Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ-փառատոն Ազգային ժողովի այգում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 26, 2011 17:23

Այսօր Ազգային ժողովի այգում տեղի ունեցավ «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում իրականացվող «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Տոնավաճառին ներկա էին ԱԺ պատգամավորներ, դեսպաններ, խորհրդարանի աշխատակազմի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Տոնավաճառին իրենց արտադրանքները ներկայացրին  ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից: Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում կուղղեն տարբեր բարեգործական միջոցառումների իրականացմանը:

Նշենք, որ «Տոնավաճառ-փառատոնը» կրթական ծրագիր է, որի միջոցով  աշակերտները  հնարավորություն  են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնելու լայն շրջանի սպառողներին եւ ցուցադրելու այն ձեռներեցական հմտությունները եւ գիտելիքները, որոնք  ձեռք են բերել «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունն  ավագ դպրոցի աշակերտների  համար» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում գործարարության պրակտիկ ուսուցմանը` աշակերտների ջանքերով հիմնելով «մինի ընկերություններ»  եւ իրական բիզնես ընկերության գործունեությանն ընդօրինակելով` ծավալել փոքր մասշտաբով տնտեսական գործունեություն: Աշակերտները ծանոթանում են նաեւ ֆինանսական, վարչական, հաշվապահական փաստաթղթերի կազմմանը եւ   Հայաստանի տնտեսական ոլորտում արդեն ձեւավորված նոր գործարար  մշակույթի` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական սկզբունքներին եւ ռազմավարությանը: Ծրագրի պատասխանատուների համոզմամբ` ծրագրի շնորհիվ աշակերտները վարժվում են թիմային աշխատանքին եւ դառնում առավել ինքնավստահ:

 

 

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply