Հայաստանը և Լիտվան համաձայնագիր կստորագրեն հարկային ոլորտում տեխնիկական համագործակցության վերաբերյալ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 26, 2011 15:32

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 25-28-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պատվիրակությանը` հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասի գլխավորությամբ:

Կառավարության ղեկավարը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան` նշելով, որ այն կնպաստի հարկային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակմանը, ինչպես նաև հնարավորություն կտա քննարկել ոլորտի հրատապ նշանակություն ունեցող խնդիրները և մարտահրավերները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մոդեստաս Կազելիաուսկասը նշել է, որ այցի նպատակը երկու երկրների գերատեսչությունների միջև հարկային ոլորտում երկկողմ տեխնիկական գործակցության հարցերի քննարկումն է: Նա անդրադարձել է Լիտվայի հարկային պետական ծառայության գործունեությանը, մանրամասներ ներկայացրել հարկային ոլորտում բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստանն ու Լիտվան հաջողություններ են արձանագրել հարկային բարեփոխումների մի շարք ուղղություններով և կարևորել փորձի փոխանակումը ռեֆորմների արդյունավետության բարձրացման առումով:
Նշենք, որ վաղը` հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասը կստորագրեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր։

 

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply