Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Մոսկվայի քաղաքապետարան

Պաշտոնական, Օրվա լուր | | October 25, 2011 19:08

Շարունակվում է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնությունում: Հանրապետության ղեկավարն այսօր ՌԴ  Դաշնային խորհրդի և Պետդումայի նախագահների հետ հանդիպումներից հետո, այցելել է Մոսկվայի քաղաքապետարան:

Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի  հետ հանդիպմանը Նախագահը նշել է, թե շատ ուրախ է  Երևանի և Մոսկվայի միջև տարեցտարի ամրապնդվող հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար:

Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ քաղաքապետարանում մշակվում է առաջիկա տարիների համար Երևանի հետ համագործակցության նոր ծրագիր և հույս է հայտնել, որ այն կներառի  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոսկվայի քաղաքապետը կարևորել են Մոսկվայի հայ համայնքի դերը` ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Քաղաքապետ Սոբյանինը նշել է, որ Մոսկվայում մեծ թվով հայեր են ապրում և նրանց մեջ կան գործարարության ու այլ բնագավառներում զգալի հաջողությունների հասած անձինք: Հանդիպմանը քննարկվել են կրթության, մշակույթի, զբոսաշրջության, առևտրատնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող  հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում կունենա նաև ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երեկոյան ավարտելով պետական այցը Ռուսաստանի Դաշնություն`Հանրապետության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:

 

 

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply