ՀՀ Հանրային խորհուրդը և ՌԴ Հասարակական պալատը ստորագրեցին, իսկ ուկրաինական կողմն առաջիկայում կստորագրի եռակողմ համաձայնագիրը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 27, 2011 13:00

ՀՀ Հանրային խորհուրդն այսօր միացավ Ռուսաստանի և Ուկրաինայի համանման այս կառույցների հետ համագործակցության եռակողմ համաձայնագրին, ինչի առիթով ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկին ասաց, որ կարելի է դիտել որպես առաջին քայլ և միասին նախաձեռնել ՙՔաղաքացիական հասարակության եվրասիական կոնսորցիումի՚ ստեղծումը: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ ուրախությամբ քննարկման են ընդունում առաջարկը՝ հավելելով, որ մի եզրահանգման արդեն հանգել են՝ ոչ թե մի քանի պետությունների հասարակական պալատ կամ հանրային խորհուրդ, այլ համագործակցության ընկերակցություններ պետք է ստեղծել:

Ուկրաինայի սոցիալ-տնտեսական եռակողմ ազգային ռադան համագործակցության պայմանագիրը կստորագրի առաջիկայում:

ՀՀ Հանրային խորհրդի հրավերով քառօրյա այցով Հայաստանում գտնվող՝ ՌԴ Հասարակական պալատի անդամները ՀՀ Հանրային խորհրդի գործընկերների հետ այսօրվա քննարկումներում առանձնացրին երկու երկրներում քաղաքացիական հասարակության ձևավորման և դրան առնչվող մի քանի ընդհանուր և համանման խնդիրներ, որոշեցին առաջիկայում քննարկել, համատեղել, փոխանակել դրանց լուծման հաջող փորձն ու ուղիները:

Ինչ վերաբերում է քննարկումների օրակարգում նախատեսված՝ ատոմային էներգետիկայի ոլորտումփորձի փոխանակման կամ համատեղ ծրագրերի իրականացման հարցին, այն հետաձգվեց, քանի որ ՌԴ Հասարակական պալատի քարտուղար (ՌԴ ՀՊ ղեկավարն է), ակադեմիկոս Եվգենի Վելիխովի այցը Հայաստան զբաղվածության պատճառով չեղյալ էր համարվել վերջին պահին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հույս հայտնեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ճապոնիայի միջև ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրերի եռակողմ համագործակցության շուրջ քննարկումներ առաջիկայում, այնուամենայնիվ, կլինեն: Ինչին ի պատասխան Միխայիլ Օստրովսկին նշեց, որ կփորձեն մինչև տարեվերջ այդ հարցով եռակողմ հանդիպում-սեմինար կազմակերպել Մոսկվայում:

ՀԽ անդամ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նախագահ Հայկ Դեմոյանը հանդես եկավ առաջարկով՝ թանգարանի 70 նմուշի ( հիմնականում՝ Հայոց ցեղասպանության շրջանում աշխարհում լույս տեսած թերթերի բնօրինակներ՝ իրադարձությունների անդրադարձով) ցուցադրություն կազմակերպել Մոսկվայում: Ռուսաստանցի գործընկերները դրական պատասխան տվեցին. տեղի և ժամանակի հարցը կհամաձայնեցվի առաջիկայում:

ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն

 

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply