Ադրբեջանի իսլամիստների առաջնորդին դատապարտել են երկարաժամկետ ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | October 25, 2011 19:19

Հանրակրթական դպրոցներում մահմեդական գլխաշոր`հիջաբ կրելու արգելքը չեղյալ հայտարարելու համար պայքարը շարունակվում է:

 

Երբ ադրբեջանական դատարաններից մեկում հայտնի իսլամիստական ակտիվիստներից մեկն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, նրա կողմնակիցները հայտարարեցին, թե վերջինիս կեղծ մեղադրանքներ են ներկայացվել եւ խոստացան շարունակել դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի դեմ նրա նախաձեռնած պայքարը:

Ադրբեջանի Իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովի, նրա կուսակցության մի քանի այլ անդամների եւ երկու հարազատների գործով դատավճիռը կայացվել է հոկտեմբերի 7-ին:

Այդ ժամանակ դատարանի շենքի առջեւ Սամեդովի շուրջ 100 կողմնակիցներ էին բողոքում, եւ միայն ոստիկանության միջամտությունը ստիպեց նրանց հեռանալ:

Սամեդովը մեղադրվում էր ահաբեկչական գործողություններ ծրագրելու, ապօրինի զենք պահելու եւ իր կողմնակիցներին հեղաշրջում իրականացնելու դրդելու մեջ (Տե´ս «Իսլամիստներին հալածում են Ադրբեջանում» հոդվածը):

Սամեդովի կնոջ`Թամարայի խոսքերով, պատահական չէ, որ ամուսնուն ձերբակալեցին հենց այն ժամանակ, երբ վերջինս պայքար սկսեց կրթության նախարար Միսիր Մարդանովի`դպրոցում գլխաշոր կրելն արգելելը չեղյալ հայտարարելու համար:

«Երբ Միսիրը որոշեց արգելել աղջիկներին դպրոցում հիջաբ կրել, ամուսինս այդ որոշման դեմ արտահայտվեց`ասելով, որ նա այդպես անել չի կարող, որ մենք մահմեդական ենք եւ հնարավոր չէ ստիպել մեզ հրաժարվել հիջաբից: Երկու օր անց, ամուսնուս ձերբակալեցին», – ասում է նա:

Մահմեդական գերակշիռ բնակչությամբ հարավկովկասյան պետության իշխանությունները դեռեւս 2007 թվականից փորձում են արգելել գլխաշորով մուտք գործել հանրակրթական դպրոցներ եւ բուհեր`նույն թվականին ներկայացնելով այս հարցի վերաբերյալ մշակված օրենսդրական նախագիծը: Խիստ դիմադրության հանդիպելով բարեպաշտ մահմեդականների կողմից`իշխանությունները սառեցրին նախագիծը մինչեւ 2010 թվականը, երբ Բաքվում եւ Ադրբեջանի հարավում գործող դպրոցներում սկսեցին գլխաշոր կրելն արգելել ոչ պաշտոնական մակարդակով:

Կրթության նախարար Մարդանովն անցյալ տարվա դեկտեմբերին ի վերջո ստորագրեց գլխաշորերն արգելող պաշտոնական հրամանագիրը`նշելով, որ այս որոշումը չի հակասում Իսլամի սկզբունքներին եւ պարզապես կոչված է ամրապնդելու դպրոցական համազգեստի կանոնները:

Իշխանական օղակներում շատերն են կիսում այս կարծիքը:

«Յուրաքանչյուր կին իրավունք ունի հիջաբ կրել, սակայն կրթական կառույցները ենթարկվում են դպրոցական համազգեստի վերաբերյալ օրենքին, եւ արգելքը պետք է ամենայն խստությամբ կիրառվի», – նշում է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան:

Սամեդովի բանտարկության կապակցությամբ դատարանի շենքի առջեւ բողոքող կանայք ասում էին, որ խտրականության են ենթարկվում գլխաշոր կրելու համար:

27-ամյա Իլհամա Օրուջովան սկսեց գլխաշոր կրել ամուսնանալուց հետո: Չնայած Օրուջովան մեծ հարգանք էր վայելում գործընկերների շրջապատում, ընկերության ղեկավարը, որտեղ նա աշխատում էր, իրեն ստիպել էր ընտրել գլխաշորի եւ աշխատանքի միջեւ, քանի որ հաճախորդներին կարող էր դուր չգալ նրա արտաքին տեսքը:

Օրուջովան փորձեց այլ աշխատանք գտնել, սակայն դժվարությունների բախվեց. «Ինձ շատ խելացի կերպով էին մերժում: Շատ հազվադեպ էին ասում, թե ինչու ինձ աշխատանքի չէին ընդունում»:

Այժմ Օրուջովան իրանական խանութում է աշխատում, որտեղ թույլատրված է իսլամական ավանդական հագուստ կրել:

«Չեմ հասկանում`ինչու է հասարակությունն այսպիսի թշնամանքով մեզ վերաբերվում: Հիջաբ կրող կանայք հետամնաց ու անկիրթ չեն: Չէ՞ որ ես շարունակում եմ հանդիպել ընկերներիս հետ, ցուցահանդեսներ գնալ, գրքեր կարդալ ու ֆիլմեր դիտել», – ասում է նա:

Իրավաբան Ռասուլ Ջաֆարովի խոսքերով`գլխաշոր կրելու համար կնոջն աշխատանքից ազատելն ապօրինի է համարվում, քանի որ սա բնորոշվում է որպես կրոնական խտրականություն:

«Այնուամենայնիվ, ես գիտեմ դեպքեր, երբ կնոջը մերժել են աշխատանքի ընդունել կամ ազատել են աշխատանքից կամ ստիպել են հրաժարական տալ հիջաբ կրելու համար», – ասում է նա:

Ադրբեջանի խղճի եւ կրոնի ազատության պաշտպանության կենտրոնի նախագահ Հաջի Իլգար Իբրահիմօղլուն նշում է, որ հիջաբ կրելու հետ կապված դեպքերը բարդ են, քանի որ դժվար է ապացուցել որեւէ մեկի`աշխատանք չստանալու հստակ պատճառը:

Իբրահիմօղլուի խոսքերով`հիջաբ կրող կանանց հաճախ պատասխանում են, որ նրանք չեն համապատասխանում առաջարկվող թափուր պաշտոնին, եւ վերջիններս պարզապես համակերպվում են այս որոշման հետ:

«Դժբախտաբար, կանայք հազվադեպ են մեզ դիմում աշխատանքի վայրում խտրականության ենթարկվելու հարցով օգնություն ստանալու համար: Հավանաբար, նրանք չեն հավատում, որ այս խնդիրները լուծում կստանան կամ որ [նշված] պատճառաբանություններն ապօրինի են», – ասում է նա:

Իբրահիմօղլուն նշում է, որ բոլոր դեպքերում, երբ կանայք դիմել են նրա կազմակերպությանն օգնությանը, ապա դատարանում որոշումն իրենց օգտին է կայացվել:

«Այսպես, մի մեծ կազմակերպությունում միջին մակարդակի ղեկավարներից մեկն աշխատանքից հեռացրել էր հիջաբ կրող աշխատակցուհիներից մեկին: Մենք պաշտպանեցինք նրա իրավունքները եւ հասանք նրան, որ կնոջն աշխատանքից հեռացրած ղեկավարին ուղարկեցին 2-3 շաբաթ տեւողությամբ հանդուրժողականության դասընթացների», – նշում է նա:

Սամեդովի հետ դատապարտված մյուս ակտիվիստները`իսլամական կուսակցության անդամներ հանդիսացող Վագիֆ Աբդուլլաեւը ու Ռուֆուլլա Ախունդզադեն դատապարտվեցին համապատասխանաբար 11 եւ 11,5 տարվա ազատազրկման: Սամեդովի բարեկամները`Ֆիրդովսի Մամեդրզաեւը եւ Դայանեթ Սամեդովը դատապարտվեցին յուրաքանչյուրը 10 տարվա ազատազրկման:

Սամեդովի կինը պնդում է, որ ամուսնուն ներկայացված մեղադրանքները կեղծ ու անիմաստ են, քանի որ զինամթերքը, որը պահելու մեջ էր մեղադրվում Սամեդովը, գտնվել էր նրանց հարեւանի տանը:

«Եթե զենքը մերն էր, ինչո՞ւ պետք է այն թաքցնեինք հարեւանի տանը», – տարակուսում է կինը:

Ադրբեջանաբնակ մահմեդականներից շատերը պնդում են, որ կշարունակեն պայքարել, որպեսզի դպրոցներում հիջաբ կրելու արգելքը չեղյալ հայտարարվի:

«Եթե Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, ապա պետությունը պարտավոր է հարգել դավանանքի ազատությունը, ինչպես նախատեսված է մեր սահմանադրության մեջ», – ասում է Բաքվի մոտ տեղակայված Նարդարան մզկիթի իմամ Հաջի Նուհբալան:

Ադրբեջանում Նարդարանը շիաների գլխավոր սրբավայրն է, որտեղ ամփոփված են Մուհամմեդ մարգարեի թոռնուհու մասունքները:

«Քանի որ մեր երկրում հավատացյալները չեն փորձում աթեիստներին իրենց դավանանքը պարտադրել, ապա այդ դեպքում չպետք է փորձել հավատացյալներին աթեիստ դարձնել», – ասում է Նուհբալան:

 

Վաֆա Զեյնալովա, Մահարրամ Զեյնալով, Կովկաս

Կովկասյան լրատու # 613

 

 

 

 

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply