ՄԻԵԴ-ն ամփոփել է կես դարը. հայերն ամենից հաճախ բողոքում են արդար դատաքննության իրավունքի ոտնահարումից

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 27, 2011 11:01

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ամփոփել է իր գոյության 51 տարիների ընթացքում ընդունած որոշումները։ Ինչպես տեղեկանում ենք կառույցի կայքից, 1959 թվականից ի վեր Եվրոպական դատարանը 13 697 որոշում է ընդունել, որից 11 438–դեպքերում մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի գոնե մեկ հոդվածի խախտում է արձանագրել, 794 բողոքներն անհիմն են ճանաչվել, 1050 դեպքերում գործն ավարտվել է կողմերի հաշտեցմամբ, ևս 428 դեպքերոմ դատարանը այլ ընթացակարգային որոշումներ է ընդունել, օրինակ, այն, որ քննվող գործն իր իրավասությունից դուրս է։

Վերոնշյալ ժամանակահատվածում դատարանում առավել շատ քննվել են Թուրքիայի դեմ ներկայացված բողոքները. դատարանը 2573 վեճ է լուծել այդ երկրի կառավարության դեմ։ Երկրորդ տեղում Իտալիան է (2121 վեճ), երրորդ տեղում Ռուսաստանը (1079 վեճ): Հայաստանի դեմ քննվել է 25 բողոք, Ադրբեջանի դեմ`42, Վրաստանի դեմ`39:

Առավել քիչ թվով բողոքներ են քննվել եվրոպական փոքր երկրների դեմ՝ Մոնակո` մեկ բողոք, Չեռնոգորիա` 3 բողոք, Անդորա` 4 բողոք, Լիխտենշտեյն` 5 բողոք։ Այս երկրներին հաջորդում են Մակեդոնիան (11), Իսլանդիան (12), Բոսնիան և Հերցեգովինան (14) և էստոնիան (23)։

Եվրամիության անդամ երկրների հիմնական խնդիրը, ինչպես երևում է զեկույցից, դատաքննության ժամկետների խախտումն է: Այսպես, նման բովանդակությամբ են եղել Ֆրանսիայի դեմ քննված բողոքների 39%–ը, Գերմանիայի դեմ քննված բողոքների 51%–ը, Հունգարիայի դեմ քննված բողոքների 82%–ը, Իտալիայի դեմ քննված բողոքների 57%, Հունաստանի դեմ քննված բողոքների 57%–ը, Լեհաստանի դեմ քննված բողոքների 44%–ը։ Դատարանի գոյության ողջ ընթացքում նման բողոքները յուրաքանչյուր երկրի կտրվածքով մեծամասնություն են կազմում։

Հատկանշական է, որ Հայաստանի դեմ նման բովանդակությամբ բողոք չի քննվել, Ադրբեջանի դեմ նման 2 բողոք է քննվել, իսկ Վրաստանի դեմ` 5-ը, Թուրքիայի դեմ՝ 98։

Զեկույցում նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 3 հոդվածի (խոշտանգումների բացառում) խախտման առնչությամբ քննված բողոքների առումով առավել աչքի են ընկնում Վրաստանը (24%), Հայաստանը (15%), Բուլղարիան (8%) և Ռուսասատանը (15%):

Հրապարակված զեկույցի համաձայն՝ եվրոպական երկրներին բնորոշ է նաև արդար դատաքննության իրավունքի խախտումը, այսպես Մարդու իրավունքների կոնվենցիայի 6 –րդ հոդվածի խախտմանն է վերաբերում Իսլանդիայի դեմ քննված բողոքների 47% –ը, Իսպանիայի դեմ քննվածների 47%–ը, Շվեդիայի դեմ քննված բողոքների 42%–ը, Ռուսաստանի դեմ քննված բողոքների 21 տոկոսը, Հայաստանի դեմ քննված բողոքների 34%-ը, Ադրբեջանի դեմ քննվածների 19 և Վրաստանի դեմ քննված բողոքների 16 տոկոսը, Թուրքիայի դեմ քննված բողոքների 21 տոկոսը։

Նշենք, որ Հայաստանի դեմ ներկայացված բողոքների 15%-ը` 6 բողոք, վերաբերում է հավաքների և միավորման ազատության խախտմանը, նույն ազատության խախտման վերաբերյալ Ադրբեջանի դեմ բողոքների թիվը 5 է, Վրաստանի դեմ նման բողոք չի քննվել, իսկ Թուրքիայի դեմ նման 49 բողոք է քննվել։

Նշված ժամանակահատվածում սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ Հայաստանի դեմ քննված բողոքները կազմում են ընդհանուր քննված բողոքների 10 տոկոսը, կամ 4 բողոք, Ադրբեջանի դեմ` 14 բողոք, իսկ Վրաստանի դեմ` 6 բողոք, Թուրքիայի դեմ՝ 574 բողոք:

Այսպիսով, ըստ Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի հոդվածների` Հայաստանի դեմ քննված վերոնշյալ 25 բողոքների վիճակագրությունը հետևյալն է.

6 բողոք` անմարդկային կամ մարդկային արժանապատվության նվաստացման գործերով, 1 բողոք` ազատության և անվտանգության իրավունքի խախտման գործերով, 13 բողոք` արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ գործերով, 1 բողոք` արտահայտվելու ազատության խախտման վերաբերյալ գործով, 6 բողոք` հավաքների և միավորման ազատության խախտման վերաբերյալ գործերով, 4 բողոք` սեփականության իրավունքի խախտման գործերով,1 բողոք կրթության ստանալու իրավունքի խախտման վերաբերյալ գործով և 7 բողոք` Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի այլ հոդվածների խախտման վերաբերյալ գործերով:

Քննության առնված 25 գործերից 24-ում դատարանն առնվազն մեկ իրավունքի խախտում է արձանագրել, իսկ մեկում` ընդհանրապես իրավունքի խախտում չի արձանագրել:

Tert.am

 

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply