Հայաստանն աշխարհում կայքահենության ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրների շարքում է

Օրվա լուր | | September 10, 2009 13:56

dscn2123Ըստ Մտավոր սեփականության համաշխարհային ալիանսի 2008թ. տարեկան հաշվետվության` կայքահենությամբ Հայաստանը գտնվում է աշխարհում ամենաբարձր ցուցանիշներ ունեցող ցուցակում և կազմում է 92 տոկոս:
BSA (Business software alliance) միջազգային կազմակերպությունը, որը Հայաստանում զբաղվում է ՏՏ ոլորտի վերահսկմամբ, օգոստոսի 12-24-ը  Երևանում համակարգիչներ վաճառող 20 ընկերություններում իրականացրել է մոնիտորինգ` պարզելու` արդյոք այդ խանութները սպառողներին առաջարկում են արտոնագրված ծրագրեր:
«BSA»-ի իրավական գծով խորհրդատու Նարինե Մկրտչյանն ասում է, որ մոնիտորինգն ուղղված է սպառողին իր իրավունքների մասին իրազեկմանը, «որպեսզի նա համակարգիչ գնելիս իմանա օրինական ծրագրերի առավելությունների մասին»:
Մկրտչյանն ասում է, որ ցանկացած գնորդ, գործող օրենսդրության համաձայն, իրավունք ունի վաճառողից պահանջել վաճառվող ապրանքի մասին տեղեկատվություն:
Մոնիտորինգ իրականացրած խանութներից միայն 4-ում են խանութները գնորդին առաջարկել արտոնագրված ծրագրեր, մյուսներում նույնիսկ իրականացրել են օրինական ծրագրերի հակագովազդ: «Ընդ որում, այցելություններից առաջ բոլոր խանութներն էլ տեղեկացված են եղել, որ իրենց մոտ մենք այցելելու ենք,- ասում է Մկրտչյանը,- Եվ յուրաքանչյուր խանութ կատարվել է 5-ական այցելություն` որպես գնորդ»:
«Ցանկացած մարդ ծրագիրը գնելուց առաջ պիտի պարզի` պետք է արդյոք իրեն, օրինակ, «Office»-ի ամբողջ փաթեթը, որի օրինական ծրագիրն արժե մոտ 85 000 դրամ,- ասաց Մկրտչյանը,- կարելի է գնել միայն «Word»-ն ու Excel-ը, որն արժե մոտ 10 000-12 000 դրամ»:
Այսօր համակարգչից  ցանկացած օգտվող գիտի, որ նույն « Microsoft»,« Adobe»,« Symantec» և այլ ցանկացած հայտնի ֆիրմայի ծրագիր կարելի է 1000-1500 դրամով գնել համակարգիչ վաճառող խանութներից կամ էլ անվճար ներբեռնել ինտերնետից:
«Մտավոր սեփականության իրավունքը Հայաստանում քրեորեն հետապնդվող երևույթ է համարվում` Քրեական օրենսգրքի 158 հոդվածով,- ասաց Մկրտչյանը,- Եվ այստեղ խոսքը հիմնականում վերաբերում է ոչ թե անհատ մարդկանց, որ իրենց տներում են օգտագործում չարտոնագրված ծրագրերը, այլ տնտեսվարող սուբյեկտներին»:

Այս տարվա օգոստոսին վարչապետի հրահանգով ստեղծվել է Մտավոր սեփականության ոլորտին վերաբերող միջգերատեսչական հանձնաժողով, որի առաքելությունը լինելու է այս ոլորտի բարելավումը:

Դիտվել է 1751 անգամ:
Print Friendly

Leave a Reply