Վարչապետն ընդունել է Գունար Վիգանդին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 26, 2011 18:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գունար Վիգանդին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ուրախ է Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար: Վարչապետը հիշեցրել է, որ մշակվել է ԵՄ գործընկերների հետ համագործակցության ծրագիր, որի իրականացման ընթացքը գտնվում է կառավարության լուրջ վերահսկողության ներքո:
Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-Հայաստան Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացի մեկնարկին: Կողմերը գոհունակություն են հայտնել բարեփոխումների ոլորտում Հայաստանի ակտիվության կապակցությամբ: Երկուստեք կարևորվել է ռեֆորմների ազգային օրակարգի իրականացումը, ինչը համահունչ կդարձնի այդ առումով առկա մոտեցումները: Անդրադարձ է եղել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի առաջիկա տարածաշրջանային այցին:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ սեպտեմբերի 19-ին Բրյուսել կատարած այցի ընթացքում ներկայացվել էր 33 ուղղություններով միջոցառումներից բաղկացած բարեփոխումների օրակարգ, որոնց իրականացումը մեծապես կարևոր է: Այդ համատեքստում արծարծվել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրով սահմանային 3 անցակետերի վերակառուցմանը և արդիականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև հարկային ու մաքսային ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, որոնց հաջողությանը էապես կարող է նպաստել ԵՄ օժանդակությունը:
Ամփոփելով հանդիպումը` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել ակտիվ և հաջող համագործակցության կապակցությամբ: Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին` կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

 

 

 

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply