Բանակում բռնությունների շղթան սկսվում է սերիալներով, ավարտվում՝ կոռուպցիայով. ՄԻՊ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 27, 2011 10:54

«Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված է նրա համար, որ մարդկանց պաշտպանելով` խանգարի պետական պաշտոնյաներին, խանգարի պետական մարմիններին խախտել օրենքը»,- Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադառնալով որոշ պաշտոնյաների կողմից արտահայտվող՝ «մարդու իրավունքների պաշտպանին ավելի պասիվ տեսնելու» ցանկությանը՝ նշեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը։

Անդրադառնալով ժամեր առաջ հաշմանդամների հետ իր կատարած երթին՝ նա ևս նկատեց, որ Երևանը բոլորովին հարմար չէ սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց՝ թե աշխատելու, թե զբոսնելու համար։ «Ծախս արվեց, գումար բերվեց, կառուցվեցին թեքահարթակներից, որոնցից օգտվել ուղղակի հնարավոր չէ. առողջ մարդը դրանցից օգտվելիս հաշմանդամ կդառնա, իսկ հաշմանդամների օգտվելն այդ թեքահարթակներից ուղղակի բացառվում է»,- ասաց նա։

Բանակում բռնությունների, ինքնասպանությունների, սպանությունների դեպքերը, ըստ Անդրեասյանի, առավել քիչ կլինեին, եթե ժամանակին պատշաճ մակարդակով ընթանային դեպքերի դատաքննությունները։ «Ես արդեն հրապարակել եմ այս մասին, թե որքան խնդիրներ են ծագել հենց դատաքննության, քննության ընթացքում։ Քննիչը, փորձագետը, դատախազը, դատավորը… նրանք եթե գործեին այնպես, ինչպես պետք էր օրենքով, թերևս, մենք ավելի քիչ մահ և բռնություն կունենայինք բանակում»,- ասաց նա՝ նշելով, որ այդ է պատճառը, որ հիմա դատարանից դժգոհ որդեկորույս ծնողների հետ ՄԻՊ գրասենյակը փորձում է վերհանել տաս և ավելի տարիների վաղեմության այդ գործերը՝ տեսնելու, թե արդյոք հիմնավոր են հարազատների դժգոհությունն ու հարցերը։

Բանակում մահերի մասին խոսող ՀԿ-ներին անդրադառնալով՝ նա նշեց, որ տարբեր են այս կառույցները. «Մի մասը կոնստրուկտիվ է, շահագրգռված է իսկապես խնդիրներ լուծելուն, մի մասը մեր աշխատանքը, մյուսի աշխատանքը միայն սևացնելու համար է։ Մի մասը քաղաքական կառույցներ են, բայց կոչվում են հասարակական կազմակերպություններ։ Եվ պետք է կարողանա հասարակությունը, լրագրողը տարբերակել»։

Նրա կարծիքով՝ միայն հրապարակայնությամբ խնդիր չի լուծվի, կարգապահության խնդիր կա. եթե մեկ ապտակը պատժվի, մեկ ստորացումը կանխվի, մենք չենք ունենա մահ։ «Շղթան սկսվում է սերիալներով ու ընտանիքով, ավարտվում է կոռուպցիայով ու վատ հրամանատարներով։ Բայց լուծումը մի քանի ուղղությամբ է»,- ասաց նա։

Անդրեասյանը նշեց, որ այսօր ՄԻՊ-ը ՊՆ-ի հետ իրականացնում է օրենսդրական փոփոխությունների պատրաստում, սակայն հարկ է նաև՝ կարգապահական նորմերի խստացում, հասարակական հետևողական ուշադրություն և իհարկե, եղած դեպքերի պատշաճ դատական գործընթաց։

Tert.am

 

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply