Գեղարքունիքում շարունակում է ձյուն տեղալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 27, 2011 14:19

Հոկտեմբերի 27-ի գիշերվա ընթացքում եւ այժմ Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում: Գավառի հիդրոօդերեւութաբանական կայանի տրամադրած տվյալներով’ այս գիշերվա ընթացքում դիտվել է 0,5 աստիճան ցուրտ, տեղումների քանակությունը հոկտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8.00-ի դրությամբ’ 11 միլիմետր: Ցածրադիր բնակավայրերում, ծովի մակարդակից 1600-2000 մետր բարձրություններում գտնվող բնակավայրերում եւ տարածքներում ձյան շերտը հասնում է մինչեւ 5 սանտիմետրի: Իսկ ահա բարձրլեռնային, 2000-2300 մետր բարձրություններում գտնվող համայնքներում, լեռներում ու լեռնանցքներում, ըստ բարձրլեռնային համայնքներից ստացված տվյալների, ձյան շերտն անցել է 15 սանտիմետրից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ժամը 11-ի դրությամբ շարունակվող ձյունը դեռեւս որեւէ ճանապարհահատվածում չի խաթարել երթեւեկությունը: Ճանապարհների մաքրման աշխատանքները դժվարանում են թաց ձյան պատճառով, որը շարունակում է առատորեն տեղալ:

Շարունակվող ձյունը դժվար կացության մեջ է դրել նաեւ մարզի երկրագործներին ու անասնապահներին: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության հաղորդման’ դեռ անասնահոտերի որոշ մասը ցած չեն իջել յայլաղատեղերից, իսկ մոտ երկու հազար հեկտար ցանքերում դեռ մարդիկ չեն հասցրել ավարտել կարտոֆիլի, կաղամբի եւ ճակնդեղի բերքահավաքը:

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply