Ինչո՞ւ Արմեն Այվազանն այդպես էլ չի ներկայանում իր նախաձեռնած դատական նիստերին

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 26, 2011 11:53

Հոկտեմբերի 21–ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հայցվոր Արմեն Այվազյանի` ընդդեմ Պատասխանող Հ. Դեմոյան հերթական դատական նիստը, որն արդեն անցել է դատաքննության փուլ:

Նիստի ընթացքում դատավոր Ա. Սուքոյանը կողմերին առաջարկեց հաշտվել, սակայն Հայցվոր կողմը մերժեց այդ առաջարկը: Նույնն արեց նաև Պատասխանող կողմը:

Այնուհետև Ա. Սուքոյանը ներկայացնելով գործի հետ առնչվող փաստաթղթերը, ընթերցեց “Երքաղլույս”-ի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գրավորի հարցումին ի պատասխան ներկայացրած պատասխան գրությունը, որտեղ նշվում էր, որ սեպտեմբերի 6-ին Ծիծեռնակաբերդի գիշերային լուսավորությունը միացվել է սովորական ժամին և որևէ արտակարգ անջատումներ կամ վթարներ չեն գրանցվել:

Պատասխանողի փաստաբան Լիանա Գրիգորյանը նշեց, որ Հայցվորն իր ներկայացրած դիմումի մեջ հասկանալի պատճառներով գործին առնչվող փաստերը ներկայացրել է սեփական հայեցողությամբ, զանց առնելով տեղի ունեցած միջադեպի պատճառահետևանքային կապերը, ինչպես նաև միտումնավոր խեղաթյուրելով գործին առնչություն ունեցող կարևոր փաստերն ու դրվագները:

Մասնավորապես, շեշտվեց, որ Հայցվոր Ա. Այվազյանն իր հայցադիմումի մեջ վերահաստատում է թուրքական մամուլի ապատեղեկատվությունն առ այն, որ 2008թ. սեպտեմբերի 6-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ անջատվել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի գիշերային լուսավորությունը: Հիշեցնենք, որ Հայցվորն այդ առիթով հոդված էր հրապարակել “Երկիր” շաբաթաթերթում, իսկ բանավոր կերպով թուրքական այդ ապատեղեկությունը հաստատել էր “Երկիր Մեդիա” հեռուստաընկերության ուղիղ եթերով` 2008թ. սեպտեմբերի 28-ին, որի ընթացքում զրպարտել ու վիրավորել էր Հայկ Դեմոյանին:

Պատասխանող կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայցվորի կողմից ներկայացված գրության մեջ հերքվում է Ա. Այվազյանի կողմից լույսերի անջատման մասին հոդված տպագրելու փաստը, որն, ըստ պատասխանող կողմի, խոսուն վկայություն է դատարանին ապակողմնորոշելու առումով:

Այնուհետև Պատասխանող կողմը նշեց, որ Հայցվորն իր գործողություններով վարկաբեկել է Հայաստանի Հանրապետությունը, Ծիծեռնակաբերդը և Պատասխանողի անձը, լրջորեն խաթարելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքը, ինչպես նաև ապակողմնորոշել բազմաթիվ ՀՀ քաղաքացիների ու սփյուռքահայերի:

Նիստի ընթացքում Հ. Դեմոյանը նշեց, որ իր կողմից Ա. Այվազյանի դեմ արված արտահայտությունները եղել լոկ ի պատասխան Հայցվորի գործողությունների ու իր դեմ հնչեցված վիրավորական ու վարկաբեկիչ արտահայտությունների և որ առանց հիմքի կամ պատճառի Հայցվորին վիրավորելու որևէ նպատակ ու ցանկություն նա չի ունեցել:

Նիստի ընթացքում Հ. Դեմոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայցվոր Ա. Այվազյանը չի ներկայացել և ոչ մի դատական նիստի, այնինչ նա կոնկրետ հարցեր ունի նրան ուղղված, որոնց պատասխանները չի կարող ակնկալել Հայցվորի ներկայացուցչից:

Պատասխանող կողմը նշեց նաև, որ ակնկալում է, որ գոնե դատարանի դահլիճում Հայցվորն ազնվություն և խոհեմություն կցուցաբերի և ներողություն կխնդրի բազմաթիվ ՀՀ քաղաքացիներից ու սփյուռքահայերից` իր կողմից միտումնավոր տարածված ապատեղեկության համար, ներողություն խնդրի նաև ՀՑԹԻ աշխատակիցներից և Հ. Դեմոյանից նրա արժանապատվությունն ու գործարար համբավը վերջին մի քանի տարիների ընթացքում մամուլով ու հեռուստատեսությամբ հրապարակային վիրավորելու ու զրպարտելու համար:

Հաջորդ դատական նիստը, որի ընթացքում կշարունակվի դատաքննությանը, կներկայացվեն գործի հետ առնչվող տեսագրությունները: Մասնավորապես ներկայացվելու է Հայցվորի կողմից դատարանին ներկայացված տեսանյութը ս. թ. մարտի 30-ին ԱՄՆ-ում հեռարձակված «Վերադարձ» հեռուստահաղորդման տեսագրությամբ: Ներկայացվելու են նաև Պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութերը, որտեղ Հայցվոր Ա. Այվազյանը նշում է, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ Ծիծեռնակաբերդի  գիշերային լուսավորությունը անջատված է եղել` բացահայտ հղում տալով թուրքական մամուլի հրապարակումներին:

Դատական հաջորդ նիստը և դատաքննության շարունակությունը տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 3-ին:

 

Լուսինե Մաթևոսյան

 

Դիտվել է 3400 անգամ:
Print Friendly

Leave a Reply