Թմրաբիզնեսը խեղդում է Ադրբեջանը. նորից մեղավոր է Ղարաբաղը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 27, 2011 14:33

Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկած` թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նվիրված միջազգային համաժողովին Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի պարագլուխ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, մեկը մյուսի հետևից համաժողովի օտարերկրյա մասնակիցների ուշադրությանն էին հրավիրում և փորձում վերջիններին ներշնչել «օկուպացված» Լեռնային Ղարաբաղում թմրամիջոցների բիզնեսի ծաղկման «փաստ»-ով` շեշտելով, որ «ադրբեջանական հողերի օկուպացիան պայմաններ է ստեղծում թմրաբիզնեսի և միջազգային ահաբեկչության համար»: Զարմանալի կլիներ, եթե այս համաժողովին ևս Ադրբեջանի պաշտոնյաները չխոսեին Լեռնային Ղարաբաղի մասին և կոչ չանեին միջազգային հանրությանը որևէ կերպ ազդելու պաշտոնական Ստեփանակերտի վրա:

Հարկ եմ համարում նշել, որ դեռևս չի արձանագրվել որևէ դեպք, որն առիթ տա միջազգային հանրությանը (բացառությամբ մեր արևելյան հարևանների) քննադատելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին կամ նույնիսկ մտածելու այն մասին, որ այն ներքաշված է թրմամիջոցների ապօրինի արտադրության կամ շրջանառության գործընթացում:  Նույնիսկ հենց նրանք` ադրբեջանցիները, բացի օդի մեջ խոսելուց, չեն կարող ներկայացնել ԼՂՀ-ում գրանցված որևէ նմանատիպ դեպք: Ունենալով ուղղակի կապ միմիայն Հայաստանի Հանրապետության հետ` Արցախը փաստորեն գտնվում է տարածաշրջանում հանցավոր բիզնեսի համար ամենաաննպաստ դիրքում, և որպես տրանզիտային պետություն հետաքրքություն չի ներկայացնում հանցավոր աշխարհի համար: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, և եթե արձանագրվեին նմանատիպ դեպքեր, անկասկած, դրանք իրենց արտացոլումը կգտնեին վերջիններիս հաշվետությունների մեջ:

Պարզից էլ պարզ է, որ նմանաբնույթ հայտարարություններով ադրբեջանցիները ոչ միայն փորձում են վարկաբեկել Ղարաբաղի իշխանություններին և «քար նետել» ԼՂՀ անբասիր հեղինակության վրա, այլև այդ ճանապարհով փորձեր են կատարում ճնշումներ գործադրել ԼՂՀ իշխանությունների վրա: Ահա այսպես, ելույթ ունենալով համաժողովի մասնակիցների առջև` Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հալաֆ Հալաֆովը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն միջազգային առաքելություն ուղարկվի` ԼՂՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հետաքննություն անցկացնելու համար, ընդ որում` ըստ Հալաֆովի` հետաքննությունը պետք է անցկացվի միմիայն պաշտոնական Բաքվի համաձայնությամբ: Կարելի է եզրակացնել, որ Բաքուն, գիտակցելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների և զարգացումների վրա ազդելու և դրանցում մասնակցելու իր անկարողության փաստը, փորձում է վերը նշված ճանապարհով միջամտել ԼՂՀ ներքին զարգացումներին: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի նմանատիպ իղձերը դատապարտված են անհաջողության և երբեք ի կատար չեն ածվի:

Իր հերթին, Ադրբեջանի անունը բազմիցս հիշատակվում է միջազգային հայտնի կազմակերպությունների և աշխարհում մեծ հեղինակություն ունեցող պետությունների կողմից հրապարակած` թմրանյութերի ապօրինի շրջանառությանը վերաբերող հաշվետվություններում: Ահա այսպես, ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչության տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ այնպիսի կոռումպացված պետությունում, ինչպիսին Ադրբեջանն է, թմրանյութերի դեմ պայքարը անարդյունավետ է: Այստեղ Ադրբեջանը նշվում է որպես թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղու» առանցքային պետություն և որ Ադրբեջանով անցնում է ամբողջ աշխարհում գրանցվող թմրանյութերի ապօրինի շրջանառության ծավալի 7%-ը:

