Քաղաքապետը հեռանո՞ւմ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 27, 2011 13:29

Երեկվանից լուրեր են պտտվում, թե Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Քաղաքապետարանի մամլո խոսնակն այս  պահին ձեռնպահ է մնում քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը մեկնաբանելուց:

Սակայն որոշ թերթեր և կայքեր լուրը հրապարակել են` նշելով, թե տեղեկությունը սեփական աղբյուրներից է:

«168 ժամ»-ը գրել է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը միայն, քանի որ այս օրերին Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ Երևանում է Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի պատվիրակությունը:

Ըստ նույն թերթի, հրաժարականի վարկածներից մեկն այն է, որ Կարեն Կարապետյանի այս քայլը պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած պետական այցով եւ դրա շրջանակներում ՌԴ ղեկավարության հետ Հայաստանի ներքաղաքական զարգացումերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններով: Խոսքը վերաբերում է մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի եւ այդ համատեքստում ԲՀԿ-ի` իշխող կոալիցիայում մնալ-չմնալու հնարավորությանը:

Մեկ այլ վարկածի համաձայն, դա կապված է նրա կողմից հետևողականորեն կատարված այն քայլերի հետ, որոնք առաջացրել են երեւանցիների դժգոհությունը (փողոցային առեւտրի արգելում, կրպակների ապամոնտաժում եւ այլն): Ըստ այդ վարկածի` թեև բոլոր այդ քայլերը կատարվում էին բարձրագույն իշխանության համաձայնությամբ, միաժամանակ իշխանական լրատվամիջոցներով ներկայացվում էր քաղաքացիների սուր դժգոհությունը` հարմար պահի նրան պաշտոնանկ անելու համար:

«Իհարկե, այս վարկածն այնքան էլ հիմնավոր չէ` հաշվի առնելով իրադարձությունների զարգացման արագությունը,-ենթադրում է թերթը,-Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին` Մոսկվայից վերադառնալուց ընդամենը մի քանի ժամ անց, երբ Երեւանում դեռեւս ընթանում էր վերը նշված վեհաժողովը, որի «ընդունողն» ինքը` Կարեն Կարապետյանն էր»:

Ի դեմ, այս պահին բուռն է նաև քաղաքապետի ֆեյսբուքյան էջը, որտեղ հիմնականում իրենց կարծիքներն են զետեղում նրան համակրող քաղաքացիները` խնդրելով ետ վերցնել հրաժարականը և մնալ այդ պաշտոնում:

«Պարոն Կարապետյան, մենք ուզում ենք, որ դուք մնաք մեր քաաքապետը…», «Շատ ափսոս կլինի, եթե հրաժարական տաք…», «Դուք միակ մարդն  եք, որ ինչ որ բան արեց մեր քաղաքի համար: Խնդրւմ ենք, մի հանձնվեք և շարունակեք պայքարել…», «Հայաստանում մենք երկար ժամանակ չէինք ունեցել Ձեր պես արժանի քաղաքապետ և ընդարապես, պաշտոնյա: Մի հանձնվեք, պայքարեք…»:

Ահա նման հորդորներով են լցված քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջը:

 

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply