Պատգամավորները պահանջում են կասեցնել ՀԷԿ-ի կառուցումը Թռչկանի ջրվեժի մոտ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 25, 2011 19:20

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանն ու Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն անդրադարձան Թռչկանի ջրվեժի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ըստ Լիլիթ Գալստյանի, ջրվեժի վրա ՀԷԿ-ի կառուցման ապօրինի թույլտվությունը խախտում է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, որի 19-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ Հայաստանում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում հուշարձանի պահպանությանը սպառնացող որևէ գործունեության իրականացումն արգելվում է. «Այս անգամ ևս բախվում ենք մի իրականության հետ, երբ կառավարությունն ու իշխանությունը հայտարարում են մեկ բան, իրականացնում բոլորովին այլ բան, որովհետև նրանց կենսափիլիսոփայությունը սեփական գրպանից այն կողմ չի անցնում»,-ասաց պատգամավորը։

Նա չի բացառում, որ այդ ամենի հետևանքով կկրկնվի Շաքիի ջրվեժի ճակատագիրը։

Լիլիթ Գակստյանը զարմացած է այն կույր համառությունից, որ կառավարությունը դրսևորում է հասարակության ընդվզման դեմ՝ քաղաքակիրթ ճանապարհը որդեգրելու փոխարեն մարդկանց դրդելով  փողոցներում, միտինգներում, ինչպես նաև եվրադատարաններում պաշտպանել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նույնպես համոզված է, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում բնության այդ հրաշքը կարժանանա Շաքիի ջրվեժի ճակատագրին, որը դիտելու համար այցելուները 10 հազար դրամ են վճարում ՀԷԿ-ի տիրոջը:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Բնապահպանության նախարարության  աշխատակիցը խոստովանել է, որ 2004թ. փորձագիտական եզրակացություն տալիս իրենք տեղյակ չեն եղել տարածքում ջրվեժի առկայության մասին: Բնության պահպանվող հուշարձանների ցանկում Թռչկանը ներառվել է ավելի ուշ` 2007-ին, սակայն այդ ժամանակ արդեն տրվել էր ՀԷԿ-ի կառուցման թույլտվությունը. «Սա վկայում է այն մասին, որ բնապահպանական փորձաքննության եզրակացությունը, մեղմ ասած, լիարժեք չէ, և նոր փորձաքննության կարիք կա, հետևաբար դրա հիման վրա տրված թույլտվությունները չեն կարող օրինական ճանաչվել»,-հայտարարեց պատգամավորը` հավելելով, որ «Ժառանգությունը» զորակցելու է Թռչկանի պաշտպանությանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Ըստ նրա, Թռչկանի տարածքում կառուցապատման թույլտվություններ տալով, կառավարությունը խախտել է միջազգային 6 կոնվենցիա և  ներպետական 5 օրենք:

Նշենք, որ վաղը «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության անդամները սկսելու են անժամկետ նստացույց` ի պաշտպանություն Թռչկանի ջրվեժի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են բնապահպաններ Մարիամ Սուխուդյանը, Էդգար Հարությունյանը, Եղիա Ներսիսյանը և իրավաբան Մերի Խաչատրյանը:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply