Թռչկանի ապագան մազից կախված. բնապահպանները ջրվեժի փրկության ուղիներ են փնտրում, իսկ հէկ-ը կառուցվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | October 26, 2011 15:50

Մինչ բնապահպանները պայքարում են Հայաստանի ամենաբարձր ջրվեժի` Թռչկանի  փրկության համար, Լոռու մարզում` Մեծ Պարնի համայնքի տարածքում գտնվող ջրվեժի տարածքում ինտենսիվ շինարարական աշխատանքներ են ընթանում:

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 22-ին այցելություն էր կազմակերպել դեպի ջրվեժ` տեղում իրավիճակին ծանոթանալու և ցույց տալու, որ պայքարը շարունակելու են` անկախ ամեն ինչից:

Նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն ասում է, որ արդեն իսկ ջրվեժի վերին հատվածում տեղադրվել են առաջին խողովակները, իսկ գետի հունը գրեթե փակված է շինարարական աշխատանքների հետևանքով գետը լցված հողով և քարերով:

«Դա արդեն իսկ շինարարական նորմերի խախտում է, քանի որ հողը պետք է տեղափոխեին այլ վայր, ոչ թե գետը լցնեին»,- ասում է Գալստյանը: Նշվածը, սակայն, շինարարական նորմերի միակ խախտումը չէ, որ բնապահպանները նկատել են տեղում. շինարարության տարածքում չի եղել փակցված նաև որևէ ցուցանակ, որը կիրազեկեր, թե ով է իրականացնում շինարարությունը և ինչ է կառուցվում»:

Թե Նալբանդ, Թե Մեծ Պարնի համայնքների բնակիչները հայտարարել են, որ իրենք դեմ են հէկ-ի շինարարությանը: Նալբանդցիները տեղում իրենց ստորագրություններով ամրագրված դիմում են ուղարկել բնապահպանության նախարարին, որում նշել են. «Հայտնում ենք Ձեզ այն մասին,  որ մենք համագյուղացիներով դեմ ենք Թռչկան ջրվեժի ջուրը օգտագործելու որպես էներգիայի աղբյուր»:

Իսկ Մեծ Պարինում պարզվել է, որ դեռ անցած տարի գյուղի բնակիչները գյուղապետի տեղակալի նախաձեռնությամբ դիմում են հղել ՀՀ վարչապետին և բնապահպանության նախարարին, որում կոչ են արել բնության հուշարձանի տարածքում հէկ-ի շինարարության թույլտվություն չտալ` հաղորդելով, որ իրենք դեմ են հէկի կառուցմանը, իսկ հասարակական լսումներին ընդամենը մեկ տասնայկ մարդ է մասնակցել: Դիմումին մինչ օրս բնակիչները դեռ պատասխան չեն ստացել (մտածում են` գուցե պատասխանը գյուղապետարան է եկել, իրենց տեղյակ չեն պահել):

Մի խումբ բնասերներ այժմ Թռչկանում նստացույց են իրականացնում` նպատակ ունենալով կանխել կամ հետաձգել շինարարական աշխատանքները, մինչև խնդիրն օրինական լուծում կստանա:

Իսկ մինչ այդ, նախաձեռնությունը բնապահպանության նախարարությանը դիմում էր հղել, որում կետ առ կետ մատնանշվել են հէկ-ի կառուցման թույլտվություն տալու գործընթացում տեղ գտած օրինախախտումները և պահանջում են դադարեցնել շինարարությունը: Ի պատասխան, նախարարությունից նախաձեռնության անդամներին ընդամենը հարվիրել են մասնակցելու նախարարությունում անցկացվող խորհրդակցությանը Թռչկանի վերաբերյալ:

Այսօր նախարարությունում կայացած քննարկման ժամանակ, սակայն, պարզ է դարձել, որ բնապահպանության նախարարությունը չի կասեցնելու շինարարությունը` իրենց հիմնավորմամբ իրավական հիմքեր չունեն: Փոխարենը քննարկել են հէկ-ի կառուցման այլընտրանքային տարբերակներ:

«Դեմ ենք թե ներկայիս, թե առաջարկվող շինարարության նախագծին: Մեր կարծիքն է` կամ շինարարություն պետք է դադարեցվի, կամ ծայրահեղ դեպքում հէկ-ը ջրվեժից ներքև ընկած հատվածում կառուցվի»,- նախաձեռնության կարծիքը փոխանցում է Գալստյանը:

Թռչկանի շուրջ բարձրացած աղմուկի ու գուցե նաև Ֆեյսբուքում վարչապետի պատը ջրվեժի փրկության կոչերով գրոհելուց հետո կառավարության հոկտեմբերի 20-ի նիստին վարչապետը հետաքրքրվեց բնապահպանության նախարարից, թե ինչ է այնտեղ կատարվում: Ի պատասխան Արամ Հարությունյանը նշեց. « Քանի որ այցելության պահին ջրվեժը բնականոն գործում էր 400-500 լիտր/վայրկյան արագությամբ, ջրի թողքը սահմանվելու է հենց այդ ցուցանիշը, որը գերազանցելու դեպքում միայն թույլ կտրվի վերցնել ավելացած ջուրը։ Երկրորդ սահմանափակումն այն է, որ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցվելիք ՀԷԿ-ը չաշխատեցնել ամռան երեք ամիսներին»:

(Հարց է առաջանում, թե ինչու պետք է բիզնեսմենը ներդրումներ կատարի, հէկ կառուցի` այն ընդամենը 3 ամսով օգտագործելու պայմանով, այն էլ եթե ջուրը գերազանցի նշված ծավալը: Որն է ընկերության օգուտը):

Նախառեռնության ներկայացուցիչները, սակայն, դեմ են պաշտոնական առաջարկին, քանի որ այդ պարագայում ջրվեժի փրկությունը, պահպանությունն իրատեսական չէ: «Նախարարության տրամաբանությամբ, եթե ջրվեժից մեկ կմ վերև են աշխատանքներ իրականացնում, ուրեմն դա որևէ կերպի չի ազդում ջրվեժի վրա: Բայց   ջրվեժի հիմնական կոմպոնենտը ջուրն է: Երևի նախարարությունը ջրվեժի վրա ազդել ասելով հասկանում է, որ գնան ու տեղում էքսկավատորներով ջրվեժը քանդեն: Իրենք միայն դա են հասկանում որպես ազդեցություն ջրվեժի վրա, մինչդեռ եթե վերցնում ես ջուր, ուրեմն ազդում ես ջրվեժի վրա»,- ասում է Գալստյանը:

Գալստյանը նշում է, որ իրենց նպատակը ջրվեժի պահպանությունն է, ոչ թե որ մարդիկ իմանային դրա մասին կամ գնային տեսնեին. «Հուշարձանը ուզում ենք տեսնել այնպիսին, ինչպիսին բնությունն է ստեղծել,  ոչ թե ինչ-որ լիտրեր»:

Նախաձեռնության անդամները համոզված են, որ թե ՀՀ-ն, թե տեղի բնակչությունը առավել մեծ օգուտ կստանան, եթե ջրվեժը դառնա էկոտուրիզմի գոտի: Էկոտուրիզմի կենտրոն դարձնելու դեպքում ակնհայտ է, որ ավելի շատ աշխատատեղեր կբացվեն, քան հէկ-ի շահագործման դեպքում:

Բնասերները վստահեցնում են որ կպայքարեն մինչև վերջ, իսկ պայքարի բազմաթիվ ուղիներ կան` դատական ատյան, միջազգային կառույցներ և այլն:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Շինարարական տեխնիկան Թռչկանում է, իսկ նախարարությունն անտարբեր է

Թռչկանի հարցում սայլը տեղից չի շարժվում

Թռչկանին մահվան են դատապարտել անձնագիր չունենալու պատճառաբանությամբ

«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության դիմումը ՀՀ բնապահպանության նախարարությանը

 

 

Դիտվել է 1541 անգամ:
Print Friendly

Leave a Reply