դեպարտամենտի արտաքին կապերի բաժինը:
1986թ. օգոստոսից մինչեւ 1991թ. մարտը Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարարն էր: Նրա ղեկավարությամբ նախարարությունը մեծ աշխատանք իրականացրեց հանրապետության արտաքին կապերի ընդլայնման, 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքները կազմակերպելու, ողջ աշխարհից ժամանող փրկարարների ու մարդասիրական օգնություն ընդունելու գործում:
1977-85թթ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
1991թ. մարտին Անատոլի Մկրտչյանը նշանակվել է Լեսոտոյի Թագավորությունում ԽՍՀՄ, այնուհետեւ` Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան` այդ պաշտոնում մնալով մինչեւ 1992թ. նոյեմբերը:
ԽՍՀՄ նախագահի 1990թ. դեկտեմբերի 7-ի հրամանագրով նրան շնորհվել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Հետագա տարիներին եղել է Կամբոջայում, իսկ հետո` Հաիթիում ՄԱԿ-ի միջազգային առաքելությունների աշխատակից:
Վերադառնալով հայրենիք` միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության պատմություն է դասավանդել Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում:
Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով:
Պետական գործիչ, դիվանագետ, մարդ, քաղաքացի Անատոլի Մկրտչյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչածների սրտերում:
Անատոլի Մկրտչյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 12.00–14.00 Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14.00-ին Երեւանի քաղաքային գերեզմանոցի նոր պանթեոնում:






Facebook
Tweet This
Email This Post