Ադրբեջանցիները հավանաբար մոռացել են ԱՄՆ պետդեպարտամենտի «2010 թվականի թմրանյութերի տարածման վերահսկողության միջազգային ռազմավարություն» հաշվետությունը, որի համաձայն` Ադրբեջանը համարվում է Աֆղանստանից և Միջին Ասիայից Արևմտյան Եվրոպա և Իրանից Ռուսաստան և Արևմտյան Եվրոպա թմրանյութերի փոխադրման տարանցիկ գոտի: Այսպիսով, լինելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարավ-հյուսիս (Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան) և արևելք-արևմուտք (Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա, ինչպես նաև «Աֆղանստան-Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա) թմրանյութերի շրջանառության խոշորագույն ճանապարհների առանցքային տարանցիկ պետություն` Ադրբեջանն այդպիսի հայտարարություններով փորձում է կոծկել վերջին մի քանի տարիների ընթացքում սեփական երկրում արձանագրված թմրամիջոցների բիզնեսի ողբերգական աճը: Հետաքրքիր է, որ թմրամիջոցների շրջանառության ողբերգական աճի մասին են վկայում նաև հենց նրանք` Ադրբեջանի իշխանությունները: Այսպես, համաձայն Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի կողմից համաժողովի ժամանակ հրապարակված տվյալների` Ադրբեջանում վերջին 3 տարիների ընթացքում հերոինի ապօրինի շրջանառությունն աճել է 1,9 անգամ: Անհանգստացնող է նաև երկրում գրանցված թմրամոլների քանակը. 2010 թվականի դրությամբ Ադրբեջանում գրանցվել է 25489 թմրամոլ: 2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ոսուբովը հայտարարել էր, որ Աֆղանստանում ապօրինաբար արտադրվող թմրանյութերի 35%-ը փոխադրվում են Ադրբեջանի տարածքով:

Ստեղծված ֆոնի վրա զարմանալի չէ, որ թմրաբիզնեսի մեջ ներգրավված են նաև ադրեբջանցի բարձրաստիճան պաշտոնյաները: Այսպես, 2010 թվականի փետրվարին Ադրբեջանի ներքին գործերի նախարարի հրամանով Սումգայիթի և Կյուրդամիրի նախկին ոստիկանապետ Մեհդի Գումբաթովը, ով նախկինում պաշտոնից հեռացվել էր և  ձերբակալվել իր բնակության վայր Ջամիլլի գյուղում թմրանյութերի պլանտացիա ունենալու և այդ պլանտացիան բացահայտած Ադրբեջանի ոստիկանության Թարթառի շրջանի օպեր-լիազոր Զաբիլ Իսմայլովի սպանությունը կազմակերպելու համար, նշանակվել է Բաքվի Ոստիկանության կենտրոնական վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնին: Ինչպիսի պայմաններում և ինչպիսի հիմքերով է կարճվել Գումբաթովի նկատմամբ հարուցված քրեական գործը` չի նշվում: Միայն հայտնի է, որ 2010 թվականի փետրվարից Ադրբեջանի մայրաքաղաքի ոստիկանության քրեական հետախուզությունը համակարգում է թմրաբարոն մարդասպանը:

Ադրբեջանի տարածքով թմրանյութերի փոխադրմանը և այդ գործընթացների մեջ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությանն է անդրադարձել նաև Wikileaks-ը: Այսպես, Ադրբեջանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Էնն Դերսիի ԱՄՆ պետքարտուղարությանը ուղարկած գաղտնի գրությունում նշում է, որ թմրամիջոցները դեպի Եվրոպա փոխադրվում են ոչ թե «անկառավարելի» ԼՂՀ տարածքով, այլ միմիայն իրանաադրբեջանական սահմանով, որը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո: Գրության մեջ դեսպանն իր զարմանքն է հայտնում` տալով հետևյալ հռետորական հարցը. «Եթե պաշտոնական Բաքուն տասնյակ միլիոն եվրո գնահատվող այդ գործարքներից չունի շահույթ, ապա ինչու համապատասխան քայլեր չի ձեռնարկում»: Փաստորեն նման հարցադրումով ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնում, որ թմրամիջոցների փոխադրումը Ադրբեջանով հովանավորվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Չի բացառվում, որ Ադրբեջանի պաշտոնյաները ոչ միայն զբաղվում են թմրաբիզնեսով, այլև օգտագործում են թմրամիջոցներ և կախվածություն ունեն վերջիններից:

Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ քաջ գիտակցելով երկրում տիրող բարձիթողի վիճակի մասին և չկարողանալով զսպել «ձեռնտու սև բիզնես»-ից ստացվող տասնյակ, իսկ միգուցե նաև հարյուրավոր միլիոն դոլարի գումարների ծարավը`  ադրբեջանցի պաշտոնյաները հերթական անգամ փորձում են քաղաքականացնել ստեղծված  իրավիճակը և ամեն ինչ բացատրում են Ղարաբաղյան հիմնախնդրով:

Ի դեպ, զավեշտալի կլինի, եթե մի օր պարզվի, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց ռազմատենչ հայտարարությունները կատարում են հերոինի ազդեցության տակ` չգիտակցելով դրանց բովանդակության լրջությունը և չզգալով պատժված լինելու և սեփական պետությունը կործանման եզրին կանգնեցնելու մտավախությունը:

 

 

Տիգրան Աբրահամյանց

 

 

 

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply