Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն պաշտոնական այցով գտնվում է Երևանում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 25, 2011 19:10

Հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն վաղ առավոտյան իր հարգանքի տուրքն է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին` ծաղկեպսակ դնելով Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին:

Շրջելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծանոթանալով փաստա-վավերագրական նյութերին, Փարիզի քաղաքապետը թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում գրել է. «Խորը ակնածանքով հարգանքի տուրք եմ մատուցում ցեղասպանության զոհերի հիշատակին և կոչ եմ անում դատապարտել ցեղասպանության ժխտողականությունը»:

Բերտրան Դելանոեն արծաթափայլ եղևնի  է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

«Երբ դեռևս սենատոր էի, պարտավորություն ստանձնեցի, որպեսզի Ֆրանսիայում օրենքով ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Այսօր պարտավորություն եմ ստանձնել, որպեսզի Ֆրանսիան ընդունի մի օրենք, որը պատժի հայերի ցեղասպանության ժխտողական ցանկացած դրսևորում: Արդեն 10 տարի է, ինչ Փարիզի քաղաքապետն եմ ու այդ ողջ ընթացքում, յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին խորհրդանշական մի միջոցառում ենք կազմակերպում, որով Փարիզն իր հարգանքի տուրքն է մատուցում ցեղասպանության զոհերին, հայ ժողովրդին:»,- նշել է Բերտրան Դելանոեն:

Այդուհետ Փարիզի քաղաքապետը մասնակցել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպության միջոցներով կահավորված Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի լինգոֆոնային դասարանի հանդիսավոր բացմանը:

Դասասենյակում տեղադրված է 20 սարքավորում: Ուսուցիչների և աշակերտների գնահատմամբ, նման դասասենյակի առկայությունը կնպաստի օտար լեզվի արդյունավետ ու հիմնավոր յուրացմանը:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային կազմակերպությունը Երևանի՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ երկլեզվյա դպրոցներին աջակցելու նպատակով համագործակցում են 2010 թ.  մարտից: Ծրագիրը ներառել է նաև Երևանի թիվ 48 դպրոցը, որտեղ ևս գործում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջոցներով կառուցված լինգոֆոնային դասարան:

Այնուհետև Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն զբոսնել է Երևանում, մասնավորապես ծանոթացել Հյուսիսային պողոտայի քաղաքաշինական լուծումներին: «Երևանի քաղաքաշինական մոտեցումները լուրջ մշակութային ժառանգության մասին են խոսում և այստեղ էլ, ինչպես աշխարհի բոլոր քաղաքներում, հինը համադրվում է նորի հետ: Երևանի քաղաքաշինական լուծումների մեջ, իմ կարծիքով, բավականին շոշափելի է տրամաբանված մոտեցումների արդյունքը: Ընդհանրապես, քաղաքների բոլոր թաղամասերն` իրենց մտահղացման մեջ, պետք է լինեն խառը, և այդ առումով Երևանը ինձ շատ հետաքրքիր է թվում: Հուսով եմ Երևանի քաղաքապետի հետ կպայմանավորվենք փորձի փոխանակման փոխայցերի կազմակերպման շուրջ, ինչը երկուստեք կհարստացնի քաղաքաշինական մեր մոտեցումներն ու լուծումները: Կարծում եմ՝ յուրաքանչյուր քաղաք իր անձնական ինքնությունը պահպանելով պետք է կառուցի իր ապագան, ինչն, ըստ էության, ես այսօր արձանագրում եմ ձեր հինավուրձ, միևնույն ժամանակ ժամանակակից քաղաքում: Երևանում առկա է ազգային ինքնատիպության հիմքը:»,- իր տպավորություններով կիսվել է Փարիզի քաղաքապետը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply