Ոչնչացրեք կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններին խանգարող խոչընդոտները՝ կոչ է անում ՄԱԲՀ ղեկավարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2011 18:09

Հինգ օրից աշխարհի բնակչությունը, համաձայն կանխատեսումների, կհասնի 7 միլիարդի: Ինչպես նշված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի այսօր հրապարակված «Աշխարհի բնակչությունը  2011» զեկույցում, մեր այժմյան քայլերից է կախված, թե արդյոք մենք ապագայում կապրենք առողջ, էկոլոգիապես կայուն և բարգավաճ կյանքով, թե դատապարտված կլինենք քաղել անհավասարության, շրջակա միջավայրի դեգրադացիայի և տնտեսական անկման պտուղները:

«Ճիշտ պլանավորման և մարդկանց ուղղված գրագետ ներդրումների առկայության պարագայում, որոնց նպատակը կլինի ոչ միայն վերջիններիս, այլև աշխարհի տեսանկյունից ճիշտ որոշումներ կայացնելու նրանց ունակության մեծացումը, 7 միլիարդանոց աշխարհի բնորոշ գծերը կարող են դառնալ բարգավաճ, էկոլոգիապես կայուն քաղաքները, արդյունավետ աշխատուժը, որն ապահովում է տնտեսության աճը, և երիտասարդությունը, որն իր նպաստն է բերում հասարակության բարեկեցությանը», – նշել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը՝ «Մարդիկ և հնարավորությունները 7 միլիարդանոց աշխարհում» ենթավերնագրված զեկույցի նախաբանում:

Ինչպես նշված է զեկույցում, մենք բազմաթիվ պատճառներ ունենք բնակչության այս ռեկորդային թիվը մարդկության հաջողությունը համարելու համար՝ մարդիկ ապրում են ավելի երկար և առողջ ու ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ երեխաների կյանք է հաջողվում փրկել: Բայց ոչ բոլորն են կարողանում օգտվել այս ձեռքբերումներից կամ կյանքի ավելի բարձր որակից, որը դրանք ենթադրում են: Հսկայական անհավասարություններ կան ինչպես երկրների միջև, այնպես էլ բուն երկրներում: Բացի այդ, անհավասարություններ կան նաև տղամարդկանց և կանանց, աղջիկների ու տղաների իրավունքների և հնարավորությունների միջև: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է նախանշել զարգացման այնպիսի ուղեգիծ, որը կնպաստի հավասարությանը, այլ ոչ թե կսրի կամ կմեծացնի անհավասարությունը:

Յոթ միլիարդի եզրագծին հասնելը «կարելի է դիտարկել որպես խնդիր, հնարավորություն և գործողության կոչ», – ասել է դոկտոր Օսոտիմեհինը Լոնդոնում զեկույցի ներկայացման ժամանակ: Զեկույցի շնորհանդեսը միաժամանակ անցկացվել է աշխարհի ավելի քան 100 քաղաքներում:

Ինչպես նշել է դոկտոր Օսոտիմեհինը, աշխարհի 7 միլիարդ բնակչությունից 1.8 միլիարդը 10-ից 24 տարեկան երիտասարդ մարդիկ են: «Երիտասարդներն, ովքեր ի վիճակի են կտրուկ փոխել գլոբալ քաղաքական լանդշաֆտը և արագացնել իրենց երկրների տնտեսական զարգացումն ի հաշիվ սեփական ստեղծագործական ներուժի և նորամուծություններ բերելու կարողության, առանցքային դեր են խաղում ապագայի ձևավորման գործում: Սակայն անհրաժեշտ է օր առաջ օգտվել երիտասարդության հսկայական ներուժը բացահայտելու հնարավորությունից», – ասել է դոկտոր Օսոտիմեհինը. – «մենք պետք է ներդրումներ կատարենք հանուն մեր երիտասարդության առողջության և կրթության: Դա գալիք սերունդներին կվերադառնա որպես հսկայական արդյունք՝ տնտեսական աճի և զարգացման տեսքով»:

«Այսօր նշվող նման կարևոր իրադարձությունը հիշեցում է, որ հարկ է գործել անհապաղ», – ասել է դոկտոր Օսոտիմեհինը, ավելացնելով, որ ապագայի համար լավագույն ուղեցույցն են մնում «Գործողությունների ծրագիրը», որն ընդունվել է 1994 թ. Կահիրեում անցկացված Բնակչության և զարգացման միջազգային համաժողովում (ԲԶՄՀ), և դրանում զետեղված կոչը՝ մարդկանց հնարավորություն տալ ինքնուրույն որոշումներ կայացնել վերարտադրողական հարցերում:

«Այժմ, երբ արագորեն մոտենում է ԲԶՄՀ 2014 թ. տարեդարձը, առկա տվյալները ցույց են տալիս, որ դեպի արդարացի տնտեսական և սոցիալական զարգացում տանող ճանապարհը, փաստորեն, անցնում է ուղիղ ՄԱԲՀ մանդատի միջով», – ասել է դոկտոր Օսոտիմեհինը, – «սակայն մեր գործը հեռու է ավարտված լինելուց. նշենք, որ զարգացող երկրներում վերարտադրողական տարիքի 250 միլիոն կին զրկված է ընտանիքի կամավոր պլանավորման հնարավորությունից: Զարգացող աշխարհում կան միլիոնավոր դեռահաս աղջիկներ և տղաներ, ովքեր շատ սահմանափակ հնարավորություն ունեն ստանալու սեռական կրթություն և տեղեկատվություն այն մասին, թե ինչպես պետք է կանխարգելել հղիությունը կամ պաշտպանվել ՄԻԱՎ-ից: Աշխարհի որոշ հատվածներում, որտեղ կանանց կարգավիճակը ցածր է, նորածինները և երեխաները գոյատևելու ավելի քիչ հնարավորություն ունեն: Ի լրումն, մենք պետք է ոչնչացնենք տնտեսական, իրավական և սոցիալական խոչընդոտները, որպեսզի կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորություններ ստեղծվեն կանանց և տղամարդկանց, տղաների և աղջիկների  համար»:

«Աշխարհի բնակչությունը 2011» զեկույցը հիմնականում հիմնվում է տեղերից ստացված նյութերի վրա, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես են ժողովրդագիրները, ազգային ղեկավարները, պետական ​​պաշտոնյաները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և անհատները փորձում դիմագրավել ժողովրդագրական միտումներին՝ բնակչության ծերացումից մինչև երիտասարդների թվի արագ աճ,  ժողովրդագրական աճի բարձր տեմպերից մինչև բնակչության թվաքանակի կրճատում, արագ ուրբանիզացիայից մինչև աճող միջազգային միգրացիա: Զեկույցը նյութեր է ներկայացնում հետևյալ երկրներից՝ նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Մեքսիկա, Մոզամբիկ, Նիգերիա, Ֆինլանդիա և Եթովպիա:

 

Դիտվել է 1433 անգամ:
Print Friendly

Leave a Reply